Է՜, թող կտրեր, մկրատը դրված էր. Սուրիկ Խաչատրյան. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սոուրիկ Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում պնդում էր, թե Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիք «ընտիր է անցել»։ Տեղեկացրել էինք, որ Սարգսյանը Գորիսում պետք է մասնակցեր վերակառուցված Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակի բացմանը եւ կտրեր կարմիր ժապավենը, բայց նա եկել է հրապարակ, կարճ զրուցել քաղաքացիների հետ եւ արագ հեռացել՝ այնտեղ թողնելով զարմացած մարդկանց։ Սյունիքի մարզպետը, սակայն, պնդում էր, թե հրապարակի բացում նախատեսված չի եղել։
– Պարոն Խաչատրյան, Գորիսում Սերժ Սարգսյանը պետք է մասնակցեր հրապարակի բացմանը եւ կտրեր կարմիր ժապավենը, բայց նա անակնկալ կերպով շատ արագ նստել է մեքենան ու հեռացել:
– Արարողակարգում դա չկար, բայց նախագահը կանգնեց եւ հանդիպեց ժողովրդի հետ։ Հիմա թող ժապավեն կապողը մտածի՝ խի է կապել, ինչի համար է կապել, երբ որ մի բան արարողակարգում չկա։ Հիմա ժապավեն էր կապված, թե պարան էր կապված, չգիտեմ ինչ էր կապված, խի՞ եք ուզում կապեք նախագահի այցի հետ։
Նախագահի արարողակարգում այդպիսի բան չկար, տեսել է, որ ժողովուրդը հավաքված են, ինքը կանգնեց, իջավ, ժողովրդին ողջունեց, շփվեց եւ շարունակեց ճանապարհը, ինչի՞ մասին է խոսքը։
– Պարզապես ժապավենի կողքին էին մկրատներ էին դրված, դա հուշում էր, որ պիտի կտրվի այդ ժապավենը։
– Է թող կտրողը կտրեր, մկրատը դրած էր, թող կտրեր, դա ի՞նչ կապ ուներ նախագահի այցի հետ։ Ոչ մի կապ չուներ։
– Դուք այնտեղ էիք գորիսեցիների հետ խոսակցության ժամանակ, ի՞նչ խնդիր է եղել որ Սարգսյանն արագ հեռացել է:
– Ընդհանրապես խնդիր չի եղել, շատ ջերմ մթնոլորտ էր, շատ նորմալ հարաբերության էր ժողովրդի եւ նախագահի միջեւ, չէր կարող որեւէ խնդիր լիներ, որովհետեւ գիտեք, Սյունիքում, մասնավորապես Գորիսում, բոլորը նախագահին հարգում, սիրում են։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: