Եվրասիական սրտի եվրոպական մխիթարանք

Կարո՞ղ եք ասել` ինչ է ԽՀԱԱԳ-ը (անգլերեն հապավումը` DCFTA)։ Եթե կլինեն տնտեսական ոլորտի մասնագետ չհանդիսացող մարդիկ, ովքեր կկարողանան ճշգրիտ բացել այս հապավումը, ուրեմն նրանք փայլուն հիշողություն ունեն։
ԽՀԱԱԳ-ը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն էր (Deep and Comprehensive Free Trade Area), որը ժամանակին պատրաստվում էինք ստորագրել Եվրամիության հետ։ Այս համաձայնագրի հետ հույսեր էինք կապում, տնտեսական և այլ բնույթի ակնկալիքներ ունեինք։ Դա ոչ վաղ անցյալում էր` 2013 թվականի կեսերին։
Հետո եկավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական Միությանը` անակնկալի բերելով թե՛ եվրոպացիներին, թե՛ եվրոպայի հետ ինտեգրվել պատրաստվող մեր հայրենակիցներին։

Շատ ժամանակ չի անցել, ընդամենը 2 տարի։ Բայց այս 2 տարվա մեջ հասցրեցինք մոռանալ թե՛ Եվրամիությանը, թե՛ Ասոցացման համաձայնագիրն ու տնտեսական բաղադրիչը։

Մենք մոռացանք ու համակերպվեցինք, որ մեր ապագան ԵՏՄ-ում է` Ռուսաստանի «քավորությամբ»։ Սակայն պարզվում է` մեր իշխանությունները չեն մոռացել։ Նրանք դեռ Եվրոպայից վերջնականապես չկտրվելու հույսեր ունեն և ցանկանում են որևէ թուղթ ստորագրել ԵՄ-ի հետ։ Հայաստանը 2013-ից ի վեր ձգտում էր որևէ կերպ ֆորմալացնել հարաբերությունները Եվրոպայի հետ` որևէ փաստաթուղթ ստորագրել, որն «անշառ» կլինի, չի հակասի ԵՏՄ-ին մեր անդամակցությանն ու խանդի առիթ չի տա։

Եվ ահա, նախօրեին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին և Եվրամիության բարձր ներկայացուցչին լիազորեց Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր, համապարփակ և իրավական ուժ ունեցող համաձայնագրի շուրջ և համապատասխան բանակցային մանդատ տրամադրեց։ Նոր փաստաթղթի մասին համապատասխան հայտարարությունը ստորագրվել էր դեռ մայիսին` Ռիգայում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ։

Եվրոպացիներն ու մերոնք (կոնկրետ` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը) արդեն իսկ գոհունակություն են հայտնել այս քայլի կապակցությամբ։ Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, բանակցությունները կմեկնարկեն մինչև այս տարվա վերջ և երկար չեն տևի։

Սակայն մինչ օրս ամեն կերպ լղոզվում է այն հարցը, թե կոնկրետ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու, և ի՞նչ է տալու մեզ այդ փաստաթուղթը։
Որովհետև այն, ըստ էության, ոչինչ էլ չի տալու։ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում, ըստ էության, խոստովանել էր, որ նոր փաստաթղթով խորը տնտեսական համագործակցություն ԵՄ-ի հետ հնարավոր չէ։ Նա ասել էր, որ նոր փաստաթղթում կներառվեն այն ոլորտները, որոնք չեն հակասի ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին ԵՏՄ-ի շրջանակներում։ Իսկ նման ոլորտները շատ քիչ են, այսինքն` մեր ձեռքերը կապված են։

Ու ստացվում է` տնտեսական բաղադրիչը նոր համաձայնագրում ընդամենը ձևական բնույթ ունի։ Հետևաբար` կարելի է ենթադրել, որ համաձայնագիրը կրելու է զուտ քաղաքական բնույթ։ Այս ենթադրությունն էլ, կրկին ՀԺ-ի հետ զրույցում, հաստատել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը. «Այո, քաղաքական, և բոլոր այն խնդիրները, որոնք Հայաստանի համար առաջնահերթություններ են, մենք ակնկալում ենք ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում տեսնել Հայաստանում»։

Իսկ կոնկրետ ի՞նչ խնդիրներ ենք ուզում լուծել ԵՄ-ի օգնությամբ։ Ա. Զաքարյանն այդ փակագծերն էլ է բացել` ժողովրդավարական գործընթացների խթանում, արդարադատության համակարգին վերաբերող խնդիրներ, մարդու իրավունքների և ազատությունների, հակակոռուպցիոն պայքարի շրջանակներ, և այլն։
Իսկ գիտե՞ք, ինչի մասին է խոսում այս ամենը։ Այն մասին, որ նոր համաձայնագրի քաղաքական բաղադրիչն ավելի՛ ձևական բնույթ ունի, քան տնտեսականը։ Եթե որևէ մեկն ասի, որ անդամակցելով ԵՏՄ-ին ու եվրասիական տարածքին` մենք կարողանալու ենք Հայաստանում ժողովրդավարություն զարգացնել, ուրեմն նա կա՛մ միտումնավոր կերպով ստում է, կա՛մ մոլորության մեջ է։ Հայաստանը, լինելով ԵՏՄ կազմում, երբեք չի կարող ժողովրդավարության հարցում զգալիորեն գերազանցել ԵՏՄ մյուս անդամներին։ Թույլ չեն տա։ Որովհետև ժողովրդավարական Հայաստանը պակաս կառավարելի կլինի։
Երբ ասվում է, որ նոր համաձայնագիրը միայն քաղաքական բնույթ է կրելու, դա արդեն իսկ ծիծաղելի է։ Որովհետև որքան էլ ասեն, թե

ԵՏՄ-ն տնտեսական կառույց է, այն իրականում քաղաքական է։ Ու ԵՏՄ-ին անդամակցեցինք հենց քաղաքական դրդապատճառներով։ Այսինքն` շատ ավելի կարևոր է, որ քաղաքակա՛ն հարցերում ԵՏՄ-ի հետ հակասություններ չլինեն։
Ընդամենը մի բան հիշեցնենք։ 2013 թվականի օգոստոսի վերջին, երբ դեռ հայտնի չէր, որ անդամակցում ենք ԵՏՄ-ին, հրապարակվեց մի զեկույց այն մասին, թե տնտեսապես ի՞նչ կշահի Հայաստանը` ստորագրելով Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը։ Այս հարցին պատասխանելու համար Եվրահանձնաժողովը հետազոտություն էր պատվիրել նիդեռլանդական հեղինակավոր Ecorys կազմակերպությանը։ Այն գնահատել է ԽՀԱԱԳ ազդեցությունը և 209 էջանոց փաստաթղթով ներկայացրել իր եզրակացությունները։

Այնտեղ վարդագույն հեռանկարներ չէին հրամցված` բավականին իրատեսական գնահատականներ էին։ Սակայն, ամեն դեպքում, վատ էլ չէր լինելու։ Օրինակ` նշվում էր, որ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ ազգային եկամուտը կավելանա 74 միլիոն եվրոյով, իսկ Հայաստանինը` կրկնակի շատ` 146 միլիոն եվրոյով։ Պարզապես, հաշվի առնելով տնտեսությունների չափերի տարբերությունը` տոկոսային առումով դրական էֆեկտը ԵՄ-ի համար չափազանց փոքր ցուցանիշ կկազմեր, իսկ Հայաստանի համար դա կնշանակեր` ազգային եկամտի 2.3 տոկոսանոց աճ։ Նշվում էր նաև, որ Հայաստանի ՀՆԱ-ն կարճաժամկետ հեռանկարում կաճի լրացուցիչ 1.1%-ով, իսկ երկարաժամկետ հեռանկարում` 2.3%-ով։ Առանձին բաժիններով նշվում էր, թե ինչ կշահենք արդյունաբերության ոլորտում, առևտրի, ծառայությունների, սոցիալական ոլորտներում, և այլն։ Այսինքն` մինչև փաստաթղթի ստորագրումը (որն այդպես էլ չստորագրեցինք) եվրոպացիները սեփական ուժերով մեզ համար հաշվարկել էին, թե տնտեսապես ինչ է տալու մեզ Ասոցացման համաձայնագիրը։

Հետո եղավ ԵՏՄ-ին անդամակցելու անսպասելի որոշումը։ Վերը նշված 209 էջանոց տնտեսական ուսումնասիրությանը հակադրեցին ԵՏՄ-ի օգտին խոսող միայն մեկ «փաստարկ»` 170 միլիոնանոց շուկա։ Այսինքն` տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից մենք ԵՏՄ մտանք փակ աչքերով։ Ասել է թե` մտնենք, հետո կերևա` ինչ օգուտ կունենանք։ Չէ՞ որ, ի վերջո, 170 միլիոնանոց շուկա է բացվում մեր առջև։
Մտանք։ Արդեն 10-րդ ամիսն է` մեջն ենք։ Տնտեսապես ի՞նչ ենք շահել` ոչինչ։ Ի՞նչ ենք կորցրելգ Այս հարցին պատասխանելու համար բավական է աչքի անցկացնել պաշտոնական վիճակագրության զեկույցները։ Գրեթե բոլոր ուղղություններով (արտաքին առևտրաշրջանառություն, ներդրումներ, մասնավոր փոխանցումներ) ամենաշոշափելի անկումը գրանցվել է հենց ԵՏՄ մեր գործընկերների գծով, առաջին հերթին` Ռուսաստանի։ Օրինակ` այս տարվա հունվար-օգոստոսին ՀՀ-ից արտահանումն աճել է 0.5%-ով, իսկ ՀՀ-ից Ռուսաստան արտահանումը` նվազել 30%-ով։ Կամ, մասնավոր անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումներն ընդհանուր առմամբ նվազել են 27.7%-ով, իսկ Ռուսաստանից` 40%-ով։

Իհարկե, կարելի է ասել, որ այդ անկումները պայմանավորված չեն ԵՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրումով և օբյեկտիվ պատճառներ ունեն։ Սակայն հարցն այն է, որ մենք փաստացի կապվել ենք մի տարածքի հետ, որտեղից ոչ միայն ռեալ օգուտներ չկան, այլև կոնկրետ վնասներ ենք ստանում։

Այսինքն` կարող ենք ասել, որ քաղաքականությունը կերավ այն տնտեսական օգուտները, որ կարող էինք ունենալ ԵՄ-ի հետ Առևտրի համաձայնագիրը ստորագրելու դեպքում։ Ու այսօր մեզ մխիթարում ենք ինչ-որ անհասկանալի քաղաքական փաստաթուղթ ստորագրելով, որը, եթե լուրջ բան լիներ, ապա կունենայինք սեպտեմբերի 3-ի կրկնության պես մի բան։

Տեսանյութեր

Լրահոս