«Մենք ճիշտ ու պատասխանատու գործ ենք նախաձեռնել»
Հայկական տպագիր մամուլը բոլորովին վերջերս համալրվեց բովանդակային և դիզայներական լուծումների տեսակետից նոր ամսագրի գոյությամբ, որ ընթերցողներին առաջարկում է ծանոթանալ առողջապահական ոլորտի նորություններին, ընտրված մասնագետ բժիշկների մեկնաբանությամբ ներկայացնում է այս կամ այն հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցները, նաև նրանց խորհուրդներն ու առաջարկները։ Ամսագրի հիմնադիր Սաթենիկ Մկրտչյանն այն կարծիքին է, որ շուկայում առկա մարտահրավերներին կարող է դիմակայել` տուրք տալով միայն բարձր որակին և բովանդակությանը, և, ի տարբերություն նմանօրինակ շատ ամսագրերի` այս մեկն ընթերցողին է հասնում բացարձակ անվճար հիմունքներով։
Սաթենիկ Մկրտչյանը երկար տարիներ համագործակցել է դեղագործական ընկերությունների հետ` շուկայի ուսումնասիրության և մարքետինգային քայլերը ծրագրելու, իրագործելու և կազմակերպելու տեսակետից, ինչպես նաև մեկն է «Ֆարմա» գիտական ամսագրի հիմնադիրներից, նաև համակարգել է «Դեղարտադրողների և ներմուծողների» միության հանրային կապերի բաժինը։
– Սաթենիկ, ինչպե՞ս ծագեց նման բովանդակությամբ ամսագիր ստեղծելու գաղափարը։
– Ամսագրի առաջին համարը հրատարակվեց 2015 թ. բայց մինչ ընթերցողի սեղանին հայտնվելն անցավ մեկտարյա նախապատրաստական աշխատանքներ` պայմանավորված ոճի, ընդհանուր մարքետինգային թիրախներով ու այլ աշխատանքներով։ Գաղափարն առաջացավ այն անհրաժեշտությունից, որ հարկավոր էր ունենալ հանրամատչելի, բովանդակալի առողջապահական ամսագիր, որը կլինի անպայման տպագիր և նախատեսված ոչ թե` բժիշկների կամ նեղ մասնագետների և գիտական հարթության համար, այլ` ուղղակի սովորական քաղաքացու։
– Ընթերցողների տեսակետից դեռ ակտուա՞լ է ունենալ տպագիր մամուլի տեսակը, ու արդյո՞ք սա նյութական միջոցների անհարկի վատնում չէ, եթե հաշվի առնենք տեխնո դարի պահանջները։
– Ինչ խոսք, ժամանակակից տեխնոլոգիաներն ինֆորմացիաների հասանելիության տեսակետից թույլ են տալիս ավելի հեշտությամբ օգտվել էլեկտրոնային կայքերի ծառայություններից, որոնց պակասն իրականում չկա։ Այսօր տեխնիկան զարգացել է այնքան, որ բոլորը գաջեթների մեջ են և անարգելք հաղորդակցվում են բազմատեսակ ինֆորմացիաների հետ։ Տպագիր մամուլը հրատարակված միավոր է, որն ամեն դեպքում որոշակի մշակույթ է և բարձր մշակույթ է, որը կարելի է նաև չկորցնել էլեկտրոնացման այս դարաշրջանում։ Իրականում, այո, շատ դժվար է նախ` ստեղծել, և հետո` նաև պահել տպագիր մամուլը։
Աշխարհն այսօր թելադրում է բազմազան միտումներ, թեև Հայաստանում ևս ունենք կայացած տպագիր մամուլ և ավանդույթներ, բայց, ցավոք, ոչ բոլորն են համաշխարհային տենդենցներին զուգահեռ զարգացման հայտ ներկայացնում։ Դա ենթադրում է մեծ ծախսեր, հզոր կրեատիվ միտք, և դա ոչ միայն նյութ գրելու և տպարան հանձնելու պրոցես է, այլ ճիշտ մատուցելու հմտություններին տիրապետելու վարպետություն։
– Իսկ Դուք Ձեր առջև խնդիր եք դրել` հասնելու տպագիր մամուլի համաշխարհային տենդենցների՞ն։
– Այո, մեր թիմն իր առջև խնդիր է դրել՝ հետ չընկնել զարգացման միտումներից տպագրական որակով, դիզայներական լուծումներով, տառատեսակի ընտրությամբ, գույներով պայմանավորված, և այլն։
– Իսկ նման արդյունքի հասնելու համար մեծ թիմ կամ մեծ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա՞։
– Դա, իհարկե, այդպես է, բայց թիմի մեծությունը դեռ ոչինչ չի նշանակում։ Կարևորն այստեղ թիմի ճիշտ ընտրությունն է։ Իրականում մենք անում ենք այս գործը շատ փոքրաթիվ մարդկանցով։ Հաջողությունը, սակայն, պայմանավորված է այդ մարդկանց պրոֆեսիոնալ բարձր ունակություններով և մեծ նվիրումով։ Նրանցից յուրաքանչյուրն անհատականություն է, ով հստակ պատկերացնում է իր առջև դրված խնդիրները։ Հետո մենք չենք գնում էժանագին սենսացիաների միջոցով, այսպես ասած, հեղինակություն վաստակելու ճանապարհով։
Մենք մեր ամսագրի էջերում երբեք չենք հայտարարում, թե քաղցկեղը բուժվում է, կամ, որ մենք գտել ենք սոդայով քաղցկեղի բուժման մեթոդները, ամսագրի էջերում մենք չենք տարածում ինֆորմացիաներ, թե, ասենք, բրիտանացի գիտնականները բացահայտել են այս կամ այն գենը, և դրանից սենսացիաներ չենք սարքում, չնայած շատ լավ գիտակցելով, որ դա ընթեռնելի է և ընթերցող բերող քայլ` հատկապես կայքի կամ ամսագրի համար։
– Ո՞րն է Ձեր գերխնդիրը։
– Հասկանալ` ի՞նչ է պետք այսօր քաղաքացուն իմանալ սեփական առողջության մասին, մեզ համար կարևոր է, որ ամսագրի էջերից այս մասին խոսի բարձր որակավորում ունեցող բժիշկ մասնագետը։ Այս կամ այն տեղից լսված բաղադրատոմսեր, չհիմնավորված հեքիմություններ և ինքնաբուժությամբ զբաղվելու կոչեր մենք չենք անում։ Ցանկացած անդրադարձ մեզ մոտ ամբողջովին հիմնավորված մասնագիտական մեկնաբանություն է։
– Ի՞նչ սկզբունքով եք ընտրում այն բժիշկներին, ովքեր իրենց ուղղորդող մասնագիտական կարծիքն են արտահայտում այս ամսագրի էջերում։
– «Բժշկական տեխնիկայի, բժշկական սարքավորումների և կլինիկաների» մասին գովազդի օրենքը հստակ և շատ մարդկային սահմանափակումներ է սահմանում։ Հետևաբար, մենք չենք կարող ասել, թե` այսինչ դեղը լավագույնն է, կամ` այնինչ կլինիկան ամենալավն է։ Նույնը վերաբերում է նաև բժիշկների ընտրությանը։ Չլիցենզավորված բժիշկների կամ շառլատանների հետ մեր համագործակցությունը դուրս է ինչպես` մեր հայեցողությունից, այնպես էլ` արգելված է օրենքով։ Հետևաբար, մենք պարզապես ներկայացնում ենք բժշկին, ով իր աշխատանքի որակը հաստատել է տարիների փորձով, անցել է այդ ժամանակի քննությունը և համընդհանուր վստահության է արժանացել։ Այս տեսակետից մենք մտայնորենք չենք խուսափում մեր ամսագրի էջերում տեղ հատկացնել նաև երիտասարդ բժիշկներին։
– Բայց երիտասարդ, նոր սերնդի բժիշկների մասին կարծես տարածված անվստահ կարծրատիպ կա, թե՞ ես սխալվում եմ։
– Եկեք ես չկիսեմ ձեր այդ կարծիքը, որովհետև, ինչպես ցանկացած բնագավառ, բժշկությունը նույնպես զերծ չէ անորակ մասնագետների առկայությունից, բայց դա չի կարող համընդհանուր բնույթ կրել։ Եկեք չստորադասենք լավ մասնագետին վատի հետ։ Դա կառուցողական մոտեցում չէ, կարծում եմ։ Ի վերջո, տարիներով փորձված և վստահելի բժիշկն իր կամքին հակառակ կարող է վրիպումներ ունենալ աշխատանքային պրակտիկայում, և սխրանքներ կարող են գործել բոլորովին սկսնակները։ Այնպես որ, եկեք զերծ մնանք համընդհանուր պատկերացումներին տուրք տալուց։ Վերջիվերջո, մենք գործ ունենք մարդկային կյանքեր փրկող անհատներին որակավորումներ տալու հետ, իսկ դա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ` ինչպես դրական, այնպես նաև` բացասական առումներով։
– Սաթենիկ, արդյո՞ք միայն բովանդակային, թեկուզև` բարձրակարգ ինֆորմացիայով այսօր հնարավոր է գայթակղել ընթերցողին` կարդալ տպագիր մամուլ։
– Պարզ է, որ ոչ մեկին այսօր չես գրավի` թեկուզ լավագույն ինֆորմացիայով, եթե չունես համապատասխան «փաթեթավորում»։ Այս տեսակետից մենք մեր առջև դրված խնդիրներ ու նշաձող ունենք, որին ձգտում ենք հասնել և պահպանել, այն է` ստանալ մի ամսագիր, որը թերթելուց և կարդալուց չի նյարդայնացնի ընթերցողին, և նա ձեռքը կառնի այս ամսագիրը։ Մենք մեր ջանքերը ներդնում ենք` այն մատուցել ճաշակով, չունենալ գռեհիկ և ճչացող արդյունք։ Եկեք ընդունենք, որ ԶԼՄ-ների ղեկավարներն իրենք իրենց վրա պետք է կրեն այն արժեքները, որոնք լայնորեն քարոզում են իրենց լրատվամիջոցով։
– Արդյո՞ք մամուլի և լրատվության դերը փոխվել է` ժամանակի և տենդենցների փոփոխություններով պայմանավորված։
– Իմ կարծիքով, մամուլի և լրատվության կարևորագույն դերն ու նպատակը եղել է ու կմնա լուր, ինֆորմացիա, տեղեկատվություն հաղորդելը, անկախ նրանից, թե դա ում է հետաքրքրում, կամ որ թիրախային խմբին է ուղղված։ Եկեք ընդունենք, որ լրատվամիջոցի ղեկավարը պարտավոր է ինքն իրենից մեկ աստիճան առաջ կանգնած լինել և հասկանալ, որ իր ղեկավարած լրատվամիջոցն առաջին հերթին` պարտավոր է հարցերին սպառիչ և հիմնավոր պատասխաններ տալ։ Իսկ ինչո՞ւ չմտածենք և համապատասխան ջանքեր չգործադրենք այն ուղղությամբ, որ լրագրությունը կարող է նաև արվեստ լինել, այլ ոչ էժանագին ինֆորմացիաների տարածման աղբյուր, որը միայն հետևորդների քանակ բազմապատկելու խնդիր է դրել իր առջև։
– Այսինքն, Ձեր նշաձողը բարձր է այնքան, որ Դուք, ինֆորմացիա տարածելուց բացի, հավակնում եք լինել նաև արվեստի կրո՞ղ։ Ի վերջո, ի՞նչ եք Դուք ակնկալում` այս արժեքային համակարգը որդեգրելով։
– Մենք մեր առջև առաջին հերթին խնդիր ենք դրել, որ մեր կողմից ներկայացվող յուրաքանչյուր նյութ լինի առանձին աշխատված, հեղինակային հավաստի ուսումնասիրություն։ Ի վերջո, մենք ուղղորդող խորհուրդներ և ինֆորմացիա ենք փոխանցում, որն անմիջականորեն առնչվում է ընթերցողի առողջության հետ։
Վերջիվերջո, տպագրությունը չվերացող մի բան է, և ինքս դրան վերաբերվում եմ` ինչպես տպագրական աշխարհի մի մասնիկի։ Պատահական չէ, որ բովանդակային առումով մենք ձգտում ենք այն մաքսիմում ընթեռնելի դարձնել, որովհետև ինձ համար ֆունկցիոնալ առումով սա գրքին մոտ մի բան է։ Հակառակ դեպքում ինքը կսկսի թուլանալ, իսկ քանի որ գրքին չի կարելի թույլ վերաբերվել, հետևաբար` ջանքերը հարյուրապատկվում են, որ հասնի գրքին համահավասար հեղինակության։
– Հասցնո՞ւմ եք աշխատանքային գրաֆիկին զուգահեռ` գրքեր կարդալ։
– Իհա՛րկե հասցնում եմ։
– Ո՞րն է եղել Ձեր կարդացած վերջին գիրքը։
– Գիտե՞ք, հիմա ես հակված եմ կարդալ հատկապես ժամանակակից գրականություն, որովհետև խնդիր ունեմ հասկանալու` ի՞նչ են այսօր կարդում երիտասարդները, ի՞նչ արժեքային համակարգով են նրանք առաջնորդվում, կամ ի՞նչ է նրանց սովորեցնում ժամանակակից գրականությունը, գրքեր, որոնք կարդալն ինչ-որ առումով այսօր արդեն մոդայիկ տենդենց է։ Իսկ սովորաբար ես միշտ նախընտրել եմ կարդալ դասական գրականություն, և հատկապես` հայ դասականներին։
– Դուք կարծես ի սկզբանե հասկացել եք, որ մարդիկ այսօր արդեն ամսագիր գնելու վրա գումարներ չեն ծախսում։ Ինչպե՞ս եք իրացնում Ձեր ամսագիրը կամ ինչպե՞ս եք հոգում չվաճառվող ամսագրի ֆինանսական հոգսերը։
– Բոլորին, անշուշտ, հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ամսագիրն անվճար բաժանվում, կամ ինչպե՞ս է ստացվում, որ չվաճառվող ամսագիրը կարող է գոյատևել։ Նախքան այն հրատարակելը մենք իսկապես շատ լուրջ ուսումնասիրել ենք դաշտը և հաշվի նստել երկու հանգամանքի հետ` այո՛, մարդիկ հնարավորություն չունեն ամսագիր գնելու, եթե նույնիսկ այն հրատարակվի երեք ամիսը մեկ անգամ։ Հասկացանք նաև այն, որ նման մասնագիտացված ամսագրի կարիք դաշտում իսկապես կա։ Դրա համար մենք որոշում կայացրեցինք այն ստեղծել ու տարածել անվճար հիմունքներով։
Քանի որ սա միանգամայն ինքնաֆինանսավորվող կառույց է, մենք աշխատում և գոյատևում ենք բժշկության, առողջապահության և ոչ միայն` այդ ոլորտների գործընկեր կազմակերպությունների հետ և դրա արդյունքում։ Պարզապես մենք համախոհներ ենք, նույն գաղափարների կիսող, որը մեզ թույլ է տալիս հրատարակել այն ու մինչև վերջին հատիկը բաժանել դրանք ընթերցողներին ու տարածել բոլոր այն տեղերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա։ Մենք տուն առ տուն առաքում ենք ամսագիրը, տարածում նաև ամենատարբեր բուժհիմնարկներում և ուսումնական կենտրոններում։ Այս ամսագիրը դուք երբեք չեք տեսնի գեղեցկության սրահներում կամ սննդի մատուցման կետերում, որովհետև գտնում ենք, որ մենք տալիս ենք այնպիսի ինֆորմացիա, որը պետք է մարսվի, այն պետք է ուշադիր կարդալ, վերլուծել, և այլն։
– Լավ, իսկ ընթերցողներից արձագանքներ ունե՞ք։
– Այո, և ինձ համար չափազանց կարևոր ու պարտավորեցնող էր հանգամանքը, որ բազմաթիվ դրական արձագանքներ եղան ոչ միայն` մեզ հետ համագործակցող կազմակերպությունների, բժիշկների կողմից, այլև` ընթերցողների. անծանոթ մարդիկ իրենց գոհունակությունն ու հետաքրքրությունն էին հայտնում սոցիալական ցանցերի միջոցով, հեռախոսազանգերով։
Հետաքրքրական է, որ մեր ՖԲ էջն ամեն օր ավելի քան տասը կոնկրետ հարց է ստանում, որոնք նախնական ուղղորդման կարիք ունեն (բնականաբար, մենք ուղղորդում ենք դեպի համապատասխան նեղ մասնագետ)։ Սա այն ցուցիչներից մեկն է, որ` անկախ բոլոր տեսակի դժվարություններից, որ ենթադրում է մեր օրերում տպագիր լրատվամիջոց ստեղծելը զրոյական մակարդակից, մենք ճիշտ ու պահանջարկված գործ ենք նախաձեռնել։ Սա ցրում է նաև այն մտայնությունը, թե մենք չենք սիրում կարդալ, մեր հասարակությունը միայն էժանագին սենսացիաների պահանջարկ ունի։ Այսօր արդեն մեր ընթերցողները ցուցակագրվում են` ստանալու հաջորդ համարը, անգամ տպաքանակից էլ ավելի մարդիկ ունենք ցուցակում։ Իսկ ամենօրյա հարցումները` ե՞րբ կլինի մյուս համարը, ուղղակի ամենաբարձր աստիճանի հպարտություն ու բավարարվածություն են բերում։