«ՌԴ-ի բացած դիմակայության նոր հարթակն Արևմուտքի հետ գուցե անդրադառնա ՀՀ-Արևմուտք հարաբերությունների վրա»

Սեպտեմբերի 30-ից Սիրիայում «Իսլամական պետության» դեմ Ռուսաստանի սկսած ռազմական գործողությունները` ավիահարվածները, նորանոր մեկնաբանություններ են ստանում միջազգային մամուլում փորձագիտական հանրության կողմից։ Վերլուծությունները չեն շրջանցում նաև Հայաստանը։

Ըստ այդ վերլուծություններից մեկի` ռուսական կողմը սիրիական, իրաքյան և ղարաբաղյան հակամարտությունները դիտարկում է ընդհանուր ընկալմամբ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այս հակամարտությունները կարող են արտահոսել մեկը մյուսին` միանգամից մի քանի խնդիրներ լուծելով։ Այդ վերլուծության համաձայն` Ղարաբաղի օդանավակայանը կարող է օգտագործվել` ի օգուտ Սիրիայում ռուսական գործողությունների` հատկապես, երբ այս հարցում Ռուսաստանն «ակնհայտ» դաշնակիցների կարիք ունի։

«168 Ժամի» հետ զրույցում ռուս հրապարակախոս, ընդդիմադիր գործիչ, «Էխո Մոսկվի» կայքէջի սյունակագիր Անդրեյ Պիոնտկովսկին, նախ` անդրադառնալով Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների նպատակահարմարությանը, նշեց, որ ՌԴ ներկայիս իշխանություններն ամբողջությամբ չեն հասկանում իրավիճակի ողջ բարդությունը, հատկապես, երբ ՌԴ նախագահը սկսել է այս արշավը Սիրիայում` Ուկրաինայում իր պարտությունը ծածկելու նպատակով, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Նրա գնահատմամբ` Պուտինը ստիպված է Ուկրաինայից հետո կտրուկ փոխել, կարելի է ասել, կտրուկ կերպով բարձրացնել խաղադրույքները, որպեսզի պարտությունը զգալի չլինի։ Պիոնտկովսկին կիսվեց նաև իրեն հասած դավադրության տեսություններից մեկով այն մասին, որ Օբամայի ադմինիստրացիան չի խոչընդոտում Պուտինի գործողություններին Սիրիայում, քանի որ այն պատրաստի թակարդ է։

Այս ամենի հետևանքը, նրա համոզմամբ, միջուկային պատերազմն է կամ բռնապետի հրաժարականը։ Այս իրավիճակում, ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ, Հայաստանը, որը երկու տարի առաջ պուտինյան ճնշումների ներքո հրաժարվեց Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, ևս պետք է զգուշանա, քանի որ կարող է հայտնվել թակարդում` աչալրջության պակասի դեպքում։ Նա խորհուրդ տվեց պահպանել հնարավորինս բարձր չեզոքության մակարդակ` Արևմուտքի և Ռուսաստանի միջև լուրջ խնդիրների կենտրոնում հայտնվելուց խուսափելու նպատակով։

Իր հերթին` Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում, քանի որ Հարավային Կովկասը պարզապես սեղմված է երկու տարածաշրջաններում` Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, բռնկված մեծ հրդեհի արանքում, և, թերևս, այս երկու ճգնաժամային տարածաշրջաններում զարգացումներն էապես ազդելու են Հարավային Կովկասի և հատկապես այս տարածաշրջանի խոցելի կետերի վրա, այդ թվում` ԼՂ հակամարտության։

«Տեսանելի է, որ Ռուսաստանը փորձում է իր ճակատը ձևավորել ընդդեմ Իսլամական պետության` ի հակակշիռ Արևմուտքի կոալիցիայի։ Այս իմաստով պատահական չեն այն ձայները, որոնք լսվում են Ռուսաստանի հայերի շրջանակներից, որ իրենք միանում են այդ գործողություններին, և ակնհայտորեն Ռուսաստանին պետք են այլ պետություններ, որոնք, եթե ոչ` ռազմական ներկայությամբ, ապա` գոնե քաղաքական ներկայությամբ աջակցեն, կոալիցիա կազմեն ընդդեմ ԻՊ-ի և հանուն այն գործողությունների, որոնք նա իրականացնելու է Սիրիայում։

Այս կտրվածքով եթե խոսում ենք հնարավոր վտանգների մասին, ապա տվյալ դեպքում Ստանիսլավ Տարասովի ակնարկը Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելու կապակցությամբ համարենք ոչ միայն` Հայաստանին ուղղված ուղերձ, այլև` Ադրբեջանին։ Ի վերջո, դա մի խնդիր է, որի հետ կապված Ադրբեջանը ոտքերը բավականին շատ թափահարեց։

Թերևս, քանի որ Կասպից ծովից են հարվածները հասցվում, և տեղեկատվություն եղավ, որ Ադրբեջանը թույլ է տվել, որ Կասպիականի իրեն պատկանող ծովային տարածքներով ռուսական ուղղաթիռները տեղափոխվեն Իրան-Իրաքով դեպի Սիրիա, նույնկերպ հասկանանք, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար պոտենցիալ դաշնակից է թվում ԻՊ-ի դեմ ռուսական կոալիցիայի հարցում։ Թերևս, սա բավականին նուրբ դրսևորում է ռուսական քաղաքականության մեջ, որը սպառնում է էլ ավելի ազդել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, որովհետև մյուս կողմում էլ Թուրքիան է Ասադի ռեժիմի դեմ Մերձավոր Արևելքում` այն դեպքում, երբ այս կողմում Ռուսաստանն է՝ հանուն Ասադի։ Տարասովի հոդվածը հետաքրքիր ակնարկ է Ադրբեջանին դիմադրություն ցույց տալու դեպքում, եթե չաջակցի Ռուսաստանին։

Թուրքիան ուրախ չի լինի, եթե Ադրբեջանը սատարի ռուսական գործողություններին, որոնց մյուս կողմում Թուրքիան է»,- մեկնաբանեց Սաֆարյանը` շարունակելով, որ ՌԴ-ն նոր հարթակներ է բացում Արևմուտքի հետ գլոբալ դիմակայության հարցում։ Նրա խոսքով` սա ազդելու է Հայաստանի վրա։ Սաֆարյանի կարծիքով` մինչ այժմ Հայաստանը զգում էր դիմակայության հետևանքները միայն Ուկրաինայի հարցով, և, եթե մինչև հիմա ակնդետ հետևում էինք զարգացումներին` հույսով, որ դրանք կմեղմվեն, ապա ներկայումս Մերձավոր Արևելքում դիմակայության նոր հարթակ է բացվում, որտեղ հնարավոր է ՌԴ-Արևմուտք ոչ թե` համագործակցություն, այլ` դիմակայության շարունակություն։

«Հայաստանի համար մարտահրավերները բավականին շատ են։ ՀՀ-ն ֆորմալ խնդիր չունի մասնակցելու ԻՊ-ի դեմ գործողություններին, Արևմուտքն էլ թիրախների հարցում համակարծիք է Ռուսաստանի հետ, այլ բան է, թե կողմերից յուրաքանչյուրն այդ թիրախների ներքո ինչ թիրախներ ունի։ Տվյալ պարագայում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը սաստկանում է ոչ թե այն պատճառով, որ ՌԴ-ն հարվածում է Իսլամական պետության դիրքերին, այլ այն, որ Ռուսաստանն այս պայքարի ներքո հարվածում է Ասադի ընդդիմախոսներին, որոնք Արևմուտքի դաշնակիցներն են։ Հայաստանը հայտարարել է, որ ԻՊ-ը և գլոբալ ահաբեկչությունը սպառնալիք է համարում, այլ բան է, որ մեր ներգրավվածությունը խորանա այնքան, որ դա ազդի Արևմուտքի հետ մեր հարաբերությունների վրա։ Դա չպետք է թույլ տալ»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը։

Տեսանյութեր

Լրահոս