Մատենադարանում շրջայցերը կիրականացվեն ռադիոգիդերով
Մատենադարանի Թանգարանային համալիրում այսուհետ խմբակային շրջայցերը կիրականացվեն բարձրակարգ ռադիոգիդերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրին Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, փոխտնօրեն Արա Խզմալյանը և «Գեոթիմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:
«Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումից և հին կոթողային մասնաշենքի հիմնավերանորոգումից հետո Մատենադարանը վերածվեց մեծ համալիրի, իսկ հին կոթողային շենքը՝ թանգարանային համալիրի: Եթե առաջ մենք ունեինք մեկ ունիվերսալ ցուցասրահ, որտեղ զետեղված էին Մատենադարանի գանձերի ամենակարևոր նմուշները, հիմա ունենք 15 ցուցասրահ: Դա զգալիորեն փոխել է Մատենադարանի ներքին կառուցվածքը, մեծապես աճել է զբոսաշրջիկների հոսքը, ինչը մեզ հնարավորություն է տալիս անընդհատ փոփոխվող ցուցադրությունների միջոցով փոխել դինամիկան և բավարարել միջազգային չափանիշներն այդ բնագավառում: Դա ապահովելու համար, բացի ներքին կառուցվածքային փոփոխություններից, խիստ անհրաժեշտ է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը: Մատենադարանի սրահներում մենք էլեկտրոնային համակարգեր ենք օգտագործում, որոնք իրենց խտացրած տեղեկատվությամբ շատ խոսուն են և շատ գրավիչ զբոսաշրջիկների համար: Ներդրումների մեջ է մտնում նաև ռադիոգիդերի տեղադրումը, որը մեծապես կդյուրացնի մեր զբոսավարների աշխատանքը»,- ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Ընդհանուր թվով 7 հաղորդիչներն ու 120 ընդունիչները ձեռք են բերվել «Գեոթիմ» ՓԲԸ-ի աջակցությամբ, որի տնօրեն Հայկ Ալոյանն ասաց, որ իրենց սոցիալական ծրագրերը կոչված են աջակցելու այն ոլորտներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն բազմապատկել Ամուլսարի ծրագրի դրական սոցիալ-տնտեսական ազդեցությունը. «Կրթությունը և զբոսաշրջության զարգացումը մեր առաջնահերթություններից են: Վերջին տարիների ընթացքում ավելի քան 650.000 ԱՄՆ դոլար ենք ներդրել Ամուլսարի համայնքներում կրթական և զբոսաշրջության զարգացման ծրագրերում:
Մատենադարանը, խոշորագույն գիտական կենտրոն լինելուց բացի, նաև Հայաստանի կարևորագույն զբասաշրջային վայրերից է և ամենից շատ օտարազգի այցելու ունեցող թանգարանը մեր երկրում: Այն նաև կարևոր կրթական հաստատություն է: Ուրախ ենք նպաստելու Մատենադարանի տեխնիկական վերազինմանը՝ դրանով աջակցելով Հայաստանում զբոսաշրջության և կրթության զարգացմանը: Ռադիոգիդերի ձեռքբերման համար ներդրել ենք մոտավորապես 5 մլն դրամ»:
Արա Խզմալյանը հավելեց, որ հետագա ռազմավարության մեջ երկու խնդիր ունեն՝ շարունակական դարձնել տեխնիկական վերազինման ընթացքը և օգտվելով նաև իրենց գործընկերների ռազմավարությունից՝ առաջարկել շարունակել համագործակցությունը՝ հատկապես կրթական ծրագրերի իրականացման ոլորտում. «Այսօր ամբողջ աշխարհում թանգարանը դառնում է հսկայական կրթական միջավայր, իսկ Մատենադարանը՝ և՛ իր գիտական, և՛ իր նյութատեխնիկական ռեսուրսներով, միանգամայն ի վիճակի է իրականացնելու նաև հսկայական կրթական դեր մեր դպրոցական, հանրակրթական համակարգում»:
Մատենադարան այցելած 18-հոգանոց չեխերի խումբն առաջինն էր, որ օգտվեց ռադիոգիդերից: Ռադիոգիդերը լայնորեն գործադրվում են աշխարհի բոլոր առաջնակարգ թանգարաններում և այժմ հասանելի կլինեն նաև Մատենադարանի այցելուներին: