Ինչպես «գրավել Բաքուն»

Վերջին օրերին, սահմանային իրադրության լարման ֆոնին, մթնոլորտը շիկացել է նաև սոցիալական ցանցերում։ Հատկապես ֆեյսբուքում տեղի են ունենում իսկական մինի-պատերազմներ, սակայն ոչ թե` հայ-ադրբեջանական, այլ զուտ ներհայկական բնույթի։

Ոմանք քննադատում են բանակին, կոչ անում ավելի վճռական լինել ու «գրավել Բաքուն»: Մյուսները քննադատում են նման կոչ անողներին` նշելով, որ բանակն իր գործը լավ գիտի, ու չի կարելի բազմոցին նստած դասեր տալ։ Ոմանք ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին, մյուսները` ԱՄՆ-ին կամ եվրոպացիներին։ Ոմանք սահմանային սրման և զոհերի համար մեղադրում են Հայաստանի իշխանություններին, մյուսներն էլ այդ կերպ խոսողներին մեղադրում են լարված իրավիճակում պառակտում մտցնելու և սեփական քաղաքական շահերը հետապնդելու մեջ։ Ոմանք կոչ են անում ոտքերից կախել արտաքին գործերի նախարարին, մյուսներն առավել հակված են ձեռքերից կախելու տարբերակինգ
Բոլորը բոլորին քննադատում են բոլոր հարցերում։

Միայն մեկ հարցում բանավեճ ու, առավելևս, վեճ չկա։ Այն, որ մեր զինվորների ոգին հզոր է ու քաջ, մեր բանակը` մարտունակ ու պրոֆեսիոնալ։ Դա իրոք այդպես է, ինչն ապացուցելու կարիք չկա։

Սակայն արդեն ժամանակն է եկել, որ ինքներս մեզ հարց տանք` միայն դա բավարա՞ր է մեզ այս պահին։ Երկրի նախագահի խոսքով` մի քանի օր առաջ մեր 4 զինվորները զոհվել են առաջնագծից 5 կմ հեռավորության վրա։ Կասկած չկա, որ նրանք քաջ ու հայրենիքին նվիրված տղերք էին, սակայն հրետանու դեպքում նրանց անձնական որակները դեր չխաղացին։ Ու հրետանուն պետք է հրետանիով պատասխանել։ Այդպես էլ արվեց։
Իսկ սա նշանակում է, որ, Աստված մի արասցե` լայնամասշտաբ պատերազմի դեպքում, որքան էլ զինվորների ոգին ու անձնական որակները կարևոր լինեն, ռազմական տեխնիկայի դերը չի կարելի թերագնահատել։

Մեր հրետանավորներն ու օդաչուներն ավելի հմուտ են ու խիզախ, բայց մեր տանկերն ու ինքնաթիռներն են քիչ։ Այսինքն` մեզ պետք է արդիականացնել մեր զինուժը, համալրել նոր տեխնիկայով` հակառակորդին համարժեք հարված հասցնելու համար։ Իսկ դրա համար փող է պետք։ Իսկ հետո առաջ է գալիս հաջորդ հարցը` որտեղի՞ց մի քանի հարյուր միլիոն դոլար ուղղենք զենք-զինամթերքի ձեռքբերմանը, եթե նավթ չունենք ու բյուջեն մի կերպ ենք կատարում։ Դրա համար էլ մենք այս թեմայից հեռու ենք փորձում մնալ, չմտածել ու չխոսել այս մասին։ Լուռ համաձայնությամբ բոլորս ընդունում ենք, որ օբյեկտիվ իրականությունը հետևյալն է` Ադրբեջանը փող ունի, իսկ մենք` ոչ։

Ու մենք պետք է ոտքներս մեկնենք մեր վերմակի չափով` հուսալով, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեզ էժան գներով կամ անվճար զենք-զինամթերք կտրամադրի։ Կարճ ասած, մենք արդեն քառորդ դար ապրիորի ընդունում ենք, որ մեր վերմակը կարճ է։ Ու հույսներս դնում ենք «ցրտադիմացկունության» (հայ զինվորի քաջության) վրա։

Իսկ արդյո՞ք մեր վերմակը կարճ է։ Կամ` արդյո՞ք այն երկարացնելու հնարավորություն չկա։ Կա։ Միանշանակ կա։ Ու վերմակը երկարացնելու այդ հիմնական ռեսուրսն օրենքի իշխանությունն է։

Ի՞նչ կապ ունի օրենքի իշխանությունը, տնտեսությունն ու սահմանային լարվածությունը։ Ամենաուղղակի։ Եկեք միասին գծենք այդ տրամաբանական շղթան։
Օրենքի իշխանություն —-» արդար դատաիրավական համակարգ—-» մրցակցային դաշտի ձևավորում—-» հանրային վստահության աճ, ներդրումների աճ, տնտեսության ակտիվացում—-» ստվերի կրճատում, եկամուտների ու հարկերի աճ—-» բյուջեի հնարավորությունների մեծացում: Իսկ բյուջեի ավելացած հնարավորություններով կարելի է ոչ միայն ռազմական տեխնիկա ձեռք բերել, այլև նորմալ վարձատրել զինծառայողներին, ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, արժանապատիվ թոշակ նշանակել ազատամարտիկներին, արժանապատիվ փոխհատուցում ցուցաբերել մարտական պայմաններում վիրավորված զինվորներին կամ զոհված զինվորների ընտանիքներին։
Այլ էֆեկտների մասին չենք խոսում։

Օրինակ, որ լեգիտիմ իշխանության ու օրենքի գերիշխանության պայմաններում արդեն իրատեսական կլինի խոսել բազմամիլիոնանոց Սփյուռքի իրական ներուժի մասին` ֆինանսական և մյուս առումներով։ Չենք խոսում, որ լեգիտիմ իշխանությունը, որը վայելում է ժողովրդի վստահությունը, ավելի վստահ է միջազգային ասպարեզում, նրա հետ ավելի շատ են հաշվի նստում։ Էլ չենք խոսում, որ հենց սրա՛ արդյունքում քաղաքացու ու զինվորի բարոյական ոգին ավելի բարձր կլինի։

Իսկ ի՞նչ ունենք մենք։ Օրենքը գործում է ընտրողաբար, դատաիրավական համակարգն անկախ ու արդար չէ։ Սրա հետևանքով` քաղաքացու կամ գործարարի իրավունքները պաշտպանված չեն, մրցակցություն չկա։ Սրա հետևանքով` ներդրումները գնալով նվազում են, իսկ բիզնեսը կենտրոնանում է մի քանի օլիգոպոլիստների կամ մոնոպոլիստների ձեռքին։ Սրա հետևանքով` տնտեսությունը չի աճում (չնայած հայտարարվող թվերին), բյուջեն մի կերպ ենք կատարում, մարդկանց ծիծաղելի փոքր թոշակներ ենք վճարում ու ստիպում, որ երիտասարդը բուհն ավարտելուց հետո մտածի ոչ թե` աշխատանք գտնելու, այլ` արտագաղթելու մասին։

Փաստացի պատերազմի դաշտում` թշնամու կրակոցների տակ գտնվելով, մեկս մյուսի կոկորդն ենք կրծում, իրար վիրավորում, պիտակավորում, դավաճանում, իրարից բամբասում, ծեծում ու սպանում, ամեն կարևոր ու անկարևոր պատճառով, ինչպես Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալն էր, թշնամանում ենք… Ցանկացած լավ ու լուսավոր գաղափար շատ արագ այլասերում ենք ու փչացնում, ցանկացած առողջ ծիլ տեղում տրորում, որ չհասցնի գոնե մատղաշ տնկի դառնալ։

Կենցաղային թեմա լինի, իրավական թե քաղաքական` մենք նեգատիվ ու մաղձ ենք շնչում իրար հանդեպ։ Կարճ ասած` մենք ստեղծել ենք գաղջ մթնոլորտ ու հարմարվել դրան։
Սա դաժան իրականություն է, որը պետք է նախ` ընդունել, հետո փորձել լուծել` նոր միայն խոսել «Բաքուն գրավելու» մասին։ Բազմոցին նստած պաթետիկ ստատուսներ գրելը` «ազերբարաններին ջնջելու» մասին, կամ պրոֆիլի նկարը եռագույնով փոխարինելը մեզ ոչինչ չեն տալու։ Ռուսներին կամ այլոց մեղադրելուց առաջ պետք է նախ սեփական սխալներն ուղղենք, հասկանանք` ի՞նչ կարող էինք մենք ունենալ, որ չունենք։

Ադրբեջանին զենք վաճառելու համար ռուսներին մեղադրելուց առաջ, նախ` պետք է ինքներս մեզ հարց տանք` իսկ ինչո՞ւ մե՛նք էլ նույնքան զենք չենք գնում ռուսից կամ մեկ ուրիշից։ Փո՞ղ չունենք, նա՞վթ չունենք, «վերմակը կա՞րճ է»։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ փաստացի պատերազմական վիճակում գտնվող աղքատ երկրում մի քանի հոգի երկրի բյուջեից ավելի հարստություն դիզեցին։

Մի խոսքով` կանգ առնելու, սթափվելու ու մեր անցածը վերաիմաստավորելու ժամանակն է։ Կան բաներ, որ, այսպես թե այնպես, գիտենք։ Մենք գիտենք, որ չկան դաշնակիցներ կամ բարեկամ երկրներ (Ռուսաստան թե ԱՄՆ, ՀԱՊԿ թե ՆԱՏՕ) և այլն, կան սեփական շահերը հետապնդող երկրներ։ Գիտենք, որ լուրջ վտանգի դեպքում առավելագույնը, որ կարող ենք սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբից` ոչինչ չասող «հերթապահ» մտահոգություններն են ու դեմքի մտահոգ արտահայտությունը։

Այս ամենը նույնպիսի օբյեկտիվ իրականություն է, ինչպիսին ադրբեջանական նավթն է կամ ռուսական գազը։ Գիտենք, որ մեզ ոչ ոք չի օգնելու, եթե իրեն այդ պահին դա շահավետ չլինի։ Ու վերջապես գիտենք, որ մեր երկիրը պաշտպանողը մենք ենք` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ է, ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ։

Այս մասին բոլորս գիտենք ու բոլորս ենք խոսում։

Սակայն մնացած «բայց»-երի մասին շատերս լռում ենք, որովհետև դա արդեն տհաճ խոսակցություն է. կարող են սխալ հասկանալ։ Դա այն մասին է, որ մեջքը ծռված, սեփական երկրի ու իշխանության հետ հույս չկապող, արտագաղթի մասին մտածող քաղաքացիներով հաղթանակի մասին խոսելը միամտություն է։ Չի կարելի հայ զինվորի ընտանիքին սովի մատնել, նրա իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարել, թալանել ու «կոտրել»… ու նրանից անձնազոհություն պահանջել։

Ամեն ինչ շատ պարզ է` հզոր բանակ կարող է ունենալ հզոր երկիրը։ Իսկ հզոր երկիր կարող են կառուցել հպարտ ու իրենց երկրի հետ հույս կապող քաղաքացիները։
Այս մասին արդեն քառորդ դար խոսում ենք ուգ շարունակում նույն կերպ։ Կոսմետիկ քայլերով, «բարեփոխումներով» ու նկարած թվերով փորձում ենք ինքներս մեզ ու մյուսներին համոզել, որ զարգանում ենք։ Բայց չէ` չի ստացվում խաբել։ Ոչ մեզ, ոչ այլոց։ Ադրբեջանցին էլ հիմար չէ, ու լկտիանալու պատճառներից մեկն էլ հենց սա է` տեսնում են, որ մենք մեզ խաբում ենք։

Սակայն հիմա, երբ սահմանին արդեն կրկին հրետանին է գործի դրվել, իրո՛ք ինչ-որ բան, շատ կարևոր բան պետք է փոխվի։ Մեր հարևանը նավթ ունի, ու իրեն կարող է թույլ տալ «փտած» երկիր ունենալ։ Մենք նման շռայլություն թույլ տալու իրավունքը չունենք։

Մենք հասել ենք մի կետի, երբ այսպես շարունակվելը կարող է լուրջ պատուհաս դառնալ մեր գլխին։ Թոզ փչելու, անլուրջ թեմաներով ուշադրությունը լուրջ խնդիրներից շեղելու, սեփական աթոռը պահպանելը կամ աթոռի տիրանալը գերնպատակ դարձնելու, մեյմունություն անելու ու արանքում գրպանները լցնելու պաշարը սպառվել է։ Մեզ առողջանալ է պետք` առողջ մթնոլորտ ձևավորել։ Դրա համար շատ բան պետք չէ։ Ընդամենը պետք է հարգել օրենքը ու սեփական քաղաքացուն։ Քաղաքացին է մեր հարստությունը` մեր «նավթը», մեր զենքը, մեր ամեն ինչը։
Սա է վերմակը երկարացնելու մեր ռեսուրսը, որը շատ ավելի հզոր է, քան ադրբեջանական նավթի գործոնը։ Դա կարելի է շատ արագ գործի դնել, եթե միայն ցանկություն ու կամք լինի, ու վերևինները հասկանան, որ կշեռքի մի նժարին իրենց «ախռանան» ու միլիոններն են, մյուսին` Հայաստանի Հանրապետության ապագան։ Հասկանան ու հասկացնեն իրենց շրջապատին։

Շատերն ասում են` դրա համար ժամանակ է պետք։ Դրա համար իրականում շա՛տ կարճ ժամանակ է պետք, իսկ արդյունքը կերևա շատ ավելի շուտ, քան կարելի է պատկերացնել։ Պարզապես սկսել է պետք։ «Բաքուն գրավելը» պետք է ինքներս մեզնից սկսենք` մեր միջի «բաքուներից»։

Իհարկե, ոմանց համար դժվար է սա ընկալել, որովհետև տարիներ շարունակ իրենք իրենց օրենքից բարձր են դասել, ավելացած կտորով ոչ թե «վերմակն են երկարացրել», այլ իրենց համար նոր «կոստյում» են կարել։ Բայց այլևս շանս չկա։ Կամ պիտի փոխվեք` փոխելով մթնոլորտը, կամ ձեզ պիտի փոխեն։ Երրորդ տարբերակը երկրի կործանումն է, որը ժողովուրդը հաստատ թույլ չի տա։

Տեսանյութեր

Լրահոս