Նուլանդը խորը մտահոգություն է հայտնել սահմանի լարվածության աճի կապակցությամբ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Զրուցակիցները կարևորեցին 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը։
Անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվեց ս.թ. մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Մտքեր փոխանակվեցին Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի առաջիկայում նախատեսված անդրանիկ հանդիպման վերաբերյալ։
Վիկտորիա Նյուլանդի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը։
Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցության համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Պետքարտուղարի տեղակալը խորը մտահոգություն հայտնեց լարվածության աճի կապակցությամբ և ընդգծեց հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձան ահաբեկչության դեմ պայքարին, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։