«Շատ ցածր հավանականություն կա, որ լայնածավալ պատերազմ կվերսկսվի». Վաղարշակ Հարությունյան

Հարցազրույց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ

– Պարոն Հարությունյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում սահմանում լարված իրավիճակը, և ինչքանո՞վ են իրատեսական պատերազմի վերսկսման մասին մտահոգությունները:

– Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում, չի կարելի ասել, որ պատերազմի վերսկսումը հնարավոր չէ, բայց իմ գնահատմամբ՝ շատ ցածր հավանականություն կա, որ լայնածավալ պատերազմ կվերսկսվի: Դրա հիմնավորումն այն է, որ Ադրբեջանը չունի ռազմաքաղաքական այն առավելությունը, որն իրեն թույլ կտա սկսել պատերազմ և հաղթանակի հասնել: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է: Այս հարցը հնարավոր կլինի լուծել բանակցային ճանապարհով, ինչին նա պատրաստ չէ: Հայկական կողմը միշտ հայտարարել է, որ պատրաստ է զիջումների, իսկ ադրբեջանական կողմը երբեք դրա մասին չի ասել, որովհետև հայկական կողմի համար ամենակարևոր հարցը Ղարաբաղի կարգավիճակն է, այն դեպքում, երբ Ադրբեջանը երբեք նույնիսկ չի ասում՝ քննարկենք, նա հստակ հայտարարում է, որ Ղարաբաղն իր տարածքն է, և ինքը պատրաստ չէ ընդհանրապես դա քննարկելու:

Այնպես որ, բանակցային ճանապարհը փակ է: Ստացվում է՝ մի կողմից՝ Ադրբեջանը չի ուզում գնալ բանակցային ճանապարհով, մյուս կողմից՝ նա պատրաստ չէ սկսել լայնածավալ պատերազմ: Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում այնպիսին է, որ գերտերությունները համաձայն չեն, ու իրենց շահերից այսօր չի բխում այդ պատերազմը: Դա գիտակցելով՝ Ադրբեջանը ընտրել է ռազմավարության երրորդ ուղղությունը՝ նա պատերազմի սպառնալիքի տակ փորձում է վախի մթնոլորտ մտցնել Հայաստանում և Ղարաբաղում, դրանով իսկ՝ ստիպել հայկական կողմերին գնալ զիջումների բանակցային գործընթացում: Մյուս կողմից՝ նա ճնշում է գործադրում միջազգային հանրության վրա, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահների, որպեսզի նրանք սեղանին դնեն մի տարբերակ, որը բխում է իրենց շահերից: Նա նույն կերպով շանտաժի է ենթարկում այն պետություններին, որոնք արտահանում են նավթ, կամ էլ այն պետություններին, որոնք մասնակից են այն միջազգային կազմակերպությանը, որը նավթն արտահանում է:

Կարդացեք նաև

– Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը գնդակոծել է հայկական սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդես եկան՝ ասելով, որ այս պահին իրենք չենք կարող վստահաբար որոշել՝ ինչպե՞ս է առաջացել բռնությունը, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին: Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների արձագանքները սահմանի միջադեպերի և, հատկապես, վերջին դեպքերի վերաբերյալ: Արդյոք այդ արձագանքները համարժե՞ք են առկա իրավիճակին:

– Եթե մենք հետևենք, ընդհանրապես, հակամարտության սկզբից մինչև այսօր արձագանքը միշտ եղել է ոչ ադեկվատ: Հիմնականում զինադադարի խախտումը եղել է Ադրբեջանի կողմից, բայց միջազգային կազմակերպությունները հիմնականում դնում են հավասարության նշան, և դա հասկանալի է, որովհետև միջազգային կառույցները խնդիր են դրել, որպեսզի չնեղացնեն կողմերին: Մեր պարագայում ստացվում է՝ Ադրբեջանին իրենք խրախուսում են, որպեսզի նա այդ գործողությունները շարունակի, և ինձ թվում է՝ մենք այլ մոտեցում չենք կարող ակնկալել, դա միջազգային կազմակերպությունների աշխատաոճն է՝ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ հակամարտության պարագայում:

Դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք այնտեղ, որպեսզի հասնենք մեր նպատակներին, և ճնշում գործադրենք միջազգային կազմակերպությունների վրա, որպեսզի թույլ չտան՝ այդ դեպքերը կրկնվեն: Մենք պետք է հասնենք այն իրավիճակին, որ այդ իրավիճակների քանակը հասցնենք մինիմալի: Դա վերաբերում է այն բոլոր կազմակերպություններին, որոնք զբաղվում են Ղարաբաղի հարցով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ն, ԱՊՀ-ն և այլ կազմակերպություններ: Մենք բոլոր այդ ատյաններում պետք է ակտիվ աշխատենք, առաջին հերթին՝ ներկայացնենք լիարժեք ինֆորմացիա, թե ինչ է տեղի ունեցել, ում կողմից է խախտում եղել, և այդ կազմակերպությունների կանոնադրության կետերի համաձայն՝ պահանջել, որ իրենք պահանջեն: Ադրբեջանը միշտ խուսափում է, որ լինեն նման մեխանիզմներ, որոնք կբացահայտեն, թե ով է խախտումն իրականացրել:

– Քննադատություններ են հնչում նաև ՀԱՊԿ-ի հասցեին, որի անդամ է նաև ՀՀ-ն, որը չի արձագանքում այս իրավիճակին:

Հայտարարություն ՀԱՊԿ-ի կողմից եղել է, իսկ այն, որ մեր ցանկությունն է, որպեսզի դա լինի ավելի խիստ՝ ուրիշ հարց է: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ն ունի իր կանոնադրությունը, որտեղ հստակ նշված է, թե երբ ՀԱՊԿ-ն պետք է միջամտի: ՀԱՊԿ-ն միջամտում է այն դեպքում, երբ լինում է ագրեսիա, և, եթե պետությունը դիմում է ՀԱՊԿ-ին: Մեր գնահատմամբ՝ ագրեսիա տեղի չի ունեցել, տեղի է ունեցել զինադադադարի կոպիտ խախտում Ադրբեջանի կողմից, և Պաշտպանության նախարարը բազմիցս հայտարարել է, որ մենք չենք դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի նա մեզ ռազմական աջակցություն ցույց տա:

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ չեն դիմում, չկա՞ դրա անհրաժեշտությունը:
– Եթե մեր ուժերով մենք դա կանխում ենք, նույնիսկ՝ ոչ թե բանակի ողջ ուժերով, այլ միայն այն ուժերով, որոնք իրականացնում են ծառայություն շփման գծում, ինչո՞ւ դիմենք:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս