Կդառնա՞ ոսկեգույն ստաֆիլակոկը նոր գնաճի պատճառ
«Սննդամթերքի անվտանգության ծառայությունն արգելանք է դրել «Արցախկաթի» միայն մեկ՝ թթվասերի արտադրության վրա»: Երեկ կայացած մամլո ասուլիսում ԼՂՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետծառայության տնօրեն Լեւոն Սարգսյանը հերքեց լուրերը, թե սեպտեմբերի 21-ից արգելված էր «Արցախկաթի» ողջ տեսականու արտադրությունը:
Լեւոն Սարգսյանի մեկնաբանությամբ ՝գործարանի արտադրանքի հումքը՝ կաթը մաքուր էր, իսկ թթվասերում մանրէն կարող էր հայտնվել ջերմային մշակման ընթացքում:
Հիշեցնեք, որ ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ պետի որոշմամբ՝ սեպտեմբերի 21-ից արգելվել էր «Արցախկաթ» ընկերության թթվասերի արտադրությունը, քանի որ սեպտեմբերի 18-ին փորձաքննության ուղարկված նմուշներում ոսկեգույն ստաֆիլակոկի մանրէ էր հայտնաբերված:
Այն հայտնաբերվել էր «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում, հավաստության համար «Արցախկաթը» սեպտեմբերի 18-ի նմուշներն ուղարկել է նաեւ Երեւանի «Ստանդարտ-Դիալոգ» լաբորատորիա, որի եզրակացությունները ընդունելի են եւ ԵՄ եւ ԵՏՄ տարածքում:
Այսօր Լեւոն Սարգսյանը հայտարարեց, որ նախնական տեղեկություններով «հնարավոր է, որ «Ստանդարտ-Դիալոգի» փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն այստեղ կատարված փորձաքննության արդյունքներին: Եթե այդպես լինի, ապա տնտեսվարողը կարող է վիճարկել երկու լաբորատորիաների փորձաքննությունների արդյունքները»:
Սեփական դիտարկումների, ստուգումների եւ «Արցախկաթին» ուղղված հանձնարարականների կատարման մեջ հավաստանալու արդյունքում առաջիկա ժամերի ընթացքում Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի նոր հրաման կլինի. արգելքը կհանվի:
Վաղվանից արդեն մարդիկ կարող են վայելել նաեւ «Արցախկաթի» թթվասերը:
Այս ամբողջ պատմության ընթացքում մասնագետները, պատասխանատուները եւս մեկ անգամ համոզվեցին, իսկ հանրությունն էլ հասկացավ, որ կաթնամթերքի արտադրության շղթան սննդամթերքի անվտանգության տեսանկյունից այնքան էլ պաշտպանված չէ:
Արտադրությունները սեփական լաբորատորիաներ չունեն: Արտադրանքն արդյունքում փորձաքննության է ուղարկվում երեք կամ հինգ օրը մեկ, յուրաքանչյուր փորձաքննություն տեւում է 3 օր: Այն, որ նույն ոսկեգույն ստաֆիլակոկը հայտնաբերվեց սեպտեմբերի 18-ի նմուշում, իսկ հետագա օրերի նմուշներն ըստ ՍԱՊԾ տնօրենի մաքուր էին, հուշում է, որ փորձաքննությունների միջակայքի օրերին վտանգավոր մանրէներով հագեցած սնունդը շատ հանգիստ կարող է հայտնվել մեր սեղանին: Իրավիճակից կատարած մեկ այլ, ավելի սարսափելի հետեւությունն էլ այն է, որ դա կարող է տեղի ունենալ նաեւ հենց փորձաքննության օրը, քանի որ արտադրանքը հայտնվում է վաճառասեղանին, այն ժամանակ, երբ դեռ հայտնի չեն լաբորատոր փորձաքննությունների արդյունքները: Այդպես էր սեպտեմբերի 18-ին. սպառողներին մատակարարված մանրէակիր թթվասերի խմբաքանակի մեծ մասը արտադրության արգելքի հրապարակման օրը արդեն սպառված էր: ՍԱՊԾ պետ Լեւոն Սարգսյանի տվյալներով՝ խանութներից հավաքվել էր 100 տուփից քիչ թթվասեր: Մյուս կողմից էլ երեք օր տեւող արդյունքներին սպասելու դեպքում՝ կունենանք երեք օրով հնացած թթվասեր:
Այս ամենից առաջին տպավորությունն այն է, որ կաթնամթերքի կատարվող փորձաքննությունները ընդամենը ձեւական բնույթ են կրում: Կարգով սահմանված է՝ կատարում են: Որքանո՞վ է դա մարդկանց ապահովագրում՝ կարեւոր չէ:
Հնարավո՞ր է արդյոք լրացնել բացը, որպեսզի մանրէները կամ այլ վտանգները հայտնաբերվեն մինչեւ սպառողին հասնելը: Ըստ Լեւոն Սարգսյանի՝ հնարավոր է՝ մանրէների պարունակության հավանականությունը ժամերի ընթացքում որոշող սարքի տեղադրման միջոցով: Գաղափարը պետական համակարգում դեռեւս քննարկվում է:
Իսկ «Արցախկաթում», ըստ Լևոն Սարգսյանի, վերազինման նոր փուլ են սկսելու: Ընկերության տնօրինությունը ՍԱՊԾ-ին իրազեկել է կանխարգելման համակարգը ընդլայնելու մասին, որ պատրաստվում են 4.5 մլն. դրամի ներդրում կատարել:
Ավաղ, փորձը ցույց է տալիս, որ նման ներդրումների համար վճարողը միշտ լինում է սպառողը: