«Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ընդունեց, որ իր խմբակցությունը պառակտված է». Գագիկ Մելիքյան
«Հանրապետության նախագահի հետ տարբեր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների քննարկումները մեզ մոտ այն համոզմունքն առաջացրին, որ կոնսոլիդացիա արդեն ձևավորվել է: Դա իր հիմնավորումն ստացավ նաև ԱԺ քննարկումների ժամանակ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը մասնակցեցին այդ քննարկումներին, և թեև հայտարարություններ էին անում, որ բովանդակային քննարկումներին աշխատելու են չմասնակցել, սակայն բոլորն էլ հանդես եկան բովանդակային առաջարկություններով, որոնց որոշ մասը հանձնաժողովի անդամների կողմից հավանության արժանացավ: Օրինակ՝ ՀԱԿ խմբակցության կողմից արված առաջարկությունը՝ ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ ժամկետի առումով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ քննարկումները ևս մեկ շատ կարևոր փաստ արձանագրեցին. «ԱԺ-ում քաղաքական ուժերի կողմից ձևավորված խմբակցությունները ոչ ամբողջությամբ են դեմ արտահայտվում բարեփոխումների նախագծին, և, պետք է նշեմ, որ հիմանակում նրանք կողմ արտահայտվեցին. այդ թվում՝ թե՛ «ժառանգությունը», թե՛ ՀԱԿ խմբակցությունը: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ընդունեց, որ իր խմբակցությունը պառակտված է և մի քանի հոգին են ընդամենը դեմ արտահայտվում բարեփոխումներին: Իսկ «Ժառանգություն» խմբակցությունից ընդամենը մեկ հոգի դեմ արտահայտվեց՝ «Ժառանգության» վերջին և միակ նախագահ Զարուհի Փոստանջյանը»:
Գ. Մելիքյանի կարծիքով՝ սահամանադրական բարեփոխումները առաջընթաց են՝ ժողովրդավարության առումով՝ հատկապես իշխանության իրավունքների նվազեցման և իշխանության պատասխանատվության բարձրացման տեսանկյունից. «Կարևոր է նաև այն, որ ընդդիմության մասնակցությունը գրեթե բոլոր իշխանական լծակների քվեարկություններին և ղեկավարների ընտրությանը պարտադիր է դառնում, քանի որ պահանջվում է 3/5 ձևաչափը: Այդ պարագայում կայուն մեծամասնությունը նույնիսկ չի կարող իր քվեարկությամբ անցկացնել հետևյալ պաշտոնների ընտրությունները՝ Կենտրոնական բանկի նախագահ, Վերահսկիչ պալատի նախագահ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և նախագահի ընտրություն և այլ կարևոր պաշտոնների ընտրություններ:
Լուրջ տեղ է հատկացվում նաև քաղաքացիական հասարակությանը, որն արդեն կարող է մասնակցել նաև օրենսդրական դաշտում իրականացվող փոփոխություններին, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակությունը կարող է հանրային բավականին լուրջ հետաքրքրություն ներկայացնող հարցերի առումով ստորագրահավաքի միջոցով հանրաքվեի առաջարկությամբ հանդես գալ(շուրջ 200 հազար ստորագրության դեպքում): Էլի բավականին լուրջ փոփոխություններ կան նախագծում»: