«Ես չեմ ուզում ասել՝ 100 տոկոս Ռուբեն Հայրապետյանն է, թե ինքը չէ, որովհետև կոնկրետ փաստեր չունեմ, բայց Տիգրանին ես ճանաչում եմ՝ որպես Հայրապետյան Ռուբիկի թիկնազորի անդամ». Սմբատ Հակոբյանը մանրամասներ է ներկայացնում ծեծի դեպքից
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ բռնություն են գործադրել թվով 6-7 անձինք: 1in.am-ի ուղիղ եթերի հեռարձակումից տեղեկանում ենք, որ լրագրողների հետ զրույցում Սմբատ Հակոբյանն ասել է, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ակցիա են կազմակերպել իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ՝ Մելիք-Ադամյան փողոցում:
Նրա խոսքով՝ Ոստիկանության ուղեկցությամբ, նախապես տեղեկացնելով, որ ակցիան բացառապես խաղաղ բնույթ է կրում, որևէ մեկի, կառույցի վրա քար կամ հոտած ձու նետելու խնդիր չունեն, պարզապես հայտարարություն են կարդալու, մի քանի հարյուր հոգով հասել են Մելիք-Ադամյան փողոց.
«Մենք այնտեղ Ոստիկանության ուղեկցությամբ այդ ակցիան նորմալ արել ենք, ավարտել ենք, ես ոտքով քայլել եմ դեպի Աբովյան փողոց, որ վերադառնամ տուն: «Մարկո Պոլոյի» դիմաց նոր շինարարություն են անում, մետաղից ցանկապատներ են կապած: Այդտեղ ես նկատեցի, որ ես Մելիք-Ադամյանից շարժվեցի, այդ 3-4 հոգին այդ պատի անկյունից իմ հետ շարժվեցին ոտքով:
Մեկի ձայնից շուռ եկա, տեսնեմ, որ իրենք են էլի: Մոտեցա՝ բա՝ Սմբատ, այնտեղ էի ուզում մոտենալ, այնտեղ հարմար չէր, այստեղ մոտեցա, կարևոր բան ունեմ քեզ ասելու, ու ձեռքով կամաց-կամաց հրում է դեպի այդ մետաղե դարպասից ներս, որտեղ շինարարական օբյեկտներն են: Ասեցի՝ եթե ասելու բան կա, այստեղ ասա, ինչո՞ւ ես… զգում եմ, որ ինչ-որ…. ու իրենք էլ 2-3 հոգի են արդեն:
Այսպես թափով հրեցին, այդ ցանկապատից ներս մտցրեցին, այդտեղ մի անձնավորության տեսա, որին ճանաչում եմ, երկար տարիներ առաջ եմ հանդիպել, չգիտեմ՝ հիմա որտե՞ղ է, ի՞նչ է անում, անունը Տիգրան է, նախկինում Հայրապետյան Ռուբենի թիկնազորում էր: Այդ Տիգրանը ձեռքը գցեց, վզովս բռնեց, ասեց՝ այ հիմա կբացատրենք՝ քեզ ինչ ենք անում, ու սկսեցին 4 կողմից հարվածներ տեղալը: Ճիշտ է, տղավարի ասեմ՝ ես էլ պակաս չեմ մնացել, բայց դե, ամեն դեպքում՝ իրենք կրեցին»,- պատմել է Ս. Հակոբյանը:
Նա նշեց, որ անընդհատ իրարամերժ տեղեկատվություններ է ստանում՝ արդյոք կատարվածը քաղաքականացվա՞ծ է, թե՞ ոչ.
«Նախ՝ ասեմ, որ ես Հայրապետյան Ռուբենի հետ անձնական որևէ խնդիր չունեմ, որևէ տալու-առնելու բան չունեինք իրար, այսպես ուղղակի ասեմ, որևէ վիճաբանություն մեր մեջ չի եղել՝ բացառությամբ, որ երեք ամիս առաջ այս զուտ քաղաքական թեմաներով գիշերով իմ ու իր մեջ բանավեճ է եղել, և ինքն այն ժամանակ բան է արել, որ՝ սպասի՝ կտեսնես: Դե, հիմա ես չեմ ուզում ասել՝ 100 տոկոս ինքն է (Ռուբեն Հայրապետյանը), թե ինքը չէ, որովհետև կոնկրետ փաստեր չունեմ, բայց որ կոնկրետ փաստ է, որ (Տիգրանը, հիմա չգիտեմ՝ իր թիկնազորո՞ւմ է, թե՞ թիկնազորում չէ) այդ մարդուն ես ճանաչում եմ՝ որպես Հայրապետյան Ռուբիկի թիկնազորի անդամ՝ Տիգրանին»: