Բացառիկ տեսագրություն. Վահան Մարտիրոսյանի մամլո ասուլիսը Բաքվում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով օրեր առաջ Հայաստանից փախել է Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, օգոստոսի 18-ին Բաքվում հանդես էր եկել մամլո ասուլիսով, որտեղ հայտնել էր, թե ինքնակամ է որոշում կայացրել հեռանալ Հայաստանից:

Ադրբեջանական մամուլում մինչ օրս լուսանկարներ էին տարածվել վերջինիս խայտառակ մամլո ասուլիսից: Սակայն դեռևս չէր հրապարակվել նրա մամլո ասուլիսը՝ տեսագրությամբ: Ստորև ներկայացնում ենք ասուլիսի տեսագրությունը, որը նկարահանել է AZ TV-ն:

Վերջինս հայտարարել է, թե Հայաստանի պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով: Վերջինս կնոջ և անչափահաս երեխայի հետ Ադրբեջան փախուստը պատճառաբանել էր իր ընտանիքին սպառնացող վտանգով:

Նա հայտարարել է, թե Հայաստանում արհեստականորեն թշնամական վերաբերմունք է սերմանվում Ադրբեջանի նկատմամբ: Նա Հայաստանը ներկայացնում է որպես բռնատիրական երկիր, այն դեպքում, երբ ողջ աշխարհը` միջազգային տարբեր կառույցներ տարիներ շարունակ հանդես են գալիս հայտարարություններով` դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, բռնաճնշումների դեպքերը` իրավապաշտպան կազմակերպությունների, լրագրողների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

Վահան Մարտիրոսյանը Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվել իր գլխավորած նախաձեռնության հասարակական-քաղաքական գործունեության պատճառով: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը վերջերս հայտարարել էր, թե ինքն ու իր կինը ծեծի են ենթակվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով իր հղի կինը կորցրել է երեխային: Այս մասին նա հայտարարում է նաև ասուլիսում:

Հայտնի է, որ Մարտիրոսյանին Ադրբեջանում քաղաքական ապաստան ստանալու հարցում օգնել են իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն ու Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը:

Նշենք, որ Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափերով գողություն): Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, գործի շրջանակներում որոշում է կայացվել Վահան Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սեպտեմբերի 9-ից Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պարզվել է նաև, որ Վ.Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015թ.)։

Տեսանյութեր

Լրահոս