Հայոց Համազգային շարժման գործիչների մասին 66 հատոր կազմող հայտնի գործը գտնվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը, այժմ Ազգային արխիվում է
Այսօր լրագրողների հետ հանդիպել էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Ասուլիսի թեման՝ Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրն է:
Բանախոս Ա. Վիրաբյանն ասուլիսը սկսեց պատմական ակնարկով՝ անդրադառնալով մեր հազարամյա ոչ անկախ պետության պատմությանը, 1918թ. վերականգնված պետականությանը, այնուհետև Երրորդ Հանրապետության անկախությանը: Ա. Վիրաբյանն այն կարծիքին է, որ, թեև առաջիկա օրերին կնշվի անկախության երկրորդ տասնամյակն ու մի բան էլ ավելին, այնուամենայնիվ, մեր երկիրը դեռ լուրջ կայացման խնդիր ունի, որի պատճառներից մեկն էլ, ըստ նրա, վերջին 24 տարիների ընթացքում թվով Երրորդ Սահմանադրության ընդունումն է, որը զարմանալի մեծ թիվ է, եթե գործ ունենք ընդամենը 24 տարվա և պետության հետ.
«Ստացվում է, որ 7-8 տարին մեկ մենք սահմանադրություն ենք փոխում և փոխում ենք հիմնավոր, իսկ վերջինն ընդհանրապես փոխում է նաև պետականության կառավարման կարգը: Համեմատության մեջ տեսնելու համար պետք է նշենք, որ ԱՄՆ-ը իր Սահմանադրությունն ընդունել է 200 տարի առաջ և մինչև հիմա ընդամենը մի քանի, կարծեմ՝ 10, փոփոխություն է գրանցվել, և այդ Սահմանադրությունը գործում է, որովհետև ընդունել են մարդիկ, ովքեր հավաքվել և մտածել են իրենց ժողովրդի և պետականության մասին, այլ ոչ՝ հանգամանքների: Իհարկե, ես պետական ծառայող եմ, բայց իմ կարծիքով՝ այս փոփոխությունները մեզ համար չափազանց շատ են: Ավելի խորն էր պետք մտածել և ընտրել ավելի բարենպաստ ժամանակ, ինչևիցե»,- ասաց նա:
Անդրադառնալով վերջին տարիներին ստեղծված արխիվին, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ արխիվում այսօր պահպանվում են Երրորդ Հանրապետության արխիվային բոլոր փաստաթղթերը.
«Այո, պետական կառավարման բոլոր մարմինների փաստաթղթերը կան Ազգային արխիվում, բացառությամբ՝ Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, բնականաբար, մեզ իր արխիվը չի հանձնել նաև Ազգային անվտանգության ծառայությունը: Այս գերատեսչություններն ունեն իրենց առանձին արխիվները: Մեզ իր արխիվն է հանձնել Ներքին գործերի նախարարությունը, որ այժմ կոչվում է Ոստիկանություն, մենք շուտով կստանանք նաև 90-ականների որոշ փաստաթղթեր, որոնք պահպանվում են նախագահի աշխատակազմում»:
Ա. Վիրաբյանն այն համոզման է, որ ապագա ուսումնասիրողների և պատմաբանների համար Ազգային արխիվն այժմ արդեն նախապատրաստել և պահպանում է զգալի մեծ ու կարևոր արխիվ: Բանախոսն ուրախ է հայտնել, որ այսօր արդեն նոր տեխնոլոգիաների ներդրմամբ արխիվի աշխատանքները նկատելիորեն բարելավվել և ուսումնասիրությունների նպատակով առավել հասանելի են դարձել.
«Ես համակարգչի առջև նստած՝ արդեն ծանոթ եմ բոլոր փաստաթղթերին, դրանց տեսակներին, բովանդակություններին, և այլն: Դա առայժմ դեռ ներքին ցանց է, բայց որոշակի անվտանգության հարցեր լուծելուց հետո արդեն որոշ մասը հասանելի կդառնա նաև կայքի այցելուների համար: Շեշտում եմ՝ որոշակի մասը, որովհետև, բնականաբար, կան մեծ թվով փաստաթղթեր, որոնց բացահայտումն այս պահին կամ առհասարակ չի նախատեսվում: Միգուցե կգա մի օր, որ դրանք հասանելի կդառնան, բայց հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ»:
Արխիվի տնօրենը տեղեկացրեց նաև, որ ընթացքի մեջ գտնվող թվայնացման պրոցեսն իսկապես շատ կարևոր է մի քանի հանգամանքներով.
«Թվայնացումը, առաջին հերթին՝ ապահովում է բնագրի անվտանգությունը՝ դարձնելով այն անձեռնմխելի, որովհետև հետագա բոլոր գործընթացներում օգտագործվում է փաստաթղթի թվայնացված տարբերակը, և երկրորդ՝ անհամեմատելիորեն հեշտանում են որոնողական աշխատանքները, և այլն»:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր անձնական արխիվում դեռ պահպանում է բնագրերով փաստաթղթեր, որոնք վերաբերում են Երրորդ Հանրապետության առաջին տարիներին, Ա.Վիրաբյանը պատասխանեց. «Պատճեններ ունի, նույնիսկ մենք ենք դրանց մի մասը պատրաստել և փոխանցել նրան, իսկ բնագիր չունի: Դատախազության՝ Հայոց Համազգային շարժման գործիչների մասին 66 հատոր կազմող հայտնի գործն էր, որը մենք հետ ստացանք, ու հիմա պահպանվում է Դատախազությունում, բայց, անկեղծ ասած, մնացածի մասին չեմ կարող ասել, չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել, որովհետև իր տանը երբեք չեմ եղել: Պարզապես Ձեզ իրավիճակը բացատրեցի, այն, ինչ փաստ է՝ որ վերոհիշյալ 66 հատորները գտնվում էին իր առանձնատանը՝ սև շենքում: Համենայնդեպս, պետք է նշեմ, որ չի եղել այնպիսի փաստաթուղթ, որ մենք նախագահի աշխատակազմում չգտնենք»:
2014թ. տվյալներով՝ Ազգային արխիվի ամենատարբեր ծառայություններից օգտվելու նպատակով կառույցին է դիմել թվով մոտ 30.000 քաղաքացի, և, ըստ բանախոսի, ոչ մի դժգոհություն չի գրանցվել, նույնիսկ այն դեպքում, երբ գրանցվել են նաև մերժումներ, որոնք պայմանավորված են եղել հիմնականում 90-ականներին էներգակիրների սղության պատճառով փաստաթղթերի այրված կամ ոչնչացված լինելու հանգամանքով, քանի որ այդ ժամանակ զգալի թվով փաստաթղթեր են այրվել:
«Արխիվը զարմանալի մի աշխարհ է, որտեղ ամեն ինչի մասին, ամեն ինչ կա, ուղղակի որոշ ինֆորմացիաների համար դեռ ժամանակը չի եկել հրատարակելու, նախապես հաշվի առնելով մեր ժողովրդի մենթալիտետը: Օրինակ, ոչ մեկը չի ցանկանա, որ իր ծնողների մասին՝ նույնիսկ մահացած ծնողների, որոշ մանրամասներ մեջտեղ գան, բայց ժամանակի ընթացքում դրանք նույնպես կհրատարակվեն»,- եզրափակեց իր խոսքն Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: