Մենք ու բրիտանացիները
Բրիտանական Independent-ը վերջերս անդրադարձել էր մի հետաքրքիր թեմայի, որը մեզ` հայերիս, մտածելու ահագին տեղիք է տալիս։ York Potash Ltd ընկերությունը Մեծ Բրիտանիայում պատրաստվում է պոտաշի հանքավայր բացել (պոտաշը հանքանյութ է, որն օգտագործվում է պարարտանյութերի արտադրության մեջ)։
1.7 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ այս նախագիծն արդեն հաստատվել է պատկան մարմինների կողմից, և համապատասխան խորհրդի 8 անդամներից 7-ը կողմ են քվեարկել դրան։
Իսկ աղմուկի պատճառ դարձել է հանքավայրի տեղը։ Այն գտնվում է Հյուսիսային Յորքի ազգային պարկում, ծովային տուրիստական հանգստավայրից ընդամենը 4 կմ հեռավորության վրա։
Նախագծին դեմ են արտահայտվել 29 բնապահպանական կազմակերպություններ, բայց հանքը, միևնույն է` շահագործվելու է։
Հիմա ընթերցողներից ոմանք կզարմանան` Մեծ Բրիտանիայո՞ւմ էլ բնապահպանությունը բանի տեղ չեն դնում։ Ու միգուցե մտածեն` այս հարցում Մեծ Բրիտանիան ու Հայաստանն ահագին նմանություններ ունեն։
Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ. կան և՛ նմանություններ, և՛ տարբերություններ։
Նմանությունն այն է, որ այնտեղ բնապահպանները նույնպես դեմ են հանքերին, ինչպես մեզ մոտ, քանի որ հանք և բնություն ասվածը գտնվում են տարբեր հարթություններում։ Սակայն նմանություններն այսքանով ավարտվում են։
Ու շատ ավելի ուշագրավ են դառնում տարբերությունները։ Մեր և բրիտանացիների ամենամեծ տարբերությունը փաստարկներն են։ Տեսեք, թե ինչու են այնտեղ ոմանք կողմ, իսկ ոմանք` դեմ պոտաշի հանքի շահագործմանը։
Այսպես, նախագծի կողմնակիցները չեն հերքում, որ հանքի շահագործումը որոշակի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։ Սակայն նշում են, որ դա ապահով տնտեսական ապագա է խոստանում այս տարածքի բնակիչների համար։ «Այս նախագիծը բացառիկ հնարավորություն է ստեղծում Մեծ Բրիտանիայի և, մասնավորապես, Հյուսիսային Յորքի համար։ Ամենակարևորն այն է, որ դրա կողմնակի ազդեցությունները կարճատև բնույթի են, իսկ օգուտները` երկարաժամկետ»,- ասել է բնապահպանական խորհրդի անդամ Դևիդ Ուոլկերը։
Իսկ ինչո՞վ են իրենց դեմ լինելը հիմնավորում բրիտանացի բնապահպանները։ Նրանք ասում են, որ պոտաշի հանքը կձևափոխի շրջակա միջավայրը։ Նշում են նաև, որ հանքավայրը բացվում է ազգային պարկի տարածքում, ինչը լուրջ հարված է հասցնում «ազգային պարկի իդեալներին»:
Ուշադրություն դարձրեք` խոսքը չի գնում, որ հանքը կթունավորի հողը, ջուրը, մարդկանց։ Խոսքը գնում է սկզբունքների մասին` ազգային պարկ է, ուրեմն չի կարելի դրան ձեռք տալ։ Խոսքը գնում է այն մասին, որ հանքը կվնասի բնապատկերը, բնականաբար, կփոխի տարածքի տեսքը ու կվնասի վայրի բնությանը, այսինքն` կենդանական աշխարհը ստիպված է այդտեղից հեռանալ:
Ինչո՞ւ թունավորման մասին այնտեղ չեն խոսում։ Որովհետև Մեծ Բրիտանիայում բնապահպանն ու քաղաքացին վստահում է համապատասխան պետական կառույցին։
Հավատում է, որ, եթե նման վտանգ լիներ, ապա նախագիծը հաստատ չէր հաստատվի։ Ու եթե ոլորտը համակարգող պետական կառույցն ասում է, որ մարդկանց առողջությանը սպառնացող, թունավորման վտանգ չկա, այդ հարցն օրակարգից դուրս է գալիս։ Օրակարգի մաս են կազմում այլ հարցեր, օրինակ` բնապատկերի տեսքն ու շրջակա միջավայրի բազմազանությունը, որն ինչ-որ տեղ արդեն ճաշակի հարց է, և որի շուրջ կարելի է բանավիճել։
Իսկ մեզ մոտ որքան էլ հանքը շահագործող ընկերությունն ու պետական մարմինը հայտարարեն, որ վտանգ չկա, որքան էլ հիմնավորեն գիտական ուսումնասիրություններով ու արտասահմանյան փորձագետների եզրակացություններով` մեր բնապահպաններն անդրդվելի են։ Նրանք հենց սկզբից կարող են ցանկացած հանքի ազդեցությունը համեմատել ատոմային ռումբի պայթյունի հետ և երբեք հետ չկանգնել այդ մտքից։ Ու այստեղ պատճառը ոչ թե մեր ու բրիտանացի բնապահպանների տարբերությունն է, այլ` վստահության մակարդակը պետության նկատմամբ։ Այսինքն` գլխավոր տարբերությունը վստահությունն է։
Կա ևս մեկ ուշագրավ տարբերություն։ «Նախագծի իրականացումը կձևափոխի տվյալ տարածքի բնույթը և բացասաբար կանդրադառնա տուրիստական առևտրի ծավալների վրա, որն այս շրջանի եկամտի հիմնական աղբյուրն է»,- նշվում է 29 բնապահպանական կազմակերպությունների կողմից հրապարակված ընդհանուր նամակում։
Այսինքն` անգամ բնապահպաններն իրենց փաստարկների հիմքում դնում են երկրի ու տարածաշրջանի տնտեսական շահերը։ Նրանք ասում են, որ այսօր այս տարածքը տուրիզմից ավելի շատ է շահում, քան կշահի հանքից։ Սա նույնպես առողջ բանավեճի առարկա է։
Ի դեպ, մեր բնապահպանները ժամանակին նույնպես փորձեցին իրենց տեսակետին տնտեսագիտական հիմնավորումներ տալ։ Նրանք ասում էին, որ հանքերի շահագործման փոխարեն` կարելի է զարգացնել գյուղատնտեսությունը և վաճառել, օրինակ, մեղր։ Սակայն այս խոսակցություններն ու ոգևորությունն արագ մարեցին, որովհետև պարզվեց, որ հայկական մեղրն արտերկրում մրցունակ չէ, իսկ գյուղատնտեսությունը Հայաստանում առայժմ այն մակարդակին չի հասել, որ կարողանա գոնե մասամբ փոխարինել հանքարդյունաբերությանը։
Եվս մի հետաքրքիր մեջբերում բրիտանացի բնապահպանների նամակից. «Մենք չենք համարում, որ York Potash Ltd ընկերությունը բավարար չափով ապացույցներ է ներկայացրել` ապացուցելու համար, որ ազգային մակարդակով հանքի շահագործման անհրաժեշտություն կա։ Բացի այդ, բավարար չափով ապացույցներ չկան, որ հաշվի են առնվել այլընտրանքային հանքավայրեր` ազգային պարկի տարածքից դուրս»։ Այս երկու նախադասություններում իրականում թաքնված է ողջ հմայքը։ Անգլիացիները սկզբունքորեն դեմ չեն հանքերին, քանի որ հասկանում են` հիմարություն է հանքի հարստությունը չօգտագործելը։ Նրանք դեմ են հանքավայրին, որը գտնվելու է ազգային պարկի տարածքում։ Ու մեղադրում են ընկերությանը ոչ թե` խաբեության կամ սխալ տվյալներ ներկայացնելու մեջ, այլ` կոչ են անում պատշաճ կերպով նման հանքավայրեր փնտրել այլ վայրերում։ Միգուցե դրանք գոյությո՞ւն ունեն։
Ու այս ամենով հանդերձ` նրանք համոզված չեն, որ դա երկրին լուրջ տնտեսական օգուտ է բերելու և կրիտիկական նշանակություն ունի։ Եթե դրանում համոզվեն, չի բացառվում, որ դադարեն ընդդիմանալ և բնության արտաքին տեսքը զոհաբերեն հանուն տնտեսական շահի։
Իսկ հիմա տեղափոխվենք Հայաստան։ Հայաստանի արտահանման 45%-ը հանքարդյունաբերական արտադրանքն է։ Անգամ մետաղների միջազգային գների անկման ֆոնին` հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալներն այս տարվա ընթացքում ավելացել են ու ապահովել արտահանման ընդհանուր ցուցանիշի աճը։ Հանքարդյունաբերությունն ապահովում է ՀՀ պետբյուջեի մուտքերի մի զգալի մասը։ Իսկ պետբյուջեն այս տարի, ինչպես գիտեք, մեծ դժվարությամբ է հավաքվում։ Կարճ ասած, հանքարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկն է (ուզենք թե չուզենք)։
Իսկ մենք դեմ ենք հանքարդյունաբերությանը, այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրումները վերջին տարիներին ու այս տարվա առաջին կիսամյակում խայտառակ անկում են գրանցել։ Եթե Մեծ Բրիտանիայում պետք է ապացուցել, որ կոնկրետ նախագիծը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի համար, այստեղ դա ապացուցման կարիք չունի։ Գլխանց պարզ է։
Բայց մենք խոսում ենք ահասարսուռ վտանգների մասին ու ցանկանում ենք վերացնել գործող հանքերն ու թույլ չտալ մյուս ներդրողների մուտքը։ Մենք չենք հավատում կառավարությանը, ինչը բացատրելի է։ Բայց մենք հավատում ենք, որ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է, ու, միևնույն ժամանակ` փորձում զրկել երկիրը եկամտի հիմնական աղբյուրներից մեկից։
Կարճ ասած, ի տարբերություն անգլիացիների` մենք չենք մտածում տնտեսության մասին։ Ու սա` այն դեպքում, երբ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում շուրջ 3600 դոլար է, Մեծ Բրիտանիայում` 45600 դոլար։