ՀԾԿՀ-ին խորհրդատվություն տրամադրող ընկերությունը գրանցված է Մոսկվայում
Էլեկտրաէներգիայի թանկացումից միայն ավելի քան 1 ամիս անց՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ կառավարությունը պայմանագիր կնքեց «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» (Deloitte & Touche CIS) միջազգային խորհրդատվական ընկերության հետ՝ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման շուրջ: Ընկերությունը պետք է իրականացնի էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` ստեղծված իրավիճակում սակագների չբարձրացման հետևանքների գնահատում:
Հայտարարվեց, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրել է «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության կողմից պահանջված ողջ տեղեկատվությունը: Խորհրդատուի խնդրանքով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ հանձնաժողովի և «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության ներկայացուցիչների միջև, ինչպես նաև՝ հանձնաժողովի շենքում կազմակերպվել է հանդիպում «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-ի և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացուցիչների միջև:
Ընկերությունն աշխատանքը պետք է իրականացնի 3 փուլով: Առաջին փուլի ընթացքում՝ սեպտեմբերի 7-25-ը, ընկերությունը պետք է վերլուծություն իրականացնի 2010-15 թթ. համար ամբողջ արտադրական շղթայի՝ սկսած արտադրողից՝ մինչև սպառող, 2010թ.-ից ՀՀ էներգետիկ հաշվեկշռի վերլուծություն, ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների ձևավորման գործընթացի վերլուծություն, այդ թվում՝ հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների և ՀԾԿՀ-ի կողմից վերլուծության ենթարկվող ամբողջական ուսումնասիրություն, կանխատեսված/պլանավորված ցուցանիշների փաստացի շեղումների պատճառների վերհանում (պայմանավորված շուկայի հիմնական մասնակիցների ֆինանսական արդյունքներով, արտադրության ծավալներով/սպառված էներգիայի ծավալով, փոփոխվող կլիմայական պայմաններով չնախատեսված կանգով), կարգավորվող ընկերությունների կողմից ՀԾԿՀ-ին տրամադրված սակագների փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում՝ սակագնի մեջ ներառված և չներառված ծախսերի բացահայտում և դրանց հիմնավորվածության գնահատում, այդ թվում՝ համեմատելով համադրելի ընկերությունների հետ:
Նախատեսվում է հնարավոր զարգացումների քննարկում՝ ՀՀ-ում սակագնի մակարդակի կանխատեսում՝ ելնելով բալանսային տարբեր իրավիճակներից (հաշվի առնելով էներգիայի հզորության և արտահանման կարողությունների բարձրացման ծրագրերը), ոլորտի առանցքային ընկերությունների կողմից հնարավոր ներդրումների և ֆինանսական արդյունքների իրականացման վրա սակագների փոփոխության հետևանքների ազդեցության վերլուծություն, էներգամատակարարման հուսալիության մակարդակի վերլուծություն (սարքավորումների մաշվածություն, խափանումների, վթարների, անջատումների քանակ) և էներգամատակարարման հուսալիության մակարդակի նվազեցման ռիսկերի գնահատում՝ առկա միջոցների շրջանակներում ներդրումների կատարման դեպքում (անկախ փորձագետների եզրակացությունների հիման վրա): Առաջին փուլի վերջում ընկերությունը եզրակացություններ պետք է տա՝ 2015-16 թթ. սակագների, ինչպես նաև՝ դրանց փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ ՀԾԿՀ գործողությունների մասին:
Երկրորդ փուլը տևելու է սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 23-ը, որի ընթացքում «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-ն իրականացնելու է էներգետիկ համակարգում սակագների կրճատման հնարավորությունների վերլուծություն, այդ թվում՝ կորուստների, ծախսերի ուսումնասիրություն ու համեմատություն ՌԴ և ԱՊՀ երկրների համապատասխան ընկերությունների հետ:
Երրորդ փուլը մեկնարկելու է հոկտեմբերի 26-ին և ավարտվելու է դեկտեմբերի 6-ին, որի ընթացքում խորհրդատվական ընկերությունը պետք է վերլուծի ՀՀ էներգետիկ համակարգի 2016-36թթ. զարգացման ռազմավարությունը:
Այս աշխատանքների համար ՀՀ կառավարությունը «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերությանը վճարելու է 230 հազար դոլար՝ ըստ փուլերի՝ համապատասխանաբար՝ 120 հազար 750 դոլար, 74 հազար 750 դոլար և 34 հազար 500 դոլար: Եթե նշված աշխատանքներն անաչառ ու լուրջ մասնագիտորեն իրականացվեն, այս գումարը, կարելի է համարել, որ զուր չի վատնվել:
Սակայն ուշագրավ է, որ միջազգային կոչվող այս ընկերությունը գրանցված է Մոսկվայում՝ Լեսնայա 5 հասցեով, պայմանագիրը ստորագրել է Վյաչեսլավ Սերոնոգովը:
Ստացվում է, որ իրականում ռուսական ընկերությունը հայկական փողերով պետք է ուսումնասիրի, թե արդյոք ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին պատկանող ՀԷՑ-ի համար ստեղծվա՞ծ են բոլոր նպաստավոր պայմանները շահավետ աշխատելու համար: Սա պարզապես լուրջ չէ: Նման իրավիճակում չի բացառվում, որ այս ուսումնասիրության արդյունքը բոլորովին այն չի լինի, ինչ սպասում է հայ հանրությունը, այսինքն՝ ոչ թե էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման, այլ դրա բարձրացման անհրաժեշտության մասին կհայտարարվի:
Ի դեպ, թեև պայմանագրի կողմերը հայկական ու ռուսական են, սակայն փաստաթուղթը կազմվել է հայերեն և անգլերեն լեզուներով: Հետաքրքիր կլիներ իմանալ՝ ինչո՞ւ: