Ընտանեկան բռնությունների թիվը Շիրակի մարզում ավելացել է
asparez.am-ը գրում է. Հոգեբանական բռնության ականատես երեխաների մոտ առաջանում է վախ, տագնապ, կակազություն, գիշերամիզություն: Այս երեխաների համար իրականացվող խաղային թերապիաների ժամանակ բացահայտվում է վերջիններիս վերաբերմունքն ընտանիքի բռնարարի հանդեպ:
Կանանց իրավունքների կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հոգեբան Քրիստինա Բաղդասարյանը պատմում է, որ կենտրոնի շահառուների 4-ամյա երեխան հորը նկարում էր համեմատաբար փոքր, աչքերը չէր ուզում նկարել: Այսպիսով, ըստ հոգեբանի, ցայտուն արտահայտվում է երեխայի վերաբերմունքը բռնարարի նկատմամբ: Երեխայի հայրն ընտանիքի հանդեպ ունեցել է ինչպես անտարբեր, այնպես էլ ագրեսիվ վերաբերմունք:
Կանանց իրավունքների կենտրոնի Գյումրու մասնաճյուղն օրական միջինը ստանում է 4-5 առաջնային զանգ: Քաղաքացիները զանգում են կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարին, ստանում իրավաբանական, հոգեբանական խորհրդատվություններ. կենտրոնն իրականացնում է նաեւ համապատասխան ծառայություններ: Զանգում են հիմնականում Գյումրու բնակիչները, գյուղական բնակավայրերից առայժմ զանգեր չեն ստանում, կենտրոնի աշխատակիցներն ասում են` տեղեկացվածություն մակարդակի բարձրացում է անհրաժեշտ: Գյումրիում այս կենտրոնն արդեն գործում է մոտ 2 ամիս ու կես, իսկ Երեւանում այն շարունակում է աշխատել 1997 թվականից:
Հոգեբանական բռնությունների մասին պատմություններն ավելի շատ են կենտրոնում, քան սեռական եւ ֆիզիկական:
-Սկզբում դժվար է կնոջ համար հաղթահարել դժվարությունները եւ խնդրի համար դիմել հոգեբանի օգնությանը, նրանք խոսում են հուզված, ամաչում են խոսել իրենց խնդիրներից: Հոգեբանական խորհրդատվություն ստանալով` արդեն բարձրանում է կանանց ինքնագնահատականը, լավատեսությունը, առաջ են գալիս խնդիրն ինքնուրույն հաղթահարելու ձգտումները, նաեւ մենք տեղեկացնում ենք իրենց, որ մեզ մոտ գաղտնիությունն ապահովված է,-ասում է կենտրոնի հոգեբան Քրիստինան ու օրինակներից մեկը պատմում, երբ կնոջ մոտ ծծնդաբերությունից հետո առաջ է եկել քաշի ավելացում, ամուսինը սկսել է վիրավորել եւ բռնությունն առաջ է եկել նվաստացումների տեսքով:
Շիրակի մարզում բռնությունների ավելացման միտում է նկատում կենտրոնի իրավաբան Անահիտ Մկրտչյանը, միաժամանակ ասում է` կամ ավելի շատ են սկսել խոսել դրա մասին:
-Ըստ իս` բռնությունների ավելացման տենդեցի պատճառը օրենքի բացն է, քանի որ չունենք օրենք, որը կկարգավորի բռնության դեպքերը: Ճիշտ է, քրեական օրենսգրքով կան որոշ հոդվածներ` ծեծ, խոշտանգումներ, առողջությանը միջին կամ ծանր վնաս հասցնելու մասին, սակայն չկա կոնկրետ բռնությունը կանխարգելող որեւէ օրենք: 2007-2009 թթ Կանանց իրավուքների կենտրոնը մշակել է ընտանեկան բռնության մասին նախագիծ, սակայն, ցավոք, կառավարությունը այն նպատակահարամար չի գտել ընդունել, կիրառել Հայաստանում: Կենտրոն դիմած քաղաքացիներն հիմնականում դիմում են ամուսնալուծությունների, հայրության ճանաչման, ալիմենտի բռնագանձման խնդիրներով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: