«Լավրովի այցն Ադրբեջան հօգուտ Հայաստանի շահերի է»
Մեր զրուցակիցն է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը
– Պարոն Բաղդասարյան, սեպտեմբերի 15-ին մեկնարկող ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի Նյու Յորքի նստաշրջանի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի նախաձեռնությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
– Սա առաջին հանդիպումը չէ` տարբեր ֆորմատներով, տարբեր միջնորդներով կազմակերպված: Բայց ցավում եմ, որ հանդիպումների ժամանակ, երբ բանակցային փուլում մի բան են խոսում, հետո հանկարծ մեր ոչ բարեկամ հարևանները խախտում են այդ պայմանավորվածությունները: Չեմ կարծում, որ սա կարող է ինչ-որ նոր արդյունք տալ, որովհետև մենք տարիներ շարունակ սովոր ենք դրան, նույնիսկ նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, դա տեսել է նաև միջազգային հանրությունը և միջազգային տարբեր կազմակերպություններ, որ խախտվում են մեր ագրեսոր հարևանների կողմից:
Այս պահին ես նույնպես համոզված եմ, որ կհանդիպեն արտգործնախարարները, մյուս կողմը կրկին կհնչեցնի, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով, բանակցային տարբերակով ձեռնտու է բոլորին, բայց մի երկու րոպե հետո կլինեն ագրեսիաներ, շանտաժներ, որ մեզ համար սովորական երևույթ է: Անկեղծ ասած` դրական ակնկալիք այդ հանդիպումից հետո, հետևելով նրանց վարած քաղաքականությանը, չեմ կարծում, որ այդ իրավիճակում որևէ արդյունք կլինի:
– ԱՄՆ-ը փորձում էր հանդիպումը նախագահների մակարդակով կազմակերպել, բայց, կարծես թե Կրեմլի ջանքերով նախագահների մակարդակով հանդիպումը ձախողվեց:
– Չեմ կարծում, խնդրում եմ՝ նման տիպի ենթադրություններ չանել, ընդհանուր առմամբ մեր նախագահը, չեմ կարծում, որ որևէ անգամ հրաժարված լինի որևէ հանդիպումից, և Ռուսաստանն էլ խոչընդոտի նման տիպի հանդիպումներին: Ինձ թվում է, էական նշանակություն չունի, թե ով կլինի միջնորդը՝ Ռուսաստա՞նը, թե՞ ԱՄՆ-ը, թե՞ Մինսկի խումբը, համենայն դեպս, մենք բազմաթիվ հանդիպումների ականատես ենք եղել և, չեմ կարծում, որ որևէ խոչընդոտ կար նման հանդիպման: Չեմ կարծում, որ նման պայմանավորվածություն եղել է:
– Այդ դեպքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցելությունը Բաքու, վերջին օրերին Ադրբեջանի արդեն ավանդական դարձած քաղաքականությունը` սահմանին իրավիճակը սրելը, Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո էլ որևէ քաղաքական հայտարարություն չարվեց, այս ամենն ինչի՞ մասին են վկայում:
– Դուք պարզապես պատահականությունների եք հետևում:
– Դրանք պատահականություննե՞ր են:
– Պատահականություն են, հիմնավորեմ ինչու` երկու նախագահների այս հանդիպումը պայմանավորված էր դեռ հուլիսին, երբ մենք այստեղ քննարկում էինք վարկային ծրագիր, գազի գին, այդ ժամանակ կար պայմանավորվածություն, և ԵՏՄ ու տարածաշրջանային զարգացումների շրջանակում պետք է հանդիպումը լիներ: Իսկ այս ագրեսիան, սադրանքները, սահմանի միջադեպերը եղել են ավելի ուշ: Հարկավոր է ուշադրություն դարձնել, որ նախ և առաջ` որերորդ անգամ Պուտին-Սարգսյան հանդիպումից առաջ ակտիվանում է ադրբեջանական ագրեսիան: Սա պատահականություն չէ, զուգադիպություն է, որը լինում է դիտավորյալ:
Լավրովի այցն Ադրբեջան ի օգուտ մեր՝ Հայաստանի շահերի է: Մեզ համար էական չէ, դա կլինի Մինսկի խմբի անդամ երկրի արտգործնախարա՞ր, թե՞ այլ երկրի, նրա ներկայությամբ Բաքուն կարող է այդ ագրեսիան շարունակել: Բայց ավելի ուշագրավ է, որ, երբ որևէ լուրջ քաղաքական կամ տնտեսական գործընթացներ են գնում, իրավիճակ է սրվում Ադրբեջանում, նրանց կողմից այս ագրեսիան կրկին լինում է: Նավթի գների անկում, ապրանքների գների թանկացում, իրենց տարադրամի արժեզրկումգ Նրանք նավթադոլարներով են խոսում, այսօր տնտեսական լուրջ խնդիր կա, իսկ հանրության ուշադրությունը շեղելու ամենահեշտ միջոցն անվտանգության սրացումն է, երբ խարխլում են այդ իրավիճակը:
Եթե նկատել եք, մեզ մոտ՝ Հայաստանում, հենց առաջանում է ԼՂ անվտանգության խնդիրը, թե՛ ընդդիմությունը, թե՛ մյուս բոլորը լռում են այլ հարցերում և ամբողջ ուշադրությունը սևեռում են այդ անվտանգության խնդրին: Ալիևների ընտանիքի համար սա նոր գործիք չէ, թե՛ ընտրություններից առաջ, թե՛ տնտեսական խնդրի ընթացքում Ալիևը թիրախ է դարձրել Ղարաբաղն ու Հայաստանը, ու անընդհատ ագրեսիաներ է ստեղծում, որեպսզի շեղվի այդ ուշադրությունը: Սա վարկածներից մեկն է: Երկրորդը` ամենահավանականը, որ պարբերաբար կրկնվում է, ՀՀ-ՌԴ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ սրում է գնում:
Սրան մենք պետք է ուշադրություն դարձնենք, և դա ժամանակավոր երևույթ եմ համարում: Եվ մի բան. ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանն ինքն էլ գիտակցում է, որ այսօր ինքը պատերազմական իրավիճակի պատրաստ չէ: Երբ տարբեր քաղաքական մեկնաբաններ նշում են, թե պատերազմական իրավիճակ է հասունանում, սա պարզապես, այսպես ասած, հանրության ուշադրությունը շեղելու միջոցներ են: Բայց այդ իրավիճակը սրելը շատ վատ միջոց է, որովհետև մեզ համար ամեն մի զինվորի կյանքը շատ թանկ է, ես չգիտեմ, թե իրենց մոտ ինչ արժե զինվորի կյանքը, որովհետև անընդհատ մեկին` երկու-երեք զոհեր են տալիս ու թաքցնում են դա: Մենք երբեք չենք թաքցնում զինվորների զոհվելը, հայտարարում ու ցավակցում ենք, իսկ նրանք անընդհատ փորձում են թաքցնել: Եվ ցանկացած միոջոցով, տարբեր եղանակներով այդ ագրեսիան փորձում են վերագրել Հայաստանին, այն Հայաստանին, որ հաղթանակած կողմ է, և որևէ անգամ դա ձեռք չի տալիս մեզ:
– Տարածաշրջանում ազդեցության համար ԱՄՆ-ի և ՌԴ-ի պայքարի մասին ի՞նչ եք մտածում:
– Չեմ կարծում, որ ՌԴ-ն ցանկանում է խոչընդոտել ԱՄՆ-ին այստեղ ազդեցությունն ավելացնելու հարցում: Բնականաբար, Հայաստանն իր ռազմավարական ու աշխարհագրական դիրքով բավականին հետաքրքրություն է ներկայացնում գերտերությունների համար, և ՌԴ-ն այսօր մեր ռազմավարական գործընկերն է: Իսկ ԱՄՆ-ի հետ որևէ մեկ անգամ չենք հնչեցրել, որ լավ հարաբերություններ սահմանելու և շարունակելու ցանկություն չունենք, առավել ևս ԱՄՆ-ը մեր` ԵՏՄ մուտք գործելու պահին հայտարարեց, որ ըմբռնումով է մոտենում այս իրավիճակին, ու ասացին, որ պետք է շարունակեն գործակցությունն ու իրենց ներդրումները Հայաստանում:
Իսկ այդ թվացյալ մրցակցությունն ազդեցության համար, դա լրատվական, քաղաքական հետաքրքրությունների շրջանակներում է, որ կան երկու գերտերություններ, որոնք իրենց շահերն ունեն տարածաշրջանում և մեկը մյուսին խոչընդոտում են: Եթե որևէ հանդիպում շատ բնական պահանջներով չի կայանում, անմիջապես ասում են` ՌԴ-ն խանգարեց, կամ ԱՄՆ-ը խանգարեց: Իսկ մոտ կանգնածները՝ այդ հարաբերություններին, ինֆորմացիային տիրապետողները, գիտեն, որ մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի:
– ԵՏՄ վարչապետների հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց առևտուրն իրականացնել ռուսական ռուբլիով: Արդյոք սա ՀՀ-ն ավելի շատ չի՞ տանի ռուսական ազդեցության դաշտ:
– Շատ հետաքրքիր քննարկման առարկա է, որ շատ լուրջ մասնագիտական քննարկում է պետք: Այդտեղ կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Իհարկե, բնականաբար, արտահանման տեսակետից մենք խնդիրներ կունենանք, բայց որոշ դիրքերում, օրինակ` գազի գնի վճարումների հետ կապված, որ մենք մեր վճարումները կատարենք ռուսական ռուբլիով: Բավական հետաքրքիր է, բայց այդպես չի լինում` այս մեկին համաձայն ենք, այն մյուսին` համաձայն չենք: Վարչապետի ասածը ես շատ խորիմաստ եմ համարում, որովհետև ցանկացած հարաբերության մեջ կան քաղաքական շահեր, և յուրաքանչյուր երկիր իր շահերն է հետապնդելու:
Այդտեղ լուրջ քաղաքական քննարկումներ են պետք, և, եթե նման երևույթ լինի, արդյունքը դրական լինի` այդպես կշահե՞նք, թե՞ ավելի շատ կկորցնենք: Երբեք պետք չէ շտապողականություն ցուցաբերել, դա պարզապես կարծիք է, թե ինչ որոշում կկայացվի, դա լուրջ մասնագիտական քննարկումների, հաշվարկների արդյունք պետք է լինի:
Չեմ կարծում, որ դա մեզ ռուսական ազդեցության դաշտ ավելի շատ կտանի: Մենք մի ընտանիքի անդամ ենք, ԵՏՄ անդամ ենք, և ես չեմ կարծում, որ նորից կրկնակի կամ եռակի ազդեցություններ են պետք, դրա կարիքը կարծես չկա, քանի որ ցանկացած հարցում ենք ըմբռնումով ենք մոտենում և համաձայնեցված ենք գնում: Երբ նախագահների հանդիպում պետք է լինի, անընդհատ թմբկահարում են, որ ՀՀ-ի առաջ պարտադրանքներ, պայմաններ պետք է դրվեն, բայց բոլորի անհանգստությունները կարող եմ փարատել, որ ընդհանրապես նման երևույթ գոյություն չունի: Լավագույն հանդիպումներից մեկն է եղել նաև այս հանդիպումը և Հայաստանի առջև Ռուսաստանը որևէ մեկ անգամ ոչ հայանպաստ պայմաններ կամ առաջարկություններ չի դրել, և որևէ պայման կամ որևէ պարտադրանք չի կարող լինել: Հայաստանը պարտադրվող չէ` անկախ մեր՝ փոքր երկրից, և որևէ մեկ անգամ մեր ռազմավարական գործընկերոջ կողմից նման պայմաններ չեն եղել, եղել են խորհրդակցություններ ու քննարկումներ, որոնք ոչ մեկը ոչ հայանպաստ չեն եղել: