«Սա արդեն համազգային աղետի նախաշեմն է». Րաֆֆի Հովհաննիսյան
Այս նոր սահմանադրությամբ նվազում է մեր անվտանգությունը, քանի որ պետությունը, ըստ էության, դառնում է վարչապետական, որը չի բարձրացնում մեր ապահովածությունը: Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ շատ բան կախված է մեր ժողովրդի, զինծառայողների և իրենց ընտանիքների բարոյահոգեբանական վիճակից:
«Պաշտպանված չէ շարքային զինավորը, նորակոչիկը, զոհ ենք տալիս, չունենք առավելագույն մեխանիզմներ՝ կանխելու, կանխարգելելու, ոչ միայն պատասխանելու: Եթե Ադրբեջանը պետք է անընդհատ պատերազմ սադրի, չգիտեմ՝ ումի՞ց ինքը կարող է երաշխիքներ ունենալ, մենք պետք է կարողանանք դա կանխել»,- նշեց Ր. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ մենք վերջին շրջանում պարզապես թույլ ենք տվել աններելի ու անասելի սխալներ՝ ուղղաթիռի խոցման դեպքը, վերջին կորուստները.
«Կարող ենք ասել՝ մի մասը անխուսափելի էին, բայց մենք գործ ունենք մի բանակի հետ, որը հիմնված է 18-20 տարեկան երիտասարդ զինվորների վրա, և այստեղ մենք շատ զգույշ պետք է լինենք, և ես կարծում եմ, որ մենք բավարար պատրաստվածություն չենք ցուցաբերել:
Այո, բանակը մեր հիմնասյունն է, մեր հպարտությունն է, մեր ամենկայացած ինստիտուտն է, բայց ունենք թերություններ այդտեղ, և այդ թերությունները իմ կարծիքով կապ չունեն փաստթղթային փոփոխության հետ: Կա՛մ պետական որակը կա, կա՛մ կա վստահությունը իշխանության նկատմամբ, կա՛մ էլ շարունակվելու է այս վիճակը: Սա արդեն համազգային աղետի նախաշեմն է, բոլորս գիտենք, որ ժողովրդագրական՝ դեմոգրաֆիկ մեծ վտանգի առջև ենք»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: