Էլի՞ ճգնաժամ
Մեր տարադրամի շուկան կրկին լարված է: Դրամը կրկին արժեզրկվում է: Արժեզրկվում է սահուն, առանց ջղաձիգ ցնցումների: Օգոստոսյան այս օրերին մեր ներքին շուկայում արձանագրված ցնցումը համընկավ համաշխարհայինի հետ: Շաբաթվա սկզբից միջազգային բոլոր բորսաներում գնանկում է: Բորսայական ակտիվության ցուցանիշները տխուր պատկեր են արձանագրում: Նվազում են հումքի, էներգակիրների գները: Բացատրությունը համարյա միակն է: Միակն է, բայց բաղկացած է երկու պնդումից: Առաջինն ասում է, որ զարգացած երկրների տնտեսությունները նվազում են արձանագրում, կամ լավագույն դեպքում աճ չկա: Բորսայական համաշխարհային ճգնաժամի բացատրության երկրորդ հատվածն արձանագրում է, որ չինական տնտեսությունում դանդաղել են զարգացման տեմպերը:
Փաստորեն, գերտերությունների տնտեսությունը չի զարգանում, իսկ Չինաստանում ընկել է աճի տեմպը: Համաշխարհային բորսաների գնանշումները հայտնվել են 2008թ ցուցանիշների մակարդակին: 2007-2009թթ տնտեսական համաշխարհային ճգնաժամի հետևանքները, լայն իմաստով, առ այսօր հաղթահարված չեն: Մինչդեռ 2015 տնտեսական տարին բարի էր սկսվել: Ենթադրվում էր, որ ամերիկյան տնտեսությունը կաճի 2,5 տոկոսով, Չինաստանի աճի կանխատեսումը 7-9 տոկոս էր: Նույնքան լավատեսորեն էր հաշվարկված մեր բյուջեն:
Եթե չեմ սխալվում, մեր կառավարիչների հաշվարկով` մեր տնտեսությունն էլ 5 տոկոսանոց աճ էր ունենալու: Տնտեսական տարվա առաջին կիսամյակն ամփոփելուց անսպասելի տվյալներ ձևակերպտվեցին: Ամերիկյան տնտեսությունը 2,5-ի փոխարեն կես տոկոս էր աճել: Չինական զարգացումը ևս ետ էր ընկել կանխատեսված գրաֆիկից:
Իսկ երբ հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2015թ. հուլիսին» երկարաշունչ վերնագրով փաստաթուղթը, մեր տնտեսական ղեկավարությունը թեթևացած շունչ քաշեց:
Մեր վիճակագիրները պնդում էին, որ համաշխարհային տնտեսական կրճատումների ֆոնին ՀՀ տնտեսությունը ծլում-ծաղկում ու բարգավաճում է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,2 տոկոս է հայտարարված: Թվում էր, թե մեր տնտեսական աճին ոչին չի խանգարում: Եվ ի վիճակի էլ չի խանգարելու: Բայց, մի քանի օր անց, անհասկանալի պատճառներով սկսեց արժեզրկվել մեր ազգային դրամը: Այս իրավիճակը հնարավոր մի քանի պատճառներ ունի:
Առաջին, որ հուլիս-օգոստոսը արձակուրդների շրջան է և արտասահմանում հանգստանալու մեկնողները տարադրամ գնելով ավելացրեցին տարադրամի պահանջարկը՝ հընթացս ոտքի տակ առնելով ազգային դրամը: Եկրորդ պատճառը կարելի է տեսնել արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշներում: Մեկ տարվա ընթացքում՝ Եվրասիական տնտեսական գոտի մտնելուց հետո, արտահանումը կրճատվել է 4,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 31 տոկոսով: Այս թվերի վրա հենվող բացատրությունը դժվար է համատեղվում մեր տնտեսական ակտիվության 4.2 տոկոսոնոց ցուցանիշի հետ: Բայց դա կարևոր չէ:
Շատ ավելի կարևոր է հասկանալը, թե երբ հասցրեց մեր ֆինանսատնտեսական կյանքն այսքան սերտ ինտեգրվել համաշխարհային բորսայական կյանքին: Բայց մեր տնտեսական ղեկավարության հրապարակային ելույթներից, ԿԲ-ի հայտարարություններից ու կատարած քայլերից կարելի է ենթադրել, որ իրավիճակը լուրջ է: Նրանք ի վիճակի չեն ազդել համաշխարհային տնտեսական գործընթացների վրա: Հետևաբար՝ բոլորի նման սպասում են ամերիկյան ու չինական կառավարիչների համագործակցությանը: Հակառակի պես էլ ամերիկացիները ռուսական տնտեսության նկատմամբ պատժամիջոցները մեղմելու փոխարեն խստացնում են: Իսկ դրանք իրականում պատժամիջոցներ են նաև Ռուսաստանի բոլոր տնտեսական գործընկերների հանդեպ: Ուստի տրանսֆերտների նվազումը կարող է դիտարկվել դրամի արժեզրկման հերթական պատճառ:
Բայց մեր ազգային դրամի արժեզրկումն անհամատեղելի է ղազախական թենգեի հետ կատարվածի հետ: Ղազախսանի վճարամիջոցը 26 տոկոսանոց անկում արձանագրեց, երբ այս երկրում անցան «լողացող կուրսի քաղաքականությանը»: Անհնար է դիմադրել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի բացատրությունը մեջբերելու գայթակղությանը:
ԵՏՄ քաղաքական նահապետը հայտարարեց, որ թենգեի լողացող կուրսին իր երկրի «Կառավարությունն ու ԿԲ-ն անցել են փորձագետների խնդրանքները հաշվի առնելով՝ ի շահ մանր ու միջին բիզնեսի» և որ՝ «թենգեի արժեզրկումը կնպաստի ղազախական տնտեսության մրցունակության ամրապնդմանը»: ԵՏՄ կապերի սերտացման հետ շուտով հավանաբար մեր կառավարիչներն էլ կսկսեն նման տնտեսագիտական գոհարներ շաղ տալ իրենց ելույթներում: Հետևաբար՝ բոլորիս պարտքն է նախապատրաստել մեր հասարակությանը: Ի վերջո, շուտով մեր պաշտոնական վիճակագրությունն էլ կսպառի տնտեսական աճ արձանագրելու իր հրաշագործ մեթոդաբանական գանձարանը և մեր չինովնիկներն էլ կսկսեն գնաճը ու դրամի արժեզրկումը հիմնավորել «աշխատավորական մասսաների խնդրանքներով ու հանուն տնտեսական լուսապայծառ ապագայի»:
«Համաշխարհային տնտեսությունը նման է փրկարարական մակույկներ չունեցող օվկանոսային նավի»,- պնդում են HSBC-ի տնտեսական փորձագետները: Ու շատերն են նրանց հետ համաձայնում, որովհետև չեն կարդացել մեր մակրոտնտեսական ցուցանիշներն արձանագրող ԱՎԾ հայտարարագիրը: Այ, եթե կարդային, մեր կառավարության նման անհոգ ու երջանիկ կլինեին: