Ինչո՞ւ է ՌԴ-ն փորձում սահմանափակել նորվեգական սաղմոնի ներկրումը Հայաստան
«Ռոսսելխոզնադզորն» օգոստոսի 24-ից կտրուկ սահմանափակել է ձուկ վերամշակող 14 ընկերությունների արտադրանքի մուտքը ռուսական շուկա՝ նախապես ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների խախտման պատճառով: Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների` «Ռոսսելխոզնադզորը» փորձում է կանխել Կրեմլի սև ցուցակներում հայտնված վերամշակված տեսքով նորվեգական ձկան ներմուծումը նաև ԵՏՄ անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, այն դեպքում, երբ Հայաստանից նման ձուկ ՌԴ չի արտահանվել երբևէ: Սա քննարկումների, քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել Հայաստանում: Ըստ որոշ գնահատականների, չլինելով նման ձկան մատակարարող, Հայաստանն ու հայ սպառողը զրկվում են այս ձուկն իրացնելու հնարավորությունից: Ավելին՝ փորձագետները կասկածներ ունեն, որ Կրեմլն իր ողջ «սև ցուցակը» կպարտադրի կիրառել ԵՏՄ երկրներում:
168.am-ը Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ միտք ունի Հայաստանին ևս պարտադրել սահմանափակել վերամշակված տեսքով ձկան ներմուծումը, երբ այն ՀՀ-ից չի արտահանվում Ռուսաստան: Ռուս վերլուծաբանն ասաց, որ դա նախազգուշական քայլ է, որի միջոցով ՌԴ իշխանությունները փորձում են պաշտպանել ռուսական շուկան «սև ցուցակում» հայտնված մթերքների ներմուծումից: Իսկ նման պրակտիկա, նրա խոսքով, ՌԴ-ն նախկինում ունեցել է, ինչը դարձել է ԵՏՄ-ում լուրջ տարաձայնությունների առարկա:
Այսօր որոշվել է խնդրին նման լուծում տալ, քանի որ ամիսներ առաջ այդ ցուցակները խախտելու լուրջ և հաջողված փորձեր եղան Բելառուսի կողմից, ուստի չեն բացառվում փորձերը ԵՏՄ այլ երկրներից ևս: Նորվեգական ձկան դեպքում նորվեգական կողմը նախնական պայմանավորվածությունները փորձեց խախտել, ինչը կարող է տեղի ունենալ ԵՏՄ այլ երկրների դեպքում, այնպես որ, իմ գնահատմամբ, սա օպտիմալ լուծում էր»,- ասաց Սիմոնովը:
Անդրադառնալով մտահոգություններին՝ ինչո՞ւ հայ սպառողը պետք է վնաս կրի ՌԴ-Արևմուտք առճակատումից, նա ասաց, որ հայ սպառողը վնաս չի կրի: Նրա համոզմամբ` այլընտրանքներ միշտ կան, եթե նման ձուկը մեծ պահանջարկ ունի Հայաստանում: «Նման հարցերը կարող են կարգավորվել նաև բանակցությունների, երկխոսության մակարդակում»,- նշեց Սիմոնովը: Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս պրակտիկան տարածվի նաև «սև ցուցակում» ընդգրկված այլ արտադրանքների վրա, վերլուծաբանը պատասխանեց, որ չի բացառում: «Դա կախված է նրանից, թե ինչպես կպահպանեն արտադրողները նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե չլինեն խախտումներ, արտադրանքը պատշաճ զննման ներկայացվի, ապա խնդիրներ չեն լինի, վստահ եմ»,- ասաց Սիմոնովը: