Բաժիններ՝

16.8 մլն դրամ՝ ի պետս ԵՏՄ-ի հսկիչ կետի

ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում հավանություն տվեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հողամաս և շենք-շինություն ձեռք բերելու նպատակով պետբյուջեի պահեստային ֆոնդից 16 մլն 800 հազար դրամ հատկացնելու մասին որոշմանը՝ սահմանային հսկիչ նոր կետ կառուցելու համար: Սահմանային հսկիչ նոր կետը կլինի «Այրում-Ջիլիզա» մաքսակետում: Թեմայի շուրջ զրուցեցինք ՍԱՊԾ պետի տեղակալ Լուսինե Դավթյանի հետ:

– Տիկին Դավթյան, ինչո՞ւ որոշվեց նոր հսկիչ կետ ստեղծել, և ի՞նչ ուղղություններով է այն վերահսկողություն իրականացնելու:

– ՀՀ կառավարությունը համաձայնագիր էր ստորագրել ՌԴ կառավարության հետ ֆինանսավորում իրականացնելու, այդ թվում՝ ԵՏՄ անդամակցության հետ կապված Ճանապարհային քարտեզով նախատեսված որոշակի միջոցառումների կատարման համար: Այդ միջոցառումների մեջ առկա են նաև սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժասանիտարական վերահսկողության վերաբերյալ դրույթներ: Ընդհանուր առմամբ, ծրագիրն իրենից ներկայացնում է համակարգի վերակառուցում, ինչպես նաև՝ սահմանային հսկիչ կետերի վերակառուցման աշխատանքներ և սարքավորումներով հագեցում: Մասնավորապես խոսքը վերաբերում է «Այրում-Ջիլիզային»: Կառավարության նիստում հավանություն տրվեց այդ նախագծին, և, ըստ էության, դրանով կատարվեց ԵՏՄ-ի առջև պարտականությունը:

Նախատեսվում է ձեռք բերել համապատասխան հողատարածքներ, շենք-շինություններ, որտեղ հնարավոր է իրականացնել վերանորոգման և կառուցապատման աշխատանքները: Ըստ էության, ՀՀ-ում անհրաժեշտ է ունենալ սահմանային հսկողության կետ, հատկապես՝ բուսասանիտարական, քանի որ բուսասանիտարական վերահսկողության կանոնները մի քիչ այլ են: Այսօրվա վերակառուցվող կետերը համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն ԵՏՄ շրջանակներում զարգացումները մի քիչ այլ են:

– ԵՏՄ-ի չափանիշները տարբերվո՞ւմ են ՀՀ-ում գործողներից:

– Չեմ կարող ասել, որ խիստ տարբերվում են, սակայն ավելի պահանջկոտ են սահմանային վերահսկողության նկատմամբ, հատկապես՝ խոսքը վերաբերում է բուսասանիտարական վերահսկողությանը: Այրումի սահմանային հսկիչ կետով անցնում են ռուսական վերահսկողության հիմնական բեռները, դրա համար այնտեղ պետք է կառուցվի հսկողության կետ, որը պետք է ծառայի ավտոճանապարհային հսկողության համար, այսինքն՝ կիրականացվի մեքենաների ախտահանում, վարակազերծման համակարգերի ստեղծում, շենք-շինությունների ստեղծում: Երկիրն իր աշխարհագրական դիրքով այնպիսին է, որ այնտեղ ունենալու ենք նաև վերջին խոսքով կահավորված ու հագեցված սահմանային լաբորատորիա: Այսինքն՝ պետք է ծառայի և´ ավտոմոբիլային, և´ ամենակարևորը՝ երկաթուղային հսկողության համար, իսկ մինչ այս երկաթուղային հսկողության ոչ մի ենթակառուցվածք չկար:

– Այսինքն՝ երկաթուղային հսկողություն առաջին անգա՞մ է լինելու:

– Այո, առաջին անգամ է, մինչ այս նման ոչ մի ենթակառուցվածք չկար: Իսկ ինչո՞ւ Այրում, որովհետև դա կայարան է:

– Դա, ըստ ամենայնի, ենթադրում է, որ երկաթուղային բեռնափոխադրումների խնդիր է լուծվելու:

– Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել:

– Ծրագրի ֆինանսավորման չափը որքա՞ն է:

– Ամբողջ ծրագիրը նախատեսում է 27 մլն դոլար, ներառյալ՝ լաբորատորիաները և այլն:

– Ե՞րբ կսկսի գործել հսկիչ կետը:

– Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2017-ի վերջին, այսինքն՝ պետք է կառուցվի մինչ այդ: Սակայն ծրագրի մրցույթներն ամբողջությամբ ռուսական կողմն է իրականացնելու:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս