«Կառավարման համակարգը Հայաստանում, լինի` նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական, ձախողման է գնալու». փորձագետ

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսում ասաց, որ մեր հասարակությունը ցանկացած նոր երևույթի բացասական վերաբերվելու բնավորություն ունի.

«Ամեն նոր հրատարակված բան բացասական արձագանք է ստանում: Սահմանադրության նոր նախագիծը երեք գլխավոր ասպեկտների վրա է ուշադրությունը կենտրոնացնում. առաջին` մարդու իրավունքների իրական արտահայտվածությունը Սահմանադրության մեջ, որին դրական արձագանքեց նաև Վենետիկի հանձնաժողովը: Երկրորդˋ կառավարման համակարգում փոփոխություններ կատարելը, և ճիշտը հենց պառլամենտական համակարգին անցում կատարելն է: Երրրորդˋ դատական իշխանության իրավասությունների բարձրացումն է»:

Ըստ պատգամավորի` դրական է այն, որ ԱԺ նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ:

Իսկ մյուս բանախոսը՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանն էլ ընդգծեց, որ խնդիրը ոչ թե Սահմանադրության բովանդակությունն է, այլ դրա կյանքի կոչումը:

«Օրինակ, ասվում է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, բայց մեզանում աղքատությունը 40% է կազմում, իսկ մարդու իրավունքներն էլ պաշտպանված են նաև ներկայիս Սահմանադրությամբ, միայն թե դա զուտ թղթի վրա է գրված: Սահմանադրությունը կոչված է դատական համակարգի ազատությունն ու մարդկանց իրավունքները պաշտպանելուն, մինչդեռ Սահմանադրությանը զուգահեռ՝ գրվում են այնպիսի օրենքներ, որոնք խեղաթյուրում են Սահմանադրությունը և հակասում են վերջինիս»,- ասաց նա:
Կառավարման փորձագետի կարծիքով` կառավարման համակարգի տեսակները սպառել են իրենց:

Վերջինս ընդգծեցˋ կառավարման համակարգը Հայաստանում լինի նախագահական, կիսանախագահական, թե խորհրդարանական, միևնույն է, ձախողման է գնալու. «Կառավարման ցանկացած համակարգ` թե նախագահական, թե խորհրդարանական, թե կիսանախագահական, սպառել են իրենց: Հիմա պետության մեկ անհաջող համակարգից անցում է կատարվում մյուսին»,- ավելացրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս