Ամենակարող մեղրը

Մեղրի բուժիչ հատկությունների մասին բազմիցս է խոսվել: Իհարկե, այն որպես սնունդ պետք է չափավոր օգտագործել: Օրինակ` նախադպրոցական տարիքի երեխաներին պետք է տալ օրական ոչ ավելի, քան 1-2 գդալը: Մեղրը գազարի, տոմատի, վարունգի, սալորի, նռան հետ կանխարգելիչ միջոց կարող է հանդիսանալ խոզուկ, կարմրուկ, բրոնխիտ, գրիպ, աչքերի մթագնում հիվանդությունների համար:

Լյարդի, լեղուղիների հիվանդության ժամանակ լավ օգնում է մեղրը վարսակի, հնդկացորենի, գարու շիլաների հետ զուգորդված, կամ մեղրը նուշի, ընկույզի, ձիթապտղի հետ օգտագործելը:

Երիկամների հիվանդության ժամանակ, երբ արյան մեջ ավելանում է ազոտի քանակը, ուռենու 40 հատ տերեւ եռացնել 2 բաժակ ջրով, այնքան, որ ստացվի 1 բաժակ, ապա ստացված հյութին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր ու խմել մեկական ճաշի գդալից` օրական 3 անգամ: Կամ նույն հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում դդմի կեղեւը, մաղադանոսի արմատը, մասուրը եփել 5 լիտր ջրում այնքան, մինչեւ հեղուկը կիսով չափ քչանա: Օրը 3 անգամ, 50-ական գրամ այս հեղուկից խմել ու վրայից կես թեյի գդալ մեղր ուտել:

Երիկամի քարերի համար խորհուրդ է տրվում 200-ական գրամ զեյթունի ձեթը, կիտրոնի հյութը, մեղրը եւ 96 %-անոց սպիրտը խառնել եւ օրը 2 անգամ խմել` 50-ական գրամից: Արդյունքը կզգաք շատ շուտ:

Կարդացեք նաև

Արյան ճնշումն իջեցնելու համար օգնում է իրար խառնած 1 ճաշի գդալ մեղրը, 1 թեյի գդալ աղացած դարչինն ու 1 թեյի բաժակ մածունը՝ տալով օրը 3 անգամ, ճաշի գդալով, առավոտյան քաղցած վիճակում:

Գիշերամիզությամբ տառապող երեխաներին խորհուրդ է տրվում 2 բաժին մեղրը խառնել 1 բաժին հին քացախի հետ ու այս խառնուրդից մեկական ճաշի գդալ առավոտյան եւ երեկոյան խմեցնել երեխային:

Անքնության դեպքում 200-ական ուրցի թուրմ, դաղձի թուրմ, մասուրի թուրմ եւ կես ճաշի գդալ մեղր խառնել ու խմել քնելուց կես ժամ առաջ:

Մեղրամոմի բուժիչ հատկությունների մասին

Մոմի բուժիչ հատկությունների մասին դեռեւս 700 տարի առաջ գրել է Կիրակոս Գանձակեցին: Մոմը զանազան ձեթերի, բուսական խեժերի, արմատների, ճարպերի, բուսական ծագում ունեցող այլ նյութերի հետ լավ քսուք է հանդիսանում տարբեր վերքերի ապաքինման համար: Այն նաեւ շոգեհարման ու դիմահարդարման լավ դեղամիջոց է: Մարդու մաշկը լավ է ներծծում մեղրամոմը. այն մաշկին տալիս է հարթ ու նուրբ, թավշանման տեսք: Դեմքի կնճիռները վերացնելու, ինչպես նաեւ կնճռոտումը կանխելու համար կարելի է 30-ական գրամ սպիտակ մոմի, սպիտակ շուշանի, սոխի հյութի խառնուրդը լցնել կավե ամանի մեջ, տաքացնել եւ հալել մարմանդ կրակի վրա, ապա փայտիկով խառնել մինչեւ հովանալը: Պատրաստի քսուքն ամեն երեկո եւ առավոտ բարակ շերտով քսել դեմքին, շփել ու փափուկ քաթանի կտորով մաքրել:

Բոլոր տեսակի վերքերի ու մաշկային բորբոքումների բուժման համար խորհուրդ է տրվում հավասար քանակով մարմանդ կրակի վրա հալել ու իրար խառնել կտավատի յուղը, անալի կարագը, մոմը, զեյթունի յուղը, պատրաստել քսուք եւ օգտագործել: Այս միջոցը շատ լավ է նաեւ ձեռքերի գրգռված ու ճաքճքած մաշկին:

Իսկ վառվող մոմակերոնի ծուխն ընդհանրապես ոչնչացնում է տվյալ միջավայրում եղած մանրէներն ու մաքրում օդը:

Մեղրի անարատությունը որոշելու մի քանի տարբերակ

1. Մեղրը ամանից դատարկելիս չպետք է կտրվի, այլ ծորալով պետք է դանդաղ իջնի ու ծալքերով կուտակվի իրար վրա: Այդ դեպքում մեղրը մաքուր է: Իսկ եթե ուղիղ իջնի մեղրի խորքը եւ առաջացնի ձագարաձեւ փոս, ուրեմն անարատ չէ, այլ պատրաստված է մեղվի օգնությամբ, բայց շաքարաջրից:

2. Թղթի վրա բարակ շերտով մեղր քսել ու այրել: Եթե կրակը հասնի մեղրի շերտին ու հանգչի, ուրեմն մաքուր է: Եթե կրակը չի հանգչում, ուրեմն պատրաստված է շաքարաջրից: Շաքարն այրվում է, մեղրը` ոչ:

3. Մեղրը լուծում են մուգ գույնի անանուխի թուրմի մեջ, եթե թուրմի գույնն անմիջապես պղտորվում է, ուրեմն` անարատ է:

4. Ծորացող մեղրի մեջ ընկղմում ենք 1 կտոր շաքար, եթե որոշ ժամանակից հետո այն լուծվեց մեղրի մեջ` մեղրը անարատ չէ: Իսկ եթե շաքարի կտորը մնաց անփոփոխ, ուրեմն մեղրն անարատ է:

Մեղրի ստուգման այս բոլոր ձեւերն էլ փորձված միջոցներ են:

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է
հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ 

Տեսանյութեր

Լրահոս