Բաժիններ՝

Որ գործոններն են բացասաբար ազդում Հայաստանի սուվերեն վարկանիշի վրա

Հայաստանի սուվերեն վարկանիշն առաջիկայում էլ կարող է չփոփոխվել և մնալ B+, եթե, իհարկե, մինչև հաջորդ վարկանիշային գնահատումոչինչ չփոխվի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը, այսօր Fitch Ratings վարկանիշային ընկերությունը Հայաստանի՝ տեղական արժույթով և արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթի վարկանիշը հաստատել է B+ մակարդակի վրա՝ կայուն կանխատեսմամբ։

Ըստ նրա՝ նախկինում Հայաստանն ունեցել է ավելի բարձր ցուցանիշ՝ BB-, որը սակայն հետո նվազեց: Այժմ,Ա.Կայֆաջյանի խոսքով, գնահատողները B խմբում գտնվող երկրների հետ որոշակի առավելությունն են տեսել, որ B+ են գնահատել և կայուն կանխատեսում են տվել:

Նա նշեց, որ բացասական ազդող գործոններն են՝ դիվերսիֆիկացիայի պակասը, քանի որ Ռուսաստանի հետ ՀՀ կապը չափազանց մեծ է և ՌԴ-ում իրավիճակի վատացումը կբերի ՀՀ-ում վիճակի վատցման և, հակառակը, բարելավումը կբերի բարելավման. «Այսինքն՝ բացասական է դիտվում ՌԴ-ի հետ մեծ կապը, որ չունենք այլընտրանքային ուղղություններ մեր տնտեսության զարգացման համար, որի արդյունքում ունենում ենք բացասական շարժեր: Դրանցից ամենակարևորը տրանսֆերտների նվազումն է, որն էլ ևս 2 պատճառով է պայմանավորված՝ ՌԴ-ում աշխատատեղերի կամ բարձր վարձատրվող աշխատատեղերի կրճատմամբ, և աշխատողների վարձատրության չափը ռուբլով չի փոփոխվել, բայց դոլարային արտահայտությամբ պակասել է, հետևաբար՝ ՀՀ եկող տրանսֆերտների ծավալը պակասել է:

Երկրորդը՝ ՌԴ-ում գնողունակության կամ գնելու ցանկության անկման պատճառով ՀՀ-ից արտահանումն է պակասում, պրեմիում կամ միջին կարգի կոնյակի և գինու սպառումն է ընկել, քանի որ թեև արտադրողը չի թանկացրել ապրաքնի գինը դոլարով, բայց ռուբլով այն թանկացել է և մարդիկ չեն ուզում ավելի վճարել: Վարկանիշի համար կան նաև դրական գործոններ՝ տնտեսությունում առկա բազմաթիվ բացասական գործոնների հետ մեկտեղ ճակատագիրը 2 հանգամանքով օգնել է մեզ՝ ձմեռը բարենպաստ էր և կլիմայական լավ պայմաններ ենք ունեցել պտուղ-բանջարեղենի համար, որը որոշակի չափով օգնում է, որ հնարավոր է տնտեսական աճը մի փոքր ավելին լինի կանխատեսվածից և ՀՀ վարկանիշի կանխատեսումը կայուն լինի»:

Հիշեցնենք, որ Fitch Ratings վարկանիշային ընկերությունիը հաստատել է Հայաստանի՝ տեղական արժույթով և արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլթի վարկանիշը B+ մակարդակի վրա՝ կայուն կանխատեսմամբ։ Fitch-ը B+ մակարդակում հաստատել է նաև Հայաստանի վարկանիշը՝ ազգային արժույթով և արտարժույթով, չապահովված պարտատոմսերի համար։ Երկրի համար առաստաղ է սահմանվել BB- մակարդակի վրա, իսկ կարճաժամկետ արտարժութային IDR վարկանիշը (Issuer Credit Rating) սահմանվել է B:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս