Բաժիններ՝

Որ կազմակերպությունը կուսումնասիրի ՀԷՑ-ի գործերը. ՀԾԿՀ-ն միջազգային խորհրդատու է փնտրում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավեր կհայտարարի: Այս մասին որոշումը նախատեսվում է հաստատել ՀԾԿՀ հուլիսի 27-ի նիստում:

Էլեկտրաէներգիայի թանկացման և քաղաքացիական ընդվզման արդյունքում ՀԾԿՀ-ում ստեղծված աշխատանքային խումբը հրավերն ուղարկելու է լավագույն հնգյակում ընդգրկված միջազգային խորհրդատու ընկերություններին, արդյունքները կներկայացվեն ՀՀ կառավարություն:

ՀԾԿՀ-ն որոշման նախագծում ներկայացրել է նախապատմությունը. 2015 թ. հունիսի 17–ին Հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը: Մասնավորապես, բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինն ավելացավ 16.6%–ով, իսկ գիշերային սակագինը՝ 21.8%–ով։ Բացարձակ արտահայտությամբ երկու սակագներն էլ ավելացան նույն չափով՝ 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար 6.93 ՀՀ դրամ։

Տեղի ունեցան էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ շատերն իրենց մտահոգությունը հայտնեցին ոչ միայն ՀԾԿՀ-ի որոշման, այլ նաև բաշխիչ ընկերության անարդյունավետ կառավարման առնչությամբ, որի ծանր ֆինանսական վիճակը ստիպեց ՀԾԿՀ-ին ձեռնարկել անհապաղ գործողություն։ ՀՀ նախագահը, հունիսի 27–ին անդրադառնալով այդ խնդրին, նշեց, որ հասարակության շրջանում վստահություն կառուցելու և հասարակության հետ բաց ու թափանցիկ հաղորդակցություն ապահովելու համար անհրաժեշտ է դիմել միջազգային ճանաչում ունեցող խորհրդատվական ընկերության ՀԾԿՀ-ի սակագնային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ստանալու նպատակով։ Նախագահը հատկապես մատնանշեց երկու խնդիր, որոնց պետք է անդրադարձ կատարվեր առավել համապարփակ ուսումնասիրության շրջանակներում՝

Կարդացեք նաև

ա) որքանով էր հիմնավորված սակագնի բարձրացումը,

բ) ինչ հետևանքներ կունենար այդ գործողությունը չձեռնարկելը։

Այժմ ՀԾԿՀ-ն, ՀՀ կառավարությունից ստանալով ֆինանսական և կազմակերպչական աջակցություն, հայցում է առավել համապարփակ խորհրդատվություն, որը, ըստ ՀԾԿՀ-ի, բացի վերը նշված շատ կոնկրետ հարցերի ուսումնասիրությունից, կհանգեցնի Հայաստանում առկա էներգետիկ շուկայի (արտադրության, հաղորդման և բաշխման) և սակագների կառուցվածքի վերլուծությանը, ինչպես նաև Հայաստանում ցածր ու մատչելի սակագների դրույքաչափերի ապահովման հնարավորությունների բացահայտմանը՝ ապահովելով էներգետիկ համակարգի և էներգետիկ շուկայի կայուն զարգացումը Հայաստանում: Հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության կողմից արդեն նախաձեռնվել էին 2016-2036 թվականների էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ հանրային քննարկումները, հայցվող խորհրդատվությունը նախատեսվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար և կարող է գործնականում կիրառվել ավելի կարճ ժամանակահատվածում։

ՀԾԿՀ-ն նշում է, որ ժամկետն այս առաջադրանքի կատարման համար էական նշանակություն ունի, և խորհրդատուների որակավորված թիմ արագ կազմելու ու այն մոբիլիզացնելու կարողությունն անհրաժեշտ պայման է այս խորհրդատվության համար։ ՀԾԿՀ-ն ակնկալում է, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքն սկսել մինչև օգոստոսի 10–ի շաբաթը։

Ուշագրավ է, որ խորհրդատուների առջև խնդիր է դրվում շուկայի կառուցվածքի վերլուծություն և խնդիրների վերհանում, սակագների օպտիմալացման տարբերակների վերլուծություն, և երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հնարավոր հետագա մշակում և դրա շուրջ խորհրդատվություն (պայմանական և կախված է առաջին երկու փուլերի արդյունքներից և տևողությունից): ՀԷՑ-ում տեղի գտած շռայլություններն ու չարաշահումները, ըստ էության, օրակարգում չեն ներառվել: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը պետք է տևի 5-6 ամիս: Այս ընթացքում, հիշեցնենք, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ թե կասեցվել է, այլ տարբերությունը վճարելու է ՀՀ կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս