Ինչու չենք կարողանում արտահանել հայկական մեղրը
Հայաստանի մեղվաբույծների ազգային միության նախագահ Թելման Նազարյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ մի շրջան կար, երբ մեղվաբուծությունը Հայաստանում անկում էր ապրում, իսկ հիմա ունենք 200 հազար մեղվաընտանիք. «Նախանցած տարի 2000 տոննա մեղր ենք արտադրել, բայց ոչ մի կգ չենք կարողացել արտահանել եվրոպական երկրներ, քանի որ մեր մեղրը չի համապատասխանում նրանց ստանդարտներին: Մեզ մոտ բույսերը քիմիայով են բուժում, ինչն ազդում է մեղուների վրա, և մեր մեղրը չեն ընդունում: Այս տարի կունենանք մոտ 1000 տոննա մեղր: Դա քիչ է, քանի որ մեկ անձին բաժին է հասնում տարեկան 300 գրամ մեղր, իսկ բժշկական տեսանկյունից՝ մարդը օրական 70-120 գրամ մեղր պետք է ընդունի: Այդքանից հետո մեղր արտահանել չենք կարող, բայց մեզ մոտ էլ այն չեն գնում: Մեղր արտահանել կարող ենք ինչպես ԵՏՄ, այնպես էլ՝ արաբական երկրներ: Արաբական երկրների համար մեր մեղրը չմշակված է, քանի որ իրենք ծաղկափոշին հանում են, որպեսզի մեղրը չբյուրեղանա և կարողանան հանգիստ օգտագործել»:
Բանախոսը նկատեց՝ մեղրով մեղվաբուծությունը չի զարգանում. «Ավելի նպատակահարմար է մշակված արտադրանք արտահանել, քան մեղր: Այս պայմաններում կարող ենք արտադրել տարբեր տեսակի մեղվաարտադրանք՝ մեղվակաթի տարբեր տեսակներ, ծաղկափոշի, մեղրով ծաղկափոշի, ծաղկափոշու խյուս, ակնամոմի էկստրակտ և այլն: Մշակված արտադրանք արտահանելն ավելի մեծ եկամուտ կբերի և ավելի նպատակահարմար է: Օրինակ՝ մեղվակաթը բուժում է մի շարք անբուժելի հիվանդություններ, ինչպիսիք են՝ քաղցկեղ, շաքարախտ և այլն: 1կգ մեղվակաթն իր արժեքով հավասար է տոննա մեղրին»: