«Հիմա Հայաստանից է կախված, թե ինչ է ինքն ուզում»

Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների
կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

– Պարոն Գրիգորյան, Եվրոպական խորհրդարանն օրերս ընդունեց Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը: Ինչպե՞ս եք այն գնահատում, և ի՞նչ նոր հնարավորություններ կարող են բացվել Հայաստանի համար:

– Դա նոր բան չէ այն առումով, որ այդ բանաձևը ռեալ արձագանքում է Ռիգային, որտեղ ընդունված արձանագրության մեջ մի քանի տեղ Հայաստանի հետ կապված հարցեր կան: Այնտեղ ակնհայտ երևում է, որ թեև ՀՀ-ն չստորագրեց Ասոցացման պայմանագիրը, բայց ԵՄ դռները բաց են մեզ համար: Եվ, եթե վերցնենք ԵՄ այդ նոր ծրագիրը, որ կոչվում է «Հորիզոն 2020», այնտեղ գրված է, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ սկսել բանակցել այդ ծրագրի շուրջ: Ինչի՞ մասին է խոսքը` Հայաստանը չստորագրեց Ասոցացման պայմանագիրը, և հիմա պետք է նոր օրակարգ ստեղծենք: Դրա ուրվագծերը տրված են Ռիգայում, օրինակ` մենք կարող ենք սկսել կոնսուլտացիաների գործընթաց` անցնելով բանակցային պրոցես «Հորիզոն 2020»:

Այդ «Հորիզոն 2020»-ը ներգրավում է նաև տնտեսական ոլորտի համագործակցություն, այնտեղ ֆիքսվեց, որ ՀՀ-ն վիզաների դյուրինացման հարցով կարող է գնալ երկրորդ փուլ: Քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ դարձավ, հիմա Հայաստանից է կախված, թե ինչ է ինքն ուզում:

– Եվրոպական խորհրդարանի բանաձևում այս անգամ տեղ չգտան հակահայկական ձևակերպումները, մասնավորապես` մերժվել է բանաձևի վերջնական տեքստում ներառել նախորդ գումարման խորհրդարանի կողմից ընդունված Կիրիլովի զեկույցի վրա նախագծում կատարված հղումը: Ի՞նչ է սա նշանակում:

– Դա էլ ինձ համար հասկանալի է, օրինակ` նույն Ռիգայի գագաթաժողովի բանաձևի մեջ խոսվում է այն մասին, որ Ղարաբաղի խնդիրը լուծվում է Մինսկի խմբի շրջանակներում, ու ԵՄ-ն պատրաստ է սատարել: Այլ բան չկար այնտեղ, գլխավոր միտքն այն էր, որ Մինսկի խումբն է գլխավորը: Ու այստեղ ԵԽ-ում էլ դա հաղթող դուրս եկավ: Ճիշտն ասած` դա ինձ համար միանգամայն հասկանալի է, որովհետև 3-5 տարի առաջ հաճախակի և՛ Եվրախորհրդարանում, և՛ ԵԽ ԽՎ-ում ընդունում էին բանաձևեր, որոնք այդքան էլ ձեռնտու չէին ՀՀ-ին: Հիմա դա գրեթե բացառվում է, որովհետև Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված առկա իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ այդ մրցակցության մեջ նրանք պարտվում են:

Օրինակ` Ռիգայում քաղաքացիական ֆորումում փորձ արվեց խնդիր շոշափել Արևելյան գործընկերության տարածքում օկուպացված տարածքների մասին, նկատի ունենալով և՛ Ղրիմը, և՛ Աբխազիան, և՛ Ղարաբաղը, բայց ընդհանրապես հնար չկար, որ դա անցներ, մի ելույթ ունեցանք, ու փակեցին թեման, անցավ: Ռիգայում էլ ՀՀ-ն պաշտոնական մակարդակով հանեց այն անցանկալի ձևակերպումը, որ ուզում էր անցկացնել Ադրբեջանը: Սա հիմա ավելի հեշտ է և՛ պաշտոնական Հայաստանի կողմից, և՛ փորձագետների տարբեր համաժողովներում, կամ նույն ԵԽ-ում, քանի որ ՀՀ-ն ունի շատ կողմնակիցներ, հեշտ է աշխատել հիմա:

Ադրբեջանում ֆոնը շատ բացասական է, իրենք մոտ 100 քաղաքական բանտարկյալներ ունեն, թեև, որոշ գնահատականներով, այդ թիվը շատ ավելի է` լրագրողները, փորձագետները մեղադրվում են կա՛մ պետության դավաճանության, կա՛մ խուլիգանության մեջ, բայց իրականում այլ կարծիք ունեցող մարդիկ են, և դա Ադրբեջանի վարկանիշը շատ է գցում: Եթե Ռիգայի գագաթաժողովի փաստաթուղթը կարդաք, այնտեղ խոսվում է, որ Բելառուսը, Ադրբեջանն ակտիվ չեն աշխատում Ասոցացման պայմանագրի շրջանակներում, ու նշվում է, թե ինչ կարելի է անել իրենց հետ: Իսկ Հայաստանն անջատված է այդ երկու երկրներից:

Մենք էլ չստորագրեցինք Ասոցացման պայմանագիրը, բայց մեզ չեն հավասարեցնում նրանց, քանի որ այստեղ ակտիվ հասարակություն կա, և մարդու իրավունքների ոլորտում, այնուամենայնիվ, չես կարող համեմատել: Եվ հենց դա է պատճառը, որ նման փաստաթղթերում ավելի հեշտ է պաշտպանել մեր դիրքորոշումը և մոտեցումները:

– ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ն այցելելու է Հարավային Կովկաս, բայց լինելու է միայն Վրաստանում և Հայաստանում, իսկ Ադրբեջան չի գնալու: Ո՞ն է խնդիրը, և, Ձեր կարծիքով` ի՞նչ է սպասվում նրա այցի արդյունքում:

– Տուսկը ԵՄ կարևորագույն պաշտոնյաներից է: Հասկանալի կլիներ, եթե նա գար միայն Վրաստան, քանի որ Վրաստանը ստորագրեց Ասոցացման պայմանագիրը, բայց իր այցելությունը և՛ Վրաստան, և՛ Հայաստան կապված է նրա հետ, որ թեև ՀՀ-ն չստորագրեց Ասոցացման պայմանագիրը, այնուամենայնիվ, մեր երկրում ազատությունների աստիճանը բարձր է, Հայաստանում ակտիվ հասարակություն կա, դրա մասին մենք եվրոպացիների հետ զրույցների ժամանակ շատ ենք նշում, և նրանք կարծում են, որ ԵՄ-ի հետ համագործակցության տեսակետից չստորագրեցինք պայմանագիրը, բայց ՀՀ-ի հետ պետք է աշխատել: Ես այդ կոնտեքստում եմ տեսնում, որ ԵԽ նախագահը ՀՀ էլ է գալիս:

Ֆորմալ տեսանկյունից ինքը պետք է գար միայն Վրաստան, քանի որ միայն այդ երկիրը ստորագրեց պայմանագիրը: Ադրբեջան չգնալը նույնպես հասկանալի է, որովհետև այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրությունն իրոք ահավոր է: Ու եթե նա գնա Ադրբեջան, առաջին հերթին` այդ հարցը պետք է բարձրացնի: Վերջին շրջանում միտում կա, Ադրբեջանը փակեց ԵԱՀԿ-ի գրասենյակը, եվրոպական մի շարք հիմնադրամների գրասենյակները, օրինակ` Բրիտանական խորհրդի, Էբերտի հիմնադրամի և այլն, այսինքն` Ադրբեջանում եվրոպական արժեքների տեսակետից միտումները բավականին վտանգավոր են: Եվ ԵԽ նախագահի այնտեղ գնալը չէր հասկացվի, բայց ՀՀ գալը ես կապում եմ հենց նրա հետ, որ թեև չստորագրեցինք Ասոցացման պայմանագիրը, բայց այստեղ բավականին ազատ ենք: Խնդիրները, իհարկե, շատ են, բայց ամեն ինչ համեմատության կարգով է:

Ես համոզված եմ, որ Վրաստանում նրա օրակարգի գլխավոր հարցն Ասոցացման պայմանագրի իրականացման խնդիրներն են, քանի որ վավերացման փուլը Եվրոպայում ավարտվում է, և այս տարվա վերջից պետք է սկսվի իրականացումը: Պարզ է, իր այցելությունը մի քիչ կապված կլինի նաև հակամարտությունների լուծման հետ, ոչ այն պատճառով, որ ԵՄ-ն է ուղիղ լուծում տալիս, այլ, որ Շվեյցարիայում ԵՄ միջնորդությամբ բանակցություններն են ընթանում, նաև Հարավային Օսիայի իշխանությունները, ռուսական զորքի հետ միասին, կամաց-կամաց այդ սահմանը կոնտակտային գիծը շարժում է դեպի Վրաստանի խորքերը: ՀՀ-ում օրակարգի գլխավոր հարցը կլինի, թե որ ոլորտներում մենք կարող ենք շարունակել համագործակցել, քանի որ ԵՏՄ-ն որոշ ոլորտներում սահմանափակումներ է մտցրել: Ասոցացման համաձայնագրում կային քաղաքական մաս և առևտրի մաս, այժմ առևտուրը դուրս է գալիս, քաղաքականը մնում է, և դրա հետ կապված այցելության նպատակը կլինի նոր օրակարգի ձևավորումը:

– Սերժ Սարգսյանի ՌԴ կատարած այցելության ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանը դառնում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործընկեր երկիր` Ադրբեջանի հետ միաժամանակ: Ինչպե՞ս եք սա մեկնաբանում, և դա կարո՞ղ է որևէ կերպ ազդեցություն ունենալ երկկողմ հարաբերությունների վրա:

– Ռուսաստանին դա պետք է պարզ պատճառով` ուզում է իր ազդեցությունն այս տարածաշրջանում շարունակել և, ամենակարևորը, հենց Ռուսաստանի ցանկությունն է, որ այդ երկու երկրները լինեն ՇՀԿ-ում: Ստացվում է, որ մի ինչ-որ նոր հարթակ է ստեղծվում, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լինել ֆորմալ տեսակետից: Կարող է նույնիսկ, ինչ-որ տեղ ողջունելի է, որ մեր երկու երկրները նույն կառույցում լինեն և, մեղմ ասած, իրար չտան: Դա մի կողմից` դրական է նաև այն առումով, որ ՇՀԿ-ում կա Չինաստան, որ լրջագույն խաղացողն է աշխարհում: Պարզ է, որ մենք այդտեղ հարևանության կարգավիճակով ենք, անդամ չենք, բայց դա էլ ինչ-որ կարգավիճակ է, որ նույն չինացիների հետ ավելի ակտիվ կկարողանանք աշխատել: Ավելին` տրամաբանական է, որ ԵՏՄ մտնելուց հետո պետք է շատ ակտիվ աշխատենք ՇՀԿ-ի հետ:

Բայց ամենագլխավոր արժեքն այն է, որ այնտեղ կա Չինաստանը, և ՀՀ-ն պետք է ոչ միայն Չինաստանի հետ երկկողմ, այլև բազմակողմ ֆորմատով զարգացնի հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս