Կառավարությունն՝ ընդդեմ կառավարության

Իր երեկվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց տնտեսական քաղաքականությանը վերաբերող ամենակարևոր փաստաթղթերից մեկը` Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

Ինչպես նշվում է պաշտոնական տեքստում` այդ փաստաթուղթն ընկալելի կդարձնի պետական կառավարման մարմինների, ինչպես նաև` հանրության համար կառավարության առաջիկա երեք տարիների հարկաբյուջետային քաղաքականության գերակայություններն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը, հիմք կծառայի ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի մշակման համար։

Մի խոսքով, «զորավոր թուղթ» է` բաղկացած ավելի քան 700 էջից։ Բայց, արի ու տես, որ մեր տնտեսական ոլորտի պատասխանատուներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում այդ փաստաթղթին։

Միջնաժամկետ ծախսերի ծրագիրն աչքի անցկացնելիս (700 էջանոց փաստուղթը կարդալ հնարավոր չէ) միանգամից երկու տարբեր միտք է առաջ գալիս։ Առաջինն այն է, որ ծրագիրը գրել են ոչ թե ՀՀ կառավարության անդամները, այլ լրիվ ուրիշ մարդիկ։ Իսկ երկրորդ միտքն այն է, որ ծրագիրը գրող ՀՀ կառավարության անդամները որոշել են դուրս գալ իրենք իրենց դեմ։

Այն մասին, որ ՄԺԾԾ-ում 2015 թվականի համար կանխատեսվում է 1% տնտեսական աճ, արդեն բոլորն են խոսում։ Մարդիկ նախ պետբյուջեով կանխատեսում են 4.1% տնտեսական աճ, հետո` հերոսաբար պայքարում տնտեսական անկում կամ զրոյական աճ կանխատեսող բոլոր կառույցների ու կազմակերպությունների դեմ, ասում են, որ, միևնույն է, տնտեսական աճի կանխատեսումը փոխելու հիմքեր չկան։ Ու մեկ էլ հանկարծ` փաստացի փոխում են աճի կանխատեսումը։

Սակայն սա նորություն չէ, այդ մասին վաղուց էր հայտնի։ Դեռ մայիսի 21-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Մենք նախատեսել ենք միջնաժամկետով` 2015թ., 1 տոկոս տնտեսական աճ։ Ես համոզված եմ, որ ավել է լինելու, մինիմում 2-3 տոկոս է լինելու»։

Այսինքն` տեսակետը, թե կառավարությունը խոստովանել է, որ տնտեսությունը սպասվածից մի քանի անգամ թույլ աճի տեմպ կունենա, միանշանակ չէ։ Կարող եք համոզված լինել, որ տնտեսական ոլորտի ցանկացած պատասխանատու այս 1%-ի մասին խոսելիս կրկնելու է վարչապետի խոսքերը. հետո՞ ինչ, որ 1% աճ ենք նշել, համոզված ենք, որ ավելի բարձր է լինելու աճի տեմպը։ Հովիկ Աբրահամյանը դեռ այն ժամանակ ասել էր` հասկանալի է` կան տարածաշրջանային խնդիրներ, սակայն դա չպետք է հիմք լինի, որպեսզի չփորձեն անել մաքսիմումը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի երկրում։ Ասել է թե` «զապասով» գրել ենք` 1% տնտեսական աճ, բայց 2-3%-ը հաստատ կլինի։

ՄԺԾԾ-ում կա նաև մի կարևոր մանրուք. շուրջ 26 միլիարդ դրամով կրճատվել են 2015 թվականին նախատեսված բյուջետային ծախսերը։ Ինչպես դիպուկ բնորոշել էր մեր գործընկերներից մեկը, կառավարությունն այս փաստաթղթով «թաքուն սեկվեստր» է իրականացրել։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Բոլորս կենտրոնացել ենք 2015 թվականի 1% տնտեսական աճի վրա, սակայն փաստաթուղթն առաջիկա 3 տարիների համար է` 2016-2018 թվականների։ Իսկ այդ տարիների համար փաստաթղթի հեղինակները ոչ պակաս հոռետեսական կանխատեսումներ են արել։

Համոզվելու համար աչքի անցկացրեք փաստաթղթում տեղադրված կանխատեսումների այս աղյուսակը։

Bab

Նախ` ՀՆԱ իրական աճի մասով։ Կառավարությունը 2016-ին նախատեսում է 2% տնտեսական աճ, 2017-ին` 3,5%, 2018-ին` 4%։ Այսինքն` 3 տարվա ընթացքում տարեկան միջին տնտեսական աճի տեմպը կկազմի 3,2%-ից էլ քիչ։ Թվում է` վատ ցուցանիշ չէ։ Սակայն այս տեմպով մենք դժվար թե գոնե մի փոքր կրճատենք զարգացած երկրների հետ մեր տարբերությունը։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Պարզվում է` տնտեսական աճին զուգահեռ` նվազելու է մասնավոր սպառումը։ 2016-ին մասնավոր սպառման անկումը կկազմի 1.4%, 2017-ին` 3%, 2018-ին` շուրջ 5%։ Փաստաթղթում նշվում է, որ մասնավոր սպառման նվազումը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատմամբ։

Սակայն ավելացնում են, որ այդ ազդեցությունը կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության միջոցով` ավելացնելով պետական ծախսերը։ Ու ստացվում է, որ որքան էլ կառավարությունը փորձի չեզոքացնել տրանսֆերտների նվազման ազդեցությունը, մասնավոր սպառման անկումը գնալով խորանալու է։ Կարճ ասած, փաստաթուղթն ասում է, որ կառավարությանը չի հաջողվելու մեղմել բացասական ազդակները։

Նույն պատկերն է նաև ներդրումների առումով։ Ներդրումների մակարդակը (ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը) 2014 թվականին փաստացի կազմել է 20.8%։ 2015 թվականին կանխատեսվում է 21%։ Իսկ հաջորդ տարիներին, ըստ կանխատեսման, ներդրումների մակարդակը կնվազի (2017-ին` 19,7%, 2018-ին` 19,6%)։
Բացասական երանգներ ունի նաև մեր` գովերգված բանկային համակարգին վերաբերող կանխատեսումը։ Բանկային համակարգի ներգրավվածության ցուցանիշը (փողի զանգված/ՀՆԱ) վերջին 3 տարիներին զգալիորեն աճել է` 33,7%-ից (2012թ.) հասնելով 37%-ի (2014թ.)։ 2015 թվականի համար կանխատեսվում է 37,9%։ 2016 թվականի համար բանկային համակարգի ներգրավվածությունը կմնա նույն մակարդակի վրա, 2017-ին կնվազի մինչև 37.4%, իսկ 2018-ին կհասնի 36.8%-ի։

Սա ՄԺԾԾ փաստաթղթի ընդամենը մի փոքր հատվածի ուսումնասիրության արդյունքն է։ 700 էջն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելու դեպքում, անկասկած, կարելի է շատ հետաքրքիր եզրահանգումների գալ։ Սակայն այսքանն էլ բավական է` ասելու համար, որ կառավարությունը բավականին անկեղծ է գտնվել։ Անկեղծորեն խոստովանել են, որ մի շարք առանցքային ուղղություններով ոչ միայն աճ չի լինելու, այլ ունենալու ենք անկում։

Չնայած, ինչ խոսք, մեր տնտեսական ոլորտի պատասխանատուները նաև մյուս անկումային ցուցանիշների համար նմանատիպ պատճառաբանություն կբերեն։ Կասեն` ծրագրում նշել ենք` անկում, բայց կունենանք աճ։ Միևնույն է` աճ լինի, թե անկում, դա ամենևին կախված չէ ծրագրերից ու նման այլ փաստաթղթերից։

Տեսանյութեր

Լրահոս