«Չեթըմ հաուս»-ի հրավերն ու Բաքվի ջղաձգությունը
Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերի աւարտից անմիջապես հետո ակնկալվում էր արցախադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանի վրա ադրբեջանական ռազմաքաղաքական վարքագծին հարազատ դրսեւորումներ` դիպուկահարներ, դիվերսիոն գործողություններ կամ նմանատիպ ոտընձգություններ։
Աննկատ չէր կարելի թողել նաեւ այն կանխատեսումը, որ հակառակորդն ակտիւանալու է ներհայատանյան լարվածությանն առընթեր եւ անպայման թեժացնելու է իրավիճակը շփման գծում։ Հետաքրքիր էր, խաղերի աւարտին զուգահեռ ադրբեջանական զորքերը այս անգամ այլ ուղղությամբ ինքնադրսեւորվեցին։
Ս.թ. հունիսի 26-ին, ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ բացելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Իրատեսական լինելը հուշում է չակնկալել օբյեկտիւ գնահատական կատարվածի նկատմամբ` միջազգային կառույցներից, միջնորդական առաքելությունն ստանձնած հաստատությունների համապատասխան բաժանմունքներից, ընդգծելու համար Բաքվի կողմից միջազգային համաձայնությունները հերթական անգամ խախտելու հանգամանքը եւ ոչ-կառուցողական պահվածքը։
ԵԱՀԿ-ին եւ միջազգային հանրային կարծիքին ուղղված հայկական կողմի պարզաբանումները կարող են շեշտել նաեւ այն իրականությունը, որ Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի օրերին հայկական կողմը, որը կարող էր իրավիճակ ստեղծել, փաստորեն ձեռնպահ մնաց նման գործողություններ իրականցնելուց։ Այն, ինչ որ Բաքուն արեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, դա որեւե կերպ իրականցնելու փորձ չարեց հայկական կողմը։ Սա եւս իբրեւ կարեւոր երեւույթ անպայման պիտի հանձել միջազգային կառույցների ուշադրությանը, վերընդգծելու համար ադրբեջանական ռազմատենչությունը, նախահարձակ լինելը, միջազգային պայմանավորվածությունները խախտելու իրողությունը։
Ռազմական մակարդակում արձանագրված այս եղելություններից դուրս, բրիտանական միջավայրում անուղղակի պատասխան տրվեց Բաքվի դրսեւորած այս վարքագծին։
Միջազգային հարաբերությունների Բրիտանական Թագավորական ինստիտուտը (The Royal Institute of International Affairs), հայտնի Chatham House անունով, հուլիսի 8-ին կազմակերպել է քննարկումներ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ և այդ քննարկումներին մասնակցելու համար Լոնդոն է հրավիրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ Այս լուրը իհարկե ջղաձգության է մատնել Բաքվի շրջանակներին, որոնք հրապարակային բացատրություն են պահանջում «Չեթըմ հաուս»-ի ղեկավարներից։
Պետք չէ մոռանալ, որ «Չեթըմ հաուսը» իրոք բաւական ազդեցիկ ինստիտուտ է, որի եզրակացությունների հետ հաշվի են նստում թե քաղաքական եւ թե լրագրողական կարեւորագույն շրջանակները։ Եւ այս առումով, Արցախյան հարցի շուրջ կատարվող քննարկումների եզրակացություններն անպայման իրենց արձագանքը կունենան միջազգային հարթակներում։
Բայց քաղաքական եւ հանրային կարծիք ձեւաւորելուց բացի, Բաքվի անհանգստությունը կայանում է ինստիտուտի վայելած պաշտոնական կարգավիճակից։ «Չեթըմ հաուսը» միջազգային հարցերով զբաղվող թագաւորական ինստիտուտ է, ինչը որ ենթադրում է, որ պետականապատկան հաստատության մասին է խոսքը։
Խնդիրը ուրեմն, ազդեցիկությունից եւ քաղաքական ու հանրային կարծիք ստեղծելու բարձր հաւանականությունից բացի, «Չեթըմ հաուս»-ի ուղարկած հրաւերն է Արցախի գործող նախագահին։ «Չեթըմ հաուսը» գուցե բացատրություն տա, որ հրաւերը չեն ուղղել իբրեւ Արցախի Հանրապետության նախագահ, բայց դա արդեն երկրորդական է։ Գործող նախագահը հրաւիրվել է աշխարհի ամենանազդեցիկ կենտրոնի ղեկավարների կողմից. կենտրոն, որ պաշտոնական է ու պետական եւ որը պատկանում է բրիտանական թագաւորական համակարգին։
Եւ չափազանցութչուն չեր լինի, որ այս իրականությունը մեկնաբանվեր իբրեւ մեծն Բրիտանիայի կողմից Արցախի անկախության ճանաչում։
«Չեթըմ հաուս»-ի հրաւերը հուշում է հայկական կողմին եւ Արցախի Հանրապետութեան տարբեր տարածաշրջաններում գործող ներկայացուցիչներին եւ հայկական Սփյուռքի քաղաքական կազմակերպություններին նման կենտրոնների մոտ աշխատանք տանելու, նման հրաւերներ ձեւակերպելու եւ ուղարկելու Արցախի պետական ներկայացուցչիներին։
Արցախի բարձրաստիճան պաշտոնատարների գործուղումները, տարբեր պետությունների ներկայացուցչիների այցը Ստեփանակերտ, նահանգային եւ քաղաքային մակարդակներում արձանագրվող ճանաչման բանաձեւերը եւ այժմ խոշորագույն կենտրոնների կողմից պաշտոնական Ստեփանակերտին ամենաբարձր մակարդակով հղված հրաւերները անպամայն նպաստում են Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներին։
Շփման գծերում եւ սահմաններում առաւել եւս պատրաստ լինելը հրամայական է։ Նման հաջողություներն աւելի ջղաձիգ են դարձնելու Բաքվին, որը անընդհատ դիմելու է զինվորական սադրանքների։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր