Հունական ողբերգություն

Հունաստանը կրկին եվրոպական գործընթացների կիզակետում է։ Հունիսի 30-ին հույները պարտավոր էին վերադարձնել նախկինում վերցված պարտքի հերթական չափաբաժինը` 1 միլիարդ 540 մլն եվրոյի չափով։ Հրաժարվեցին։ Եվ դա սպասելի էր։ Հունաստանի կառավարությունը վաղուց էր դիմել Եվրամիության կառավարությանն ու միջազգային վարկային կառույցներին` խնդրելով հետաձգել պարտքի մարման օրը։ Եվրոպական գործընկերները քննարկել-քննարկել ու մերժել էին։ Հունաստանի կառավարությունն էլ որոշել է այս շաբաթ հանրաքվե անցկացնել` բնակչությանը կոչ անելով կողմ քվեարկել եվրոյի գոտուց դուրս գալու առաջարկին։

Գործընթացն իսկապես հետաքրքիր է դառնում։ Երկու օր անընդմեջ հունական հարցի մասին խոսեց Անգելա Մերկելը։ Իսկ նա եվրոյի գոտում ընդգրկված 19 երկրներից ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրի ղեկավարն է։ Մերկելի խոսքն առաջին օրը խիստ էր` առարկություն չպահանջող։ Համարյա բաց-բաց ասաց. «Պարտքերը փակեք ու վերջ»։ Հաջորդ օրը մեղմ էր, ակնարկում էր, որ ոչ ոք Հունաստանին դուրս չի անի եվրոգոտուց։ Իրավիճակն իսկապես աննախադեպ է։

Եվրոպայի (թերևս նաև` աշխարհի) պատմությունը նման դեպք չի արձանագրել։ 1950-73 թթ. Հունաստանի տնտեսությունն արագ աճում էր։ Զարգացման տեմպը, իհարկե, զիջում էր 2000-ականների մեր արձանագրած երկնիշ աճին։ Բայց 23 տարի անընդմեջ տարեկան 7-8 տոկոսանոց աճը լուրջ առաջընթաց էր։ Արդյունքում` 2001թ. Հունաստանը դասվեց զարգացած երկրների շարքում։ Դա պատմական այն պահն էր, երբ Եվրոպան հասկացել էր, որ տնտեսապես սկսել է զիջել ԱՄՆ-ին ու արևելյան երկրներին։ Ուստի կրկին աժմեական էր դարձել «Եվրոպայի Միացյալ Նահանգների»` դեռևս 19-րդ դարում ձևավորված գաղափարը։ Միացյալ տնտեսական համակարգի ձևավորման վերջնական փուլը եվրոյի ներդրումն էր 1999-ից։ Եվրոգոտում միավորվեցին տնտեսական զարգացման տարբեր աստիճաններ ունեցող երկրներ։

Սկզբում թվում էր, որ պակաս արդյունավետ տնտեսություն ունեցող երկրներն ի վերջո կհավասարվեն առավել զարգացածներին։ Բայց 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ բան խառնեց։ Այս իրավիճակի վերլուծությունը չափազանց կարևոր է հենց մեր համար, որովհետև Հայաստանն անդամակցում է տնտեսական մի միության, որի կազմի երկրներն ավելի անհամամասնական են։

Կարդացեք նաև

Անհամամասնական են տնտեսության համարյա բոլոր ոլորտներում։ 2010-ից Հունաստանը ճգնաժամը հաղթահարելու նպատակով ստիպված էր պարտքեր վերցնել իր եվրոգործընկերներից։ 4 տարվա ընթացքում մոտ 315 մլրդ եվրոյի վարկերի ներգրավումը սպասված արդյունքը չտվեց։ Հունաստանի պետական պարտքը հասավ սեփական ՀՆԱ-ի 175 տոկոսին, և 2013թ. դարձավ առաջին պետությունը, որը կորցրեց զարգացած երկրի կարգավիճակը։ Պաշտոնապես հունական ՀՆԱ-ի` 17-20 տոկոսը ձևավորվում է տուրիզմի հաշվին։ Անկախ փորձագիտական հաշվարկներով տուրիզմն ապահովում է ՀՆԱ-ի առնվազն քառորդ մասը։ 2014թ նույնիսկ ռեկորդային քանակով` 22 մլն զբոսաշրջիկ այցելեց Հունաստան։

Բայց նույն տնտեսական ճգնաժամի պատճառով նրանք անհամեմատ պակաս եկամուտ ապահովեցին, քան նախկինում, և ամեն վարկի նոր չափաբաժնի տրամադրման հետ եվրոգործընկերները Հունաստանին պարտադրում էին ավելի ու ավելի խնայողական ռեժիմի անցնել։ Պետությունը երկու տարի առաջ իր ծախսերը կրճատելու նպատակով նույնիսկ հանրային հեռուստաընկերությունը լուծարեց։ Հույների մոտ աճում էր դժգոհությունը Եվրոպայի հանդեպ։

Հերթական ընտրություններում հաղթեց այն քաղաքական ուժը, որ խոստացավ դիմակայել խնայողության եվրոպական կոչերին։ Իսկ Եվրոպան մինչև հունիսի 30-ը հստակ ձևակերպել էր իր պահանջները` ավելացնել հարկերը, բարձրացնել կենսաթոշակային շեմը և կրճատել թոշակները։ Հունաստանի նոր վարչապետը որպես պատասխան` մեկ շաբաթով արձակուրդ ուղարկեց Ֆինանսների նախարարությանը, արգելեց դրամական բանկային փոխանցումներն արտերկիր, իսկ բնակչության համար կանխիկացման օրական չափաբաժին սահմանեց 60 եվրոն։ Հունիսի 30-ի առավոտյան ֆինանսների նախարարը հայտարարեց, որ 1,54 մլրդ պարտքը չի փոխանցելու։ Հուլիսի 1-ին Եվրոպան արթնացավ այդ փաստի իմացությամբ։ Իր 70-ամյա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՀ-ն լուրջ երկրից չստացավ պարտքի հերթական չափաբաժինը։ Մինչ այդ ԱՄՀ-ի պարտքը հրաժարվել էին մարել Սոմալին, Սուդանը, Զիմբաբվեն։ Բայց Հունաստանին նրանց հետ համեմատելը լուրջ չէ։ Զիմբաբվեն մինչ այսօր էլ չի վերադարձրել իր 112 մլն դոլար պարտքը։ Իսկ Հունաստանի պարագայում խոսքը 250 մլրդ եվրոյի մասին է։

Ավելին` ներկա պահին ԱՄՀ-ի բոլոր ժամկետանց վարկերը (բոլոր երկրներինը` միասին վերցրած) կազմում են 1,8 մլրդ եվրո։ Միայն այս տրանշի ուշացումով Հունաստանը համարյա կրկնապատկում է այս ցուցանիշը։ Տարիներ առաջ մենք Ռուսաստանին 100 մլն դոլարից մի քիչ ավելի գումար էինք պարտք։ Ռուսաստանը «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով ձեռքներիցս հնարավորը տարավ։ Հիմա հետաքրքիր է դիտարկել, թե ինչ կկատարվի Հունաստանի հետ։ Իրավաբանական իմաստով դեֆոլտն առկա է։ Կա երկիր, որ ուշացրել է պարտքի մարումը։ Բայց առայժմ պարզ չէ, թե ինչ քայլերի կդիմի Եվրոպան։ Գուցե մեր սերունդը հնարավորություն կստանա տեսնել, թե վերջապես ինչ է դասագրքերում այդքան նկարագրված սպառնալիքը` տնտեսական դեֆոլտը։ Հատկապես, որ Գերմանիան երկու տարի առաջ Հունաստանին առաջարկում էր մեկ-երկու կղզի վաճառել ու պարտքերը փակել։

Հ.Գ. Հետաքրքիր է, որ Եվրոպան դեֆոլտով սպառնում է իր անվանադիր երկրին։ Երբ հույներն այդ աշխարհամասին սկսեցին Եվրոպա ասել, այնտեղ բնակվող ազգերի մեծ մասը դեռ չէր ձևավորվել։ Չնայած, բոլորս էլ գիտենք, որ պատմությունն ամենևին էլ տնտեսագիտական կամ քաղաքական կատեգորիա չէ։

Տեսանյութեր

Լրահոս