Բաժիններ՝

Սեր, ավանտյուրա և պրոբլեմ. Դավիթ Բաբախանյանի նոր ռոմանտիկ կատակերգությունը

«Sharm Pictures»-ը ռեժիսոր Դավիթ Բաբախանյանի հետ համատեղ ներկայացնում է նոր ֆիլմ՝ ռոմանտիկ կատակերգություն «Հյուսիս-հարավը», որ մեծ էկրան կբարձրանա սեպտեմբերի ամսին, Երևանում: Ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը 168.am-ին հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանման պրոցեսը գրեթե ավարտված է, մնացել են նկարահանելու մի քանի կոլաժային կադրեր, որից հետո կսկսվեն մոնտաժային աշխատանքները: Ֆիլմի գլխավոր հերոսները չորս ընկեր են, որոնց ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից ու շարունակվում է մինչ օրս՝ 4 ընկեր, 1 հարսնացու, լիքը խնդիրներ և «հանճարեղ փրկության ծրագիր»: Տղաների կյանքը կարծես թե հաջողված է, և ամեն ինչ իր բնականոն հունով էլ կշարունակվեր, եթե նրանցից մեկը չհամաձայներ կատարել ռուս գործարար Լամբերտ Խաչատուրովիչի պատվերը…

Ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերում, այստեղ ևս ներգրավված են մեծ թվով հայտնի դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Գլխավոր դերերում նկարահանվել են Միշոն, ՀՏ Հայկոն, Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Թովմասյանը, Դիանա Մալենկոն, Մկրտիչ Արզումանյանը, մասնակցությամբ՝ Ռոլանդ Գասպարյանի և Սոնա Շահգելդյանի:

Hyusis-Harav (2)«Եթե երեք բառով ներկայացնելու լինենք ֆիլմը, ապա պիտի ասենք՝ սեր, ավանտյուրա և շատ լուրջ պրոբլեմ: Պրոբլեմը կապված է հերոսներից մեկի՝ ռուս գործարար Լամբերտ Խաչատուրովիչի (Մկրտիչ Արզումանյան) կերպարի հետ: Մկոն մարմնավորում է շատ ազդեցիկ ու ինչ-որ տեղ վախենալու մարդու կերպար, որը մեր հերոսներից մեկի հետ հայտնվում է լուրջ պրոբլեմատիկ իրավիճակում, և, եթե հանկարծ երիտասարդը որևէ կերպ խնդրին լուծում չտա, նրա համար, մեղմ ասած, լավ չի լինի»,- ֆիլմի համառոտ բովանդակության մասին պատմում է ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը:

Hyusis-Harav (6)

Կարդացեք նաև

Ռեժիսորը նշում է նաև, որ այս ֆիլմը ժանրային առումով էականորեն տարբերվում է նախորդներից. «Այստեղ միախառնված են միանգամից մի քանի ժանրեր: Կինոն ինքն իրենով սինթետիկ արվեստ է, և այս դեպքում իր մեջ ներառել է նաև անիմացիոն տեսարաններ, որոնց իրականացման համար համագործակցել ենք հայտնի անիմատոր Կարեն Ասատրյանի հետ, և լուրջ երաժշտական մաս: Քանի որ ֆիլմի հերոսներից մեկը (դերակատար Սոս Ջանիբեկյան) երաժիշտ է և, ըստ սցենարի` ունի երաժշտական խումբ, մենք որոշեցինք այդ խումբն իրականում համալրել պրոֆեսիոնալ երաժիշտներով, դրանով ինչ-որ տեղ դարձնելով ֆիլմն ավելի ուրախ՝ երաժշտական:

Hyusis-Harav (3)

Hyusis-Harav (5)

Ընդգրկված դերասաններից է նաև երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի դերը, ըստ ռեժիսորի` դեռ սցենարական փուլում հուշում էր, որ այն անպայման պետք է մարմնավորի հենց ինքը` Սոնան: Երգչուհին կմարմնավորի ռեստորանի տնօրեն-մենեջերի կերպարը, որի համար, ըստ Դավիթ Բաբախանյանի, նրանից դերասանական վարպետություն չի պահանջվում. «Սա այն դեպքն է, երբ նկարահանման հրապարակում Սոնայից ակնկալում եմ դերի մեջ չմտնել, այլ պարզապես խաղալ ինքն իրեն: Իրական կյանքում Սոնան հենց այդ կերպարն է, որին ես տեսնում եմ ֆիլմում»:

Hyusis-Harav (4)

Hyusis-Harav (1)

«Հյուսիս-հարավի» սցենարը գրվել է Աշոտ Աբրահամյանի կողմից, սցենարական աշխատանքներին պարբերաբար մասնակցել է նաև Դավիթ Բաբախանյանը: Ռեժիսորը կարծում է, որ արդեն պատրաստի ֆիլմը մեծ մասսայականություն է վայելելու. «Ի վերջո, այս ֆիլմերն արվում են մարդկանց հոգսը մի քիչ թեթևացնելու, կենցաղային խնդիրներից մեկ ու կես ժամով կտրելու ու ժպիտ նվիրելու համար: Կարծում եմ, որ կինոն այս առումով և՛ հարմար է, և՛ շահեկան, որովհետև իրականում մեծ գումար և ժամանակ չի խլում հանդիսատեսից՝ փոխանցելով ժպիտ ու լավ տրամադրություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս