Բաժիններ՝

«Այս իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև երկրի ղեկավարությունը պայքարի անվան տակ կլուծի ևս մի քանի հարցեր». Նազարեթ Կարոյան

Այսօր «Նյութ» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի հետ: Ասուլիսի թեման երկրում ստեղծված ներքաղաքական արտակարգ իրավիճակն էր: Հանդիպման ընթացում հնչած մի շարք հարցերի թվում ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր տարբերակների քննարկումն էր:

Նախագահի առաջարկած աուդիտի գաղափարը, ըստ Վահրամ Մարտիրոսյանի պարզապես լուծումը երկարաձգելու նպատակ ունի, քաջ գիտակցելով, որ որևէ փողոցային պայքար այդքան ձգձգվել չի կարող: Նա կարծում է, որ այս կերպ իշխանությունը, խուսափելով բախումներից, պարզապես կհյուծի պայքարի ընթացքը, թեև, եթե աուդիտի ընթացքին միանան նաև պայքարի ելած շահագրգիռ կողմերից մի քանիսը, գուցե ցանկալի արդյունք գրանցվի:

Վահրամ Մարտիրոսյանն այն կարծիքին է, որ այս շարժումը բացառիկ էր մի քանի առումներով, այդ թվում նաև նրանով, որ սրա արդյունքում շահել են բացառապես բոլոր կողմերը և ոստիկանների կողմից բռնությունների գործադրման հետաձգումը պայմանավորված է նաև դրանով.

«Շահել է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Ռուսաստանը անսպասելի զիջումների գնաց՝ յոթնակի մարդասպան Պերմյակովին ատամներով պաշտպանելուց հետո, հանկարծ որոշում է կայացնում հանձնել դաշնակից պետության իշխանությանը, Հրաչյա Հարությունյանի դեպքը նույնպես, հայտարարված արտոնյալ վարկը նույնպես Ռուսաստանի կողմից հատուկ ժեստ էր: Շահել է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունը և եթե նա արժանապատիվ գործելու խնդիր ունենա, բացառիկ ուժեղ դիրքերում է հայտնվել, որովհետև կա նման հզոր զանգվածային շարժում:

Շահել է Արևմուտքը, որովհետև տեսավ ու հասկացավ, որ Հայաստանը վերջնականապես անհուսալի վիճակում ու կրունկի տակ տրորված չէ: Ռուսաստանը, որ մեզ համարում էր Արևմուտքի գործակալ ու բոլոր միջոցներով փորձում հաստատել իր այդ դիրքորոշումը՝ ընդգրկելով սեփական ԶԼՄ-ների մեծ բանակը, հանդես եկավ «հետողորմիայով»՝ բեկում մտցնելով սեփական «կացին» պատկերացումների մեջ:

Իրականում հինգ րոպե էր մնացել նրան, որ Ռուսաստանու,մ մեզ հռչակեին որպես իրենց մեծագույն թշնամի: Ի վերջո, շահեցինք մենք ինքներս, որովհետև տեսանք, թե ինչի հետ կարող ենք նույնականացնել մեր երկիրը՝ ոչ թե դեմքերի, ովքեր Ազգային Ժողովում են նստած ու դժվար է դրանց մարդ համարել, ոչ թե Կառավարության շատ անդամների, որոնց հետ երբեք չես ուզում նույնանալ, որ էդ մարդիկ գնան արտասահման և ներկայացնեն հայի տեսակը: Մի խոսքով՝ մենք մինչև հիմա շահած ենք բոլոր առումներով՝ թեկուզև նրանով, որ դեռ ունենք այնպիսի երիտասարդներ, ովքեր ազնիվ պայքարի ելան ու այդ պայքարում մնացին ազնիվ մինչև վերջ»:

Նազարեթ Կարոյանը խնդրի վերջնական լուծման առավել ռեալ տարբերակ է համարում ՀԷՑ-ի ազգայնացման հարցը՝ նոր սեփականատիրոջ տեսքով: Ըստ բանախոսի՝ այս պահին իրավիճակը Բաղրամյան պողոտայում շատ վտանգավոր և խոցելի է դարձել, որովհետև կան պայքարի ելած մեծ թվով մարդիկ, որոնք չունեն համակարգող խումբ: Ըստ նրա՝ այս իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև երկրի ղեկավարությունը պայքարի անվան տակ կլուծի ևս մի քանի հարցեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս