Սփյուռքի լռությունը` ի նպաստ Հայաստանի
Երևանի էլեկտրականացված մթնոլորտում մի շարք մարդիկ փնտրում են սփյուռքի աջակցությունը` թեկուզ միայն հոգեբանական առումով: Ճիշտ է` սփյուռքահայերի անհատական աջակցությունը բավականին մեծ է, հատկապես` սոցիալական ցանցերում, բայց նկատելի է կոնկրետ Լիբանանում գտնվող և սփյուռքի կազմակերպվածության տերը համարվող կուսակցությունների լռությունը: Ընդամենը մի քանի ամիս առաջ լիբանանահայ ղեկավարները այնքան գոհ էին 100-րդ տարելիցի շնորհիվ Հայաստանի և սփյուռքի միջև ստեղծված համագործակցությամբ, որ այսօր նրանց լռությունն առավել քան զարմանալի է թվում:
Եթե համոզված ենք, որ էլեկրականացված Երևանի այսօրվա իրավիճակը ավելի մեծ է, քան` հոսանքի սակագնի 16-22% բարձրացումը, եթե համոզված ենք, որ էլեկտրական հոսանքի սակագնի բարձրացումը չէ մեր երկրի ամենաճգնաժամային խնդիրը, եթե համոզված ենք, որ էլեկտրական հոսանքի գնի բարձրացումը պարզապես գոյություն ունեցող լուրջ ախտի ախտանիշներից մեկն է, ապա ես վստահ եմ, որ սփյուռքի լռությունը ի շահ մեզ է՝ Հայաստանի հանրապետության քաղաքացիներիս և բնակիչներիս:
Այսօր Երևանում տեղի ունեցող պայքարը 7 դրամը խնայելու պայքար չէ: Յուրաքանչյուր ցուցարար լավ տեղյակ է` թե ինքը ինչո՞ւ է գտնվում Բաղրամյան փողոցում: Ես նաև համոզված եմ, որ ցուցարարների մեջ մարդիկ կան, որոնք տնտեսական տագնապ չեն ունենա, եթե բարձրանա հոսանքի սակագինը: Սակայն, ցուցարարների մոտ կա ուրիշ և աւելի մեծ նպատակ: Ցուցարարները լավ գիտեն, որ այստեղ կա արժանապատվության խնդիր: Ցուցարարները արդեն «սթափված» են և ամեն գնով ջանք են գործադրում պահպանել երկար ժամանակվանից ի վեր ոտնակոխ եղած իրենց արժանապատվությունը:
Այս ամենը նկատի ունենալով` ես որպես սփիւռքահայ ոչ մի կերպ զարմացած կամ նույնիսկ նեղացած չեմ դասական սփյուռքի լռությամբ: Ինձ համար սփյուռքում գտնվող կազմակերպությունների` #ElectricYerevan-ի հետ առնչությունը նվազագույն մակարդակի վրա պահելը ավելի նպաստավոր է Հայաստանի մատղաշ սերնդի համար: Հակառակ համատարած կարծիքներին` ես համոզված եմ, որ սփյուռքը շատ բան ունի սովորելու հայրենիքում գտնվող հայրենակիցներից և ոչ թե` հակառակը: Ես համոզված եմ, որ 7 դրամի մի պայքար էլ պետք է մղվի սփյուռքի կուսակցությունների և կազմակերպությունների դեմ, որոնք հայապահպանման վարագույրի ետևում կանգնած «թալանում» են իրենց հետևորդներին:
Նաիրի Շորժյան
Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողուհի