Ինչ միջոցներով է ապրում Ռոբերտ Նազարյանը
Էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված՝ շատերը կարծիք են հայտնում, որ հարցը պետք է լուծել ոչ թե սակագնի բարձրացման միջոցով, այլ տվյալ ոլորտի հետ կապ ունեցող պետական պաշտոնյաների անձնական միջոցներն առգրավելով։ Այդ մարդկանց թվում հաճախ շրջանառվում է նաև ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի անունը։
Հետաքրքիր է՝ իսկ որքա՞ն փող և գույք ունի Ռոբերտ Նազարյանը։
Դատելով Ռ. Նազարյանի կողմից լրացված գույքի և եկամուտների հայտարարագրից՝ Ռոբերտ Նազարյանը վերջին տարիներին խոշոր շարժական կամ անշարժ գույք ձեռք չի բերել, միլիոններ էլ չունի։
2014 թվականի վերջի դրությամբ՝ ՀԾԿՀ նախագահը հայտարարագրել է 9 միլիոն ՀՀ դրամ և 110 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ։ Ընդ որում, այդ գումարի առյուծի բաժինը գոյացել է 2011 թվականին՝ գույքի օտարումից (38 մլն դրամով)։
Ռ. Նազարյանի կինն ամուսնուց 3 անգամ ավելի հարուստ է. հայտարարագրել է 300 հազար ԱՄՆ դոլար։
Այսպիսով՝ Ռ. Նազարյանն ու իր կինը միասին ունեն 410 հազար դոլար և մի 9 միլիոն դրամ։ Միլիոնի չի հասնում, բայց քիչ չէ պետական պաշտոնյայի համար։
Ընդ որում, Ռ. Նազարյանի ընտանիքն ակնհայտորեն հայկական դրամին չի վստահում։ Խնայողությունները գրեթե ամբողջությամբ արտարժույթով են։ Անգամ 2011 թվականին գույքն օտարելուց հետո Ռ. Նազարյանը 38 միլիոն դրամն անմիջապես փոխարկել է դոլարի (դա երևում է հայտարարագրում դոլարային միջոցների փոփոխությունից):
Սակայն առավել ուշագրավ է այն, որ Ռ. Նազարյանն ունի կայուն եկամուտ՝ վարկերի և փոխառությունների դիմաց ստացվող տոկոսներից։
Ինչպես երևում է վերջին 4 տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից, Նազարյանը, բացի տարեկան 8 միլիոն դրամ աշխատավարձից (2014-ին՝ 10 միլիոն դրամ), ամեն տարի որպես տոկոսավճար՝ ստացել է 8300 դոլար։ Ռ. Նազարյանի կինը աշխատավարձ չի հայտարարագրել, փոխարենը՝ վերջին 4 տարիներին, ամեն տարի ստացել է 24 հազար դոլարից ավելի տոկոսավճար։
Ու դատելով այն հանգամանքից, որ վերջին տարիներին Նազարյանի ընտանիքը որևէ գույք ձեռք չի բերել, դրամական միջոցների չափն էլ չի ավելացել, կարելի է ենթադրել, որ աշխատավարձն ու տոկոսն ամբողջությամբ ծախսվել են ընթացիկ ծախսերի համար։
Կարճ ասած՝ Նազարյանին աշխատավարձն ակնհայտորեն չի բավականացնում։ Պարզապես նա ավելի շահեկան վիճակում է, քան ՀՀ բնակիչների մեծամասնությունը։ Նա ոչ թե տոկոս է փակում, այլ տոկոս է ստանում։