Այս քայլերն ավելի միտված են տանելու սակագնի բարձրացման որոշման կասեցմանը. Ստյոպա Սաֆարյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ և ՌԴ միջև միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Թե ի՞նչ է սա նշանակում և ինչպիսի՞ն կլինի ՀԷՑ-ի ճակատագիրը, փորձեցինք պարզել «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ զրույցում: Ս. Սաֆարյանն ասաց, որ իշխանությունը հրաշալի գիտակցում է՝ ստեղծվել է մի այնպիսի արատավոր շրջան, որից ինքը և երկիրը չեն կարողանա դուրս գալ, և ամեն տարի՝ նման պայմաններում, անխուսափելի են լինելու թանկացումները. «Իշխանությունը ավելի քան լավ է տեղեկացված ՀԷՑ-ում տիրող կոռուպցիայի մասշտաբների, ներգրավված անձանց մասին: Հետևաբար, իշխանությունը հասկանում է, որ խաղի կանոնները պետք է փոխվեն: Ռուսական կողմը ակնհայտորեն չի ցանկանում փոխել խաղի կանոնները, որովհետև դրանից շահում են բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այդ կոռուպցիոն գործընթացում: Դա է պատճառը, որ ռուսական կողմը չընդունեց այն քննադատությունները, որոնք հնչում էին ՀԷՑ-ի վատ կառավարման և կուտակված պարտքի մասին: Փաստացի բարձրացնելով աուդիտի խնդիրը՝ Սերժ Սարգսյանը կասկածի տակ է դնում ՀԷՑ-ի հայտում ներկայացված հիմնավորումները և, այսպես ասած, փորձում է փոխել խաղի կանոնները, եթե անգամ չհաջողվի լուծել ՀԷՑ-ի ճակատագրի հարցը: Մամուլում քիչ չեն ակնարկները ՀԷՑ-ը վաճառելու մասին, բայց որևէ մեկը չի ցանկանա ՀԷՑ-ը գնել այսպիսի «օժիտով»: Հիմա այդ հարցը պետք է լուծվի:
Ես հարց ուղղեցի իշխող Հանրապետական կուսակցությանը, թե ո՞վ է վճարելու 24,5 մլրդ պարտքը: Հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, կրքեր բորբոքեց իր պատասխանով, այն է` ժողովուրդն է վճարելու: Հիմա ժողովուրդը Բաղրամյան պողոտայում ասում է, որ ինքը չի պատրաստվում այդ պարտքը վճարել, և հետևաբար, քանի դեռ պարտքի վճարման խնդիրը լուծված չէ, ՀԷՑ-ը որևէ մեկը չի էլ ձեռք բերի: Սերժ Սարգսյանը այդքան էլ շատ ընտրության հնարավորություններ չունի: Եթե անգամ ՀԷՑ-ի ճակատագիրը լուծվի, ասենք, վերավաճառքի տեսքով, միևնույնն է այդ պարտքի խնդիրը պետք է լուծվի: Իսկ դա կարող է լինել, եթե դրա չհիմնավորվածությունն ապացուցվի: Իսկ չհիմնավորվածությունը կարելի է ապացուցել միայն աուդիտի կիջոցով: Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի կատարած քայլը հետաքրքիր է, որովհետև, ըստ էության, բացվում է թեման՝ կուտակված պարտքերի հիմնավորվածության վերաբերյալ: Եթե դա արվի, բնականաբար նաև լուծում կստանա ՀԷՑ-ի ապագայի հարցը: Ես կարծում եմ, որ այս քայլերն ավելի միտված են տանելու սակագնի բարձրացման որոշման կասեցմանը»:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ հենց այս պահին Ռուսաստանը որոշեց Պերմյակովի գործը հանձնել Հայաստանին, փորձագետը պատասխանեց. «Ռուսական կողմը հասկանում է վիճակի վտանգավորությունը, որովհետև անցել է արդեն 6 ամիս և որևէ բացատրություն իրենք չեն ներկայացրել Հայաստանում կատարվածի մասին: Մի իրադարձության, որը ցնցեց ամբողջ հայ հասարակությանը և բորբոքեց հակառուսական տրամադրություններ: Ռուսաստանը գիտակցում է, որ իր քայլերը կարող են ուղղակի նպաստել հակառուսական տրամադրությունների աճին և փորձում է մեղմել իրավիճակը»:
Ռազմիկ Մարտիրոսյան