Որոնք են լինելու հաջորդ քայլերը, եթե պահանջը չբավարարվի. պարզաբանում է Վաղինակ Շուշանյանը
Եթե «Ոչ թալանին» նախաձեռնության պահանջը չբավարավի, հաջորդ քայլը կախված կլինի պատասխանից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
«Կախված է, թե ինչ ձևով մեզ պատասխանը ետ կվերադարձնեն: Ինչքան կտրուկություն ու սրություն կունենա իրենց պատասխանը, ըստ այդմ՝ մենք կորոշենք՝ ինչ ենք անելու, որովհետև այս պահին դրությամբ չարժե ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ անել ու ասել՝ այսինչ բանն ենք անելու, այնինչ բանն ենք անելու: Դա կախված է հակառակ կողմի պատասխանից»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք չե՞ն կարծում, որ այսքան երկար ակտիվ գործողություններ չանելուց հետո մարդիկ կարող են հուսախաբ լինել ու թողնել Բաղրամյան պողոտան, նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ակտիվ գործողությունները գրեթե ամեն օր լինում են. «Եղել են ավոտերթեր, եղել են իրազեկման երթեր քաղաքում: Այսինքն՝ այս ամենն անընդհատ տեմպի մեջ է: Բաղրամյան պողոտայում հիմնականում օրվա մեծ մասը նստացույց անողներն են, բայց քաղաքացիներն ինքնակազմակերպվում են ոչ միայն Բաղրամյան պողոտայում ու Երևանում, այլ նաև ամբողջ հանրապետությունում»: Նա նշեց, որ անգամ ինքնակազմակերպվել են սփյուռքահայերը, խնդիրը չի սահմանափակվում Երևանում:
Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր՝ որքանով է տեղին նստացույցը երգ ու պարով անցկացնելը, չեն կարծում, որ դրանք ավելի թեթև ու ոչ լուրջ երանգ են հաղորդում նստացույցին: «Միանշանակ այդպես չեմ կարծում, որովհետև երգ, պարը, երաժշտությունը էներգետիկա է հաղորդում նամանավանդ երիտասարդությանը, իսկ տարիքով անձինք, տեսնելով երիտասարդների ուրախությունը, աշխուժությունը, ավելի են ոգևորվում, և սա կարելի է ասել, մասսա է պահում: Ճիշտ է՝ փորձում ենք հայրենասիրական ոգով անել այդ ամենը»,- ի պատասխան հարցի՝ նշեց Վաղինակ Շուշանյանը:
Մաքսիմ Սարգսյանն էլ հավելեց, որ Բաղրամյան պողոտայում բազմաթիվ երիտասարդներ են հավաքված. «Մենք քաղաքական գործիչներ չենք, մենք հռետորներ չենք, որպեսզի այստեղից ամբողջ օրը գոռանք տարատեսակ ճառեր: Այսինքն՝ հավաքված է երիտասարդություն, կա պահանջ, պահանջատեր: Նստացույցը նրա համար է, որ ցույց տանք՝ մենք պահանջատեր ենք: Իսկ ընթացքում, բնականաբար, երիտասարդությունը ծանր օրվանից հետո, անքուն գիշերներից հետո, կարող է իրեն թույլ տալ լիցքաթափվել, որովհետև հեշտ չէ 24 ժամ ապրել փողոցում, այսպես ասեմ»: