«Թևկապ ես էլ կարող եմ կպցնել, Դուք էլ». փաստաբանը՝ ակցիայի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին

Հունիսի 23-ի առավոտյան Ոստիկանությունը ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքը. բանակցություններից ու կոչերից հետո Ոստիկանությունը գործի դրեց ջրցան մեքենան, ապա բռնության կիրառմամբ բերման ենթարկեցին 200-ից ավելի քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների:

Ոստիկանությունն իր գործողությունները բացատրում է նրանով, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ժամը 22:00-ից մինչև 8:00-ն բնակելի և այլ շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով, իսկ 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքը դադարեցվում է, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահի անհամաչափ սահմանափակումը:

«Ակնհայտ է, կադրերի ուսումնասիրությունը միայն բավարար է հետևության գալ այն մասին, որ Ոստիկանության գործողությունները չեն եղել իրավաչափ, իսկ համաչափության մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, որովհետև Ոստիկանությունը ցանկանում էր ցույց տալ, որ ինքը ծայրահեղ ձևի բիրտ վերաբերմունք է ցուցաբերում ցուցարարների նկատմամբ: Ինչն է դրա պատճառը, ես արդեն չգիտեմ: Ես չգիտեմ՝ ինչի դրսևորում է խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ նման ոչ համաչափ ուժ կիրառելը: Չգիտեմ՝ ինչպես անվանել, որ շատ դաժան պիտակ չկպցնեմ հեղինակներին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս շատ էին նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնց որոշ մասն էին միայն անգլերեն «ոստիկանություն» գրությամբ թևկապներ կրում: Մեր հարցին՝ արդյոք որևէ իրավական ակտով կարգավորվո՞ւմ է նրանց մասնակցությունը, գործողությունները հավաքների ընթացքում, Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ արդյոք կառավարության համապատասխան որոշում կա՞, թե ինչպիսի տեսք պետք է ունենա ոստիկանական համազգեստը: Թևկապ ես էլ կարող եմ կպցնել, Դուք էլ: Ի՞նչ ասել է՝ թևկապ էին կպցրել: Բացի այդ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումներ կան, որ զանգվածային միջոցառումների ժամանակ քաղաքացիների հետ շփման մեջ մտնող ոստիկանը պիտի լինի համազգեստով, այսինքն՝ քաղաքացու համար լիակատար կանխատեսելի պետք է լինի, թե ինքն ում հետ գործ ունի: Կարող են լինել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, դա այլ խնդիր է, եթե իրենք իրականացնում են որևէ այլ ծառայություն, այնտեղ կանգնած են, հետևում են, ինչ ասես կարող են անել բացառապես իրենց գործառույթների շրջանակներում: Բայց եթե ոստիկանը պիտի որևէ կերպ շփման մեջ մտնի քաղաքացու հետ՝ որպես ոստիկան, ապա այստեղ պարտադիր է, իհարկե, ինքը պետք է լինի համազգեստով, որպեսզի քաղաքացին էլ հասկանա, թե ում հետ գործ ունի»:

Դատախազության որոշմամբ՝ քրեական գործ էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով: Մեր հարցին՝ արդյոք հիմքեր կայի՞ն այդ հոդվածով քրեական գործ հարուցելու, Ե. Վարոսյանը պատասխանեց. «Բողոքի ակցիան նույնացնել խուլիգանության հետգ ես չգիտեմ՝ սա իրավաբանական մտքի նոր «գոհար» է, որի հետ գործի ունենք երևի առաջին անգամ, որ ինչ-որ իրավաբան կարծում է, որ հոսանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացին ոչ թե բողոք է անում, այլ իր դիտավորությունն ուղղված է հասարակական կարգը խախտելուն և այլ քաղաքացիների նկատմամբ իր առավելությունն ընդգծելուն: Հասկանո՞ւմ եք՝ բողոքի ակցիան խուլիգանության հետ նույնացնել՝ լրիվ նոր մտքի «գոհար» է»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձոր գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ Ոստիկանության գործողություններն ապօրինի էին, ոչ համաչափ, դաժան դրսևորման ձևով. «Այն միջոցները, որոնք կիրառվեցին՝ ջրցան մեքենաներ, ռետինե մահակներով և հատուկ վահաններով զորախմբի ներգրավումը շատ փոքրաթիվ մարդկանց նկատմամբ (այնտեղ երևի թե առավելագույնը 400-500 մարդ լիներ), պարզապես հրապարակային պատժիչ գործողություն էր, ոչ թե ցույցի ցրում: Ի դեպ, նաև ասեմ, որ եթե Ոստիկանությունը գտնում էր, որ անօրինական է, ապա հերթական անգամ մենք տեսնում ենք, որ այդ ապօրինության հետ կապված ինքը միջոցառումներ ձեռք չի առնում հենց Ազատության հրապարակում կամ մինչև Բաղրամյան պողոտա՝ Սահմանադրական դատարանի շենքի մատույցներին հասնելը»:

Արթուր Սաքունցի խոսքով՝ բերման ենթարկելու հիմքեր չկային, բացի դա՝ այն գործողությունները, որոնք Ոստիկանության բաժիններում կատարվել էին բերման ենթարկվածների նկատմամբ, նույնպես ապօրինի էին, այսինքն՝ կատարվածն ապօրինությունների շղթա էր. «Եվ շատ կարևոր է իմանալ, թե ով է անմիջապես հրահանգ տվել ջրցան մեքենաների օգտագործման և ներքին զորքերի անմիջական օգտագործման համար»,- ասաց Ա. Սաքունցը՝ նշելով, որ հիմնավոր կասկած ունի, որ անմիջական պատասխանատվությունը կրում է ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը:

Ա. Սաքունցի խոսքով՝ Ոստիկանության նման գործողությունները և քրեական գործի հարուցումը միանշանակ նպատակ են հետապնդում ճնշում գործադրել քաղաքացիների նկատմամբ. «Որովհետև առաջարկելու այլ բան չունեն, չունեն կատարելու այլ քայլ, քան բռնությամբ սաստելու, խլացնելու կամ կասեցնելու բողոքի ձայնը, ցույցերը, հետագա գործողությունները: Եվ շատ խորհրդանշական է, որ այս օրերին հենց Ոստիկանությունը և իրավապահ մարմինները հանդես են գալիս որպես ոչ թե` օրենքի, օրենսդրությամբ սահմանված իրենց գործառույթների կատարողներ, այլ հանդես են գալիս միայն իշխանության պահապանների, իշխանության անձեռնմխելիության ապահովման և իշխանության ապօրինի գործողությունների դեմ հիմնավոր բողոք ներկայացնող քաղաքացիների նկատմամբ` որպես ճնշման գործիքների դիրքում»:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները, Ա. Սաքունցը պատասխանեց. «Դա հանցագործի հոգեբանության շատ պարզ արտահայտություն է, որը փորձում է այնպես անել, որպեսզի իր հանցավոր գործողությունը թաքուն, ծածկված մնա, չբացահայտվի: Եվ տվյալ պահին կատարվող այդ հանցավոր գործողությունների՝ տեխնիկական միջոցներով և հնարավոր բոլոր լրատվական գործիքներով արձանագրողները հանդիսանում էին լրագրողները, և, բնականաբար, հանցագործություն կատարող անձինք գիտակցում էին իրենց այդ հանցագործ գործողությունը, դրա համար էլ իրենց այդ գործողությունը գրանցողների դեմ էր նաև ուղղված իրենց այդ ապօրինությունը, որպեսզի չգրանցվի, չարձանագրվի:

Սա է հիմնական շարժառիթը եղել, և իրենք, ի դեպ, իրենց հենց այդ գործողություններով են հիմնավորում, որ իրենք ոչ միայն համոզված չեն իրենց արարքների արդարացիության և իրավական հիմնավորման մեջ, այլ նաև իրենք կատարում են հերթական ապօրինությունը՝ իրենց քաղաքացիների նկատմամբ մյուս ապօրինությունը թաքցնելու համար»:

«Ոչ միայն այս միջոցառման ժամանակ, այլև սրանից առաջ եղած բոլոր հասարակական, քաղաքական միջոցառումների, ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանությունը գործել է օրենքից դուրս: Միջոցառումները եղել են օրինական, միջոցառման մասնակիցներն օրենք չեն խախտել, նրանց գործողությունները եղել են օրենքի շրջանակներում, և, եթե որևէ մեկն օրենք է խախտել, և նախորդ օրվա դեպքով, և դրանից առաջ եղած դեպքերով, ապա դա ՀՀ իշխանություններն են: Առաջին հերթին՝ պետք է շեշտենք իշխանություններին, հետո՝ Ոստիկանությանը»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ խոսելով Ոստիկանության գործողությունների մասին:

Մեր հարցին, թե ինչո՞վ է նա պայմանավորում Ոստիկանության նման գործողությունները, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Դեռ 2003-2004թթ. սկսած՝ իշխանությունները մեկ կարևոր խնդիր են լուծում՝ վախ և սարսափ տարածել հասարակության մեջ, որպեսզի մարդիկ իրենց բառերով, տերմինոլոգիայով ասած՝ հասկանան, որ իրենց դեմ խաղ չկա: Սա է: Եվ այդ համատեքստում պետք է դիտարկել այս վերջին 10-15 տարվա բոլոր զարգացումները: Այս անգամ էլ նույն խնդիրն էին լուծում՝ փորձում էին իրենց գործողություններով երիտասարդների մեջ, ցույցի մասնակիցների մեջ տարածել այն մտայնությունը, որ` մեր դեմ խաղ չկա, և իմաստ չունի մասնակցել զանգվածային միջոցառումների, իմաստ չունի պայքարել մեր դեմ, մենք ունենք բանակ, ունենք Ոստիկանություն, ունենք զենք, ունենք ջրցան մեքենաներ, իսկ դուք, քանի դեռ շարունակում եք գործել օրենքի շրջանակներում, ծեծ եք ուտելու և կալանավորվելու եք»:

Հավելենք նաև, որ ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար:

Տեսանյութեր

Լրահոս