Կայացման փուլեր. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.

«Ես, իհարկե, բյուրոկրատիային դեմ եմ, բայց ինձ թվում է, որ եթե որեւէ հասարակական շարժում է սկսվում, այն պետք է ունենա որոշակի հիերարխիկ կառուցվածք: Այսինքն՝ մեկը պետք է լինի ընդհանուր համակարգողը, եւ նրա հրահանգները պետք է լսեն բոլորը, մեկը պատասխանատու լինի լրատվամիջոցներին տեղեկատվություն հայտնելու համար, մյուսը՝ ոստիկանության հետ բանակցելու, մեկն էլ, ենթադրենք, կազմակերպի ցուցարարների կենցաղը, եթե նրանք մի քանի օր մնում են նույն տեղում:

Նախորդ օրը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդները նման կառուցվածք չունեին, հունիսի 24-ին այդ կազմակերպչական կորիզը, բարեբախտաբար, սկսում էր նշմարվել:

Չնայած էլի նկատվում էր, որ կան խմբեր եւ անհատներ, որոնք իրենց «անկախ մայլա» էին զգում: Հասարակական շարժումների հստակ կառուցվածքը պետք է ոչ միայն տվյալ նպատակին՝ հոսանքի թանկացման մասին որոշումը չեղարկելուն, հասնելու համար, ոչ միայն հնարավոր սադրանքներից խուսափելու համար, այլեւ ընդհանրապես հասարակության ինքնակազմակերպման ավելի բարձր մակարդակ նվաճելու առումով:

Կուսակցական հանրահավաքներն այլ են՝ դրանք, որպես կանոն, իրազեկված են, քաղաքապետարան ներկայացրած հայտի տակ ստորագրում են կոնկրետ մարդիկ, եւ ենթադրվում է, որ կուսակցության առաջին դեմքը պատասխանատու է ամեն ինչի, այդ թվում՝ որոշ չափով նաեւ ոստիկանության անհամաչափ գործողությունների համար, որոնցից կարող են տուժել հանրահավաքի մասնակիցները:

Բայց անկախ Հայաստանի պատմության ընթացքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մեր քաղաքացիների մեծ մասը չի վստահում կուսակցություններին: Քաղաքական կազմակերպություններից շատերն ունեն հանրահավաքային պայքարի պատկառելի փորձ, բայց այդ փորձը չեն կարող կիրառել, քանի որ չեն կարող (առանց փողի) ապահովել ցուցարարների պատշաճ զանգված:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը կամ ով հիմա կազմակերպում է հանրահավաքները, նման փորձ չունի, փոխարենն ունի վստահության որոշակի պաշար, որն, իհարկե, կարելի է եւ կորցնել, ընդ որում՝ թե՛ չափից դուրս զիջողական լինելու դեպքում (ինչը ինքնին հասկանալի է), թե՛ չափից դուրս «անզիջում» լինելու պարագայում, եթե այս երկրորդ տարբերակը երկար ժամանակ որեւէ արդյունքի չբերի»:

 

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս