Բաժիններ՝

«Էլեկտրաէներգիայի հարցն ընդամենը սկիզբն է. պայքարը նոր է սկսվում». ակտիվիստ

Արդեն 5 տարի Հայաստանում բնակվող սփյուռքահայ Վարագ Սիսեռյանն անցնող տարիներին Հայաստանում մասնակցել է քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների, իսկ հունիսի 23-ին «Ո՛չ թալանին» նախաձեռնության մասնակիցների թվում` բերման և բռնության է ենթարկվել։ Ինչպես «168 Ժամին» ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը, ոստիկանները ձողերի հարվածներով վնասվածքներ են հասցրել գլխին և մարմնի տարբեր հատվածներին (լուսանկարներն ու ապացույցները կան.- Ա.Թ.)։

Չնայած ստացած վնասվածքներին` Վարագը նախօրեին և երեկ կրկին ցուցարարների շարքում էր. նա ասաց, որ ինքը ցուցարարների մեջ զգում է ոչ թե` սփյուռքահայ, այլ` հայ, ով պատասխանատու է Հայաստանում կատարվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պայքարում։

– Հայաստանի անկախությունից հետո, կարծեմ, սա առաջին դեպքն է, որ քաղաքացիական շարժումը կոնկրետ առաջնորդ չունի, և առաջին հերթին` դա է ողջունելի։ Ամեն երկիր պետք է ունենա իր քաղաքացիական հասարակությունը, որը պետք է պահանջներ դնի իր իշխանությունների առջև։

Իսկ իշխանությունները, ինչպես արտաքին քաղաքական ոլորտում, ինչպես տնտեսական քաղաքականության մեջ և այլուր, այս ասպարեզում ևս շատ լուրջ սխալներ են թույլ տվել. ինչպես գիտեք` սխալ կառավարում է տեղի ունեցել, ինչի պատճառով սակագին է բարձրացվում։ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը` տարբեր ոլորտներում, արդյունավետ չէ, և արդյունքն այն է, որ մարդիկ արտագաղթում են… Մի օրինակ բերեմ` զբոսաշրջության ոլորտը. Հայաստանի տնտեսությունն այսօր հենվում է զբոսաշրջության վրա, բայց Հայաստանում չկա զբոսաշրջության նախարարություն, որը լրջորեն կզբաղվի ոլորտով…

Կարդացեք նաև

Մի ուրիշ բան` բոլորս էլ տեսնում ենք, որ անգրագետ մարդիկ են հայտնվում Ազգային ժողովում… Կրթական համակարգում կան լուրջ խնդիրներ` կաշառակերություն և սխալ ռազմավարություն, և այս ոլորտը գործնականորեն շտկելու համար գրեթե ոչինչ չի արվում… Ես կարծում եմ, որ էլեկտրականության սակագնի բարձրացման դեմ պայքարն ընդամենը մի փոքր հարց է, որի ետևում կան շատ ավելի մեծ համակարգային խնդիրներ, որոնց երկարատև անլուծելիությունից ժողովուրդն արդեն հոգնել է։ Վստահ եմ, որ եթե իշխանություններն արագ փոփոխությունների և բարեկարգումների չդիմեն, ապա շատ ավելի վատ է լինելու իրենց համար, եթե ոչ` այսօր, ապա` գոնե վաղը… Իշխանությունները պետք է սա շատ լավ հասկանան, հակառակ դեպքում` վրդովմունքի ալիքը գնալով մեծանալու և անկառավարելի է դառնալու։

– Առաջնորդ չունենալը որպես առավելություն նշեցիք։ Խոսվում է, որ գուցե ավելի լավ է` ամեն դեպքում` առաջնո՞րդ ունենալ։

– Այս փուլում և այս խնդրի դեպքում, կարծում եմ, որ առանց առաջնորդի ավելի ճիշտ է։ Իհարկե, մի քիչ դժվարություններ կան պայմանավորվածությունների առումով` բազմության հետ առանց առաջնորդի աշխատելով, բայց դեմ եմ առաջնորդին, դեմ եմ երկխոսության գնալուն, քանի որ երկխոսության հարց չկա, այստեղ հստակ պահանջ կա դրված. ժողովուրդն ուզում է, որ սակագինը չբարձրացվի, և այն մարդիկ, որոնք սակագնի բարձրացմանն են նպաստել, պատասխանատվության ենթարկվեն։ Մեր պահանջն է, որ նախագահը կամ պատասխանատու մի պաշտոնյա կանգնի և ասի` բարձրացվո՞ւմ է սակագինը, թե՞` ոչ։ Երբ չեն խոսում, ուրեմն սակագինը բարձրացվելու է, ուրեմն ամեն ինչ շարունակվելու է։

– Ակնկալո՞ւմ եք, որ պայքարի արդյունքում սակագինը չի փոփոխվի։

– Ես դժվար եմ պատկերացնում, որովհետև մեծ կորուստներ են եղել, մեծ պատասխանատուներ կան, ընդհուպ` մինչև ամենաբարձր պաշտոնյաների մասնակցության և մեղավորության մասին է խոսվում, և չեմ կարծում, թե կարող են պահել գինը, քանի որ, եթե այդպես անեն, ապա «սև թղթածրարները» կբացվեն ժողովրդի առջև։

Մյուս կողմից էլ` եթե այսպես շարունակվի, ժողովուրդը պիտի պայքարի։ Եվ ասեմ, որ պայքարողների թիվը կապ չունի։ Այն օրը, երբ բռնություն գործադրվեց, մենք ընդամենը 300 հոգի էինք, և այդ 300 հոգին կարողացավ իրավիճակ փոխել։ Այսօր Հայաստանում արդեն դա է կարևոր` իրավիճակ փոխել։ Մարդիկ մտայնություն ունեն, որ այս երկրում ոչինչ չի փոխվում, և արտագաղթում են։ Մենք հենց այդ մտայնությունը պիտի փոխենք` ո՛չ, այս երկրում կարելի է ինչ-որ բան փոխել, և 200-300 հոգով էլ կարելի է անել դա։ Աշխարհի ուշադրությունն արդեն մեր երկրի վրա է, միջազգային լրատվամիջոցներն անդրադառնում են, որովհետև սա քաղաքացիական շարժում է, քաղաքական որևէ օրակարգ չկա, արտաքին որևէ ծրագիր չկա, որևէ օտար պետության դեմ չենք։

– Նորից բռնություն կիրառելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

– Անցյալ օրվա բռնությունից հետո իրենք հասկացան, որ ծեծով ոչնչի չեն հասնի։ Երբ իրենք ճնշեցին 300 հոգու, դրա փոխարեն` հաջորդ օրն ավելի շատ մարդ հավաքվեց։ Ես ինքս խաղաղ ցուցարարների մեջ սև դիմակներով ոստիկանների կողմից ենթարկվեցի ահավոր ծեծի, հայհոյանքների, ամենավատ վերաբերմունքի։ Երբ ոստիկանական բաժանմունք տարան, ավելի վատին էի սպասում, բայց, ի պատիվ այնտեղ աշխատողների, ասեմ, որ ամեն ինչ նորմալ էր, նույնիսկ բժիշկ կանչեցին, քանի որ ձեռքս չէի կարողանում շարժել, բժիշկը եկավ, ներարկում կատարեց։ Շատ մեծ մտավախություն ունեի, որ արդյո՞ք կարող է հիասթափվեմ, բայց ասեմ, որ այս պայքարի մեջ եմ մտել գիտակցաբար, հետևաբար` հիասփաթվելու իրավունք չունեմ, մինչև վերջ պայքարելու եմ։ Էլեկտրաէներգիայի հարցն ընդամենը սկիզբն է. պայքարը նոր է սկսվում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս