«Արևմուտքը չի կողմնորոշվել Հարավային Կովկասի հարցու, քանի որ խրտնած է ռուսական ներկայությունից»
Հարցազրույց Չեչնիայում շարունակվող հակամարտությամբ, կովկասյան և Կենտրոնական Ասիայի անվտանգությամբ, հետսովետական երկրներում էներգետիկ հիմնահարցերով զբաղվող, Լոնդոնի «Քինգզ» քոլեջի դոկտոր Թրեյսի Ջերմանի հետ
– Տիկին Ջերման, նախորդ տարվանից սրվել է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, թեև կողմերը հրադադարի պայմանագիր են ստորագրել 1994թ.։ Ձեր կարծիքով` ինչո՞ւ հակամարտության գոտում իրավիճակը միանգամից սրվեց, թեև նախկինում ևս արձանագրվում էին լարվածության փուլեր։ Բացի հակամարտող կողմերից, կոնֆլիկտում արտաքին հետաքրքրված խաղացողներ Դուք տեսնո՞ւմ եք։
– Ես չեմ կարող ասել, որ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հարցում հետաքրքրված կողմ կա։ Մենք պարզապես տեսնում ենք, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն է ավելի ուժեղացել, բայց ես չեմ կարծում, որ պատերազմի վերսկսումը բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ դրանով Ադրբեջանը կկորցնի խոշոր միջազգային ներդրումներ և արևմտյան ներկայություն Ադրբեջանում։
Կարծում եմ, որ եթե խոսում ենք արտաքին խաղացողներից, ապա կարող ենք ասել, որ Ռուսաստանը շատ կարևոր խաղացող է։
Ռուսաստանը խաղացող է, որն ունի հզոր ազդեցություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ։ Եթե Ռուսաստանը որոշի, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի, այն կկարգավորվի։ Ռուսաստանը կկարողանա կողմերին մոտեցնել, սակայն ներկայումս հիմքեր չունեմ պնդելու, որ նման բան տեղի կունենա մոտ ապագայում, քանի որ չկա նման մտադրություն, ուստիև իրավիճակը բավականին վտանգավոր է։
– Ըստ Ձեզ` ՌԴ ներկայիս նպատակը հակամարտությունը պարզապես սրված վիճակում պահե՞լն է։
– Ռուսաստանը պնդում է, որ իր քաղաքականությունը հավասարակշռված քաղաքականություն է, երկու կողմին էլ մատակարարում է զենք` հանդիսանալով սպառազինության մատակարարման աշխարհի առաջատարներից մեկը։ Դրանով իսկ լավ բիզնես է անում, գումարներ է աշխատում, այսինքն` Ռուսաստանը պրագմատիկ է, թեև դրանով կողմերը չափազանց ռազմականանում են, ինչն է՛լ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը։ Սա և՛ բիզնես, և՛ քաղաքական տեսակետից ձեռնտու է Ռուսաստանի համար, քանի որ Հարավային Կովկասում արևմտյան պասիվության ֆոնին հաստատում է իր հզոր ազդեցությունը։
– Թվում էր` ուկրաինական ճգնաժամը պետք է դաս դառնար Արևմուտքի համար, որը, ըստ մի շարք միջազգայնագետների, այսուհետ պետք է ամրապնդեր իր ներկայությունն այն տարածաշրջաններում, որտեղ այն թուլացած էր։ Հավասարակշռությունը կոտրված է Հարավային Կովկասում` ևս։ Արևմուտքը դիտարկո՞ւմ է այն վերականգնելու հնարավորությունը։
– ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ինչ-որ առումով խրտնել են ռուսական ամուր ներկայությունից ինչ-ինչ տարածաշրջաններում։ Ես չեմ կարծում, որ հակառակն անելու քաղաքական կամքը չկա, պարզապես այս կառույցներում չկա կոնսենսուս, թե ինչպես առաջ շարժվել` Հարավային Կովկասում ավելի լայնորեն ներգրավվելու հարցում։ Դա է խնդիրը։ Կարծում եմ, որ Ուկրաինայում շարունակվող ճգնաժամային իրավիճակի պայմաններում ավելի շատ է խոսվում Հարավային Կովկասում և, հատկապես` հետսովետական տարածքում Արևմուտքի ավելի ակտիվ ներկայության մասին։
Սակայն կա մեկ այլ կարծիք շատ երկրների շրջանում, որ պետք է փորձել պահել լավ հարաբերություններ Մոսկվայի հետ։ Տեսակետների լուրջ տարբերություն կա Արևմուտքում։ Ես լիահույս չեմ, որ Հարավային Կովկասում արևմտյան ներգրավման հարցը մոտ ապագայում լուծվելու է։ Այսինքն` կոնսենսուսի բացակայությունը խոչընդոտում է։
– Այդ դեպքում Հարավային Կովկասի երկրներն ինչպե՞ս պետք է հաղթահարեն ռուսական ճնշումները և ամբողջությամբ չհայտնվեն ռուսական ուղեծրում։
– Սա դժվար հարց է։ Մենք գիտենք, թե ինչպիսի վտանգներով է լի իրավիճակը Վրաստանում, Հայաստանում։ Վրաստանը հանձնառու է իր` ՆԱՏՕ անդամակցության ցանկությանը, ԵՄ-ին ինտեգրացիայինգ։ Հայաստանը պետք է շատ դժվար որոշում կայացնի արտաքին քաղաքականության իր ուղղղության վերաբերյալ։ Ամենալավը, ինչ կարող են անել, արևմտյան կառույցներին հնարավորինս մերձենալն է, դրանով իսկ ստեղծելով որոշակի հավասարակշռություն, բայց իրավիճակն իսկապես բարդ է, քանի որ Արևմուտքն այսօր չի կողմնորոշվել այս հարցում։