Նոբելյան մրցանակի 10 դափնեկիր՝ հայազգի գիտնականի կազմակերպած «Starmus» գիտական փառատոնին
Կանարյան կղզիներում անցկացվող «Starmus» («Սթարմուս») գիտական փառատոնի հիմնադիր, հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը և գործընկերները տեղեկացրել են, որ 2016թ. հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը Տեներիֆե կղզում կայանալիք «Starmus» երրորդ փառատոնին մասնակցելու է Նոբելյան մրցանակի 10 դափնեկիր: Երրորդ «Սթարմուս» փառատոնը կունենա «Հորիզոնից այն կողմ` հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին» խորագիրը, որը հարգանքի տուրք կմատուցի բոլոր ժամանակների ամենահայտնի բրիտանացի աստղաֆիզիկոսին և կհաստատի, որ «Սթարմուս» փառատոնն աշխարհի ամենահավակնոտ գիտական փառատոնն է, որը կրկին Տեներիֆեում կհամախմբի գիտության, կրթության և տիեզերական հետազոտությունների լավագույն մասնագետներին:
««Սթարմուս» փառատոնը կհաստատի իր դիրքերը. այն եզակի հարթակ է մարդկային քաղաքակրթության ապագայի քննարկման համար»,- ասել է պրոֆեսոր Հոքինգը:
Բացի Սթիվեն Հոքինգից, փառատոնին կրկին կմասնակցի «Քուին» (Queen) խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը, և, ինչպես ինքն է ասում` տեղի կունենա աննաղադեպ փառատոն:
Իսպանական ծագումով տիեզերագնաց Միգել Լոպես-Ալեգրիան կմասնակցի աստղագետների, աստղաֆիզիկոսների և այլ գիտնականների թվում:
Հունիսի 17-ից փառատոնի տոմսերը վաճառվում են կազմակերպության կայքէջում: Այս շաբաթ փառատոնի YouTube-ի ալիքով թողարկվել է «Սթարմուսի» սաունդթրեքը` Ռիք Վեյքմանի կատարմամբ:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ «Սթարմուս» 3-րդ փառատոնը կոչվում է «Հորիզոնից այն կողմ` հարգանքի տուրք Սթիվեն Հոքինգին»: «Սթարմուս» փառատոնի տեսլականը, շնորհիվ իր պատմական 2011 և 2014թթ. փառատոների՝ դարձավ անհավանական իրականություն: «Սթարմուսի» այս հերթական փառատոնը կհաստատի իր դիրքերը, այն եզակի հարթակ է մարդկային քաղաքակրթության ապագայի քննարկման համար»,- ասել է Ս. Հոքինգը:
«Սթարմուս» փառատոնի հիմնադիր և առաջատար աստղաֆիզիկոս դոկտոր Գարիկ Իսրաելյանն ավելացրել է. «Մենք շատ հպարտ ենք, որ պրոֆեսոր Հոքինգն իր համաձայնությունն է տվել, որպեսզի իրեն հարգանքի տուրք մատուցենք, որպես հետևանք՝ հաջորդ փառատոնը կլինի պատմական իրադարձություն»:
Համարվելով աշխարհի առավել հավակնոտ գիտական փառատոնը, հաջորդ «Սթարմուսին» կմասնակցի Նոբելյան մրցանակի թվով 10 դափնեկիր՝ ֆիզիկայի, քիմիայի և բժշկության բնագավառից: Նրանց թվում են՝ Հարոլդ Կրոտո և Էրիկ Բեցիգ (Harold Kroto և Eric Betzig) (քիմիա, 1996 և 2014թթ.), Քերոլ Գրեդեր և Էլիզաբեթ Բլեքբորն (Carol Greider և Elizabeth Blackburn) (բժշկություն, 2009թ.), Ռոբերտ Ուիլսոն (ֆիզիկա, 1978թ.) և Դեյվիդ Գրոս (ֆիզիկա, 2004թ.) (Robert Wilson և David Gross), Ադամ Ռիս և Բրայան Շմիդտ (Adam Riess և Brian Schmidt) (ֆիզիկա, 2011թ.), Էդվարդ Մոսեր և Մեյ-Բրիտ Մոսեր (Edvard Moser և May‐Britt Moser) (բժշկություն, 2014թ.):
Նոբելյան մրցանակի այս դափնեկիրների շարքը կհամալրեն հայտնի աստղագետներ, աստղաֆիզիկոսներ և այլ գիտնականներ, ինչպես նաև հայտնի տիեզերագնացներ Միգել Լոպես Ալեգրիան (Michael Lopez‐Alegra), Գարեթ Ռեյսմանը (Garrett Reisman), Քրիս Հեդֆիլդը (Chris Hadfield) և Ռասել Շվեյքարտը (Russell Schweickart), աստղաֆիզիկոսներ Նեյլ դե Գրաս Թայսոնը (Neil deGrasse Tyson), Քիփ Թորնը (Kip Thorne), Մարտին Ռիսը (Martin Rees), Ջիլ Թարթերը (Jill Tarter) և Ռոբերտ Ուիլյամսը (Robert Williams), ֆիզիկոս Նեյլ Տուրոկը (Neil Turok):
Փառատոնը, որը հիմնվել է 2011թ., կունենա բազմաթիվ զեկուցումներ, որոնք կներառեն մի շարք գիտական թեմաներ: Կհնչեն զեկուցումներ ոչ միայն աստղաֆիզիկայի և աստղագիտության, այլև կենսաբանության, նյարդաբանության, քիմիայի, ֆիզիկայի և, իհարկե, տիեզերական հետազոտությունների թեմաներով:
Քննարկումները կհիմնվեն գիտության սահմանների ընդարձակման վրա, և կշոշափվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ գիտության և գիտական ֆանտաստիկայի կապը, թե ինչպես տեխնոլոգիաները կանդրադառնան մարդկության ապագայի վրա, և այլն: Միջոցառումների համապարփակ ծրագիրը կներառի դասախոսություններ, հրավիրված զեկուցումներ, «կլոր սեղան» քննարկումներ, բացառիկ երաժշտական կատարումներ, ստեղծագործական արվեստի ցուցահանդեսներ և այցելություններ Տեներիֆե և Լա Պալմա կղզիների աստղադիտարաններ:
Փառատոնն ունի խորհրդատվական հանձնաժողով, որը կազմված է տարբեր ոլորտների հայտնի գործիչներից, այդ թվում՝ Պիտեր Գաբրիել, Ալեքսեյ Լեոնով, Սթիվեն Հոքինգ և Բրայան Մեյ:
Փառատոնի մասնակիցների թվում է նաև «Քուին» (Queen) խմբի կիթառահար և աստղաֆիզիկոս Բրայան Մեյը: ««Սթարմուս» փառատոնը շատ հրաշալի կողմեր ունի, բայց ես կցանկանայի ընդգծել կրթական կողմը: Այս կողմը հագեցնում է ամբողջ փառատոնը, քանի որ մարդիկ կարող են ազատ մոտենալ և իրենց հարցերն ուղղել առաջնակարգ մասնագետներին: Տեներիֆե կղզու վրա կարող եք նաև շփվել այն մարդկանց հետ, ովքեր կյանքի տարբեր բնագավառներում ոգեշնչման աղբյուր են հանդիսանում: Դուք կարող եք չիմանալ, թե ում հետ եք նախաճաշի գնում: Կարծում եմ՝ «Սթարմուս» 3-ը, որը նվիրված է այս հրաշալի անձնավորությանը, կլինի այդ փառատոներից լավագույնը»,- ասել է Բրայան Մեյը:
«Սթարմուս» և դրա գիտական և երաժշտական ժառանգությունը
Փառատոնն ունի իր սեփական գիրքը՝ «Սթարմուս». 50 տարի մարդը Տիեզերքում, Սթիվեն Հոքինգի նախաբանով, որը նա ներկայացրել էր անցած սեպտեմբերին Սաութհեմփթոնում (Մեծ Բրիտանիա)` ազդարարելով նույն ամսվա վերջում Տեներիֆեում կայանալիք «Սթարմուս» փառատոնի մասին:
«Սթարմուսի» հմայքը միայն գիտության մեջ չէ, երաժշտությունը նույնպես փառատոնի կարևոր բաղադրիչն է: Եվ «Սթարմուս» փառատոնը ևս ժառանգություն ունի այս ոլորտում, ինչպես, օրինակ՝ such as the ««Սթարմուս»` ձայնային Տիեզերք» ալբոմը, որը թողարկվել է 2013թ. գերմանական Tangerine Dream խմբի կողմից` հրավիրված երաժիշտ Բրայան Մեյի մասնակցությամբ, բոլոր ժամանակների ամենաբազմազան և գրավիչ երաժշտական համագործակցություններից մեկը: Մեկ տարի անց NOSOUND խումբը ներկայացրեց Տեներիֆեի Տեյդե աստղադիտարանում ձայնագրած ալբոմը: Հանրահայտ բրիտանացի կլավեսինահար Ռիք Վեյքմանը`«Սթարմուսի» մեկ այլ երաժշտական դեսպան, Բրայան Մեյի հետ միասին հիշարժան համերգ տվեց վերջին փառատոնի ժամանակ, «Սթարմուս» 3-ին երաժշտական ուղեկցություն կտրամադրի՝ իր «Սթարմուս» տեսահոլովակով, որը կթողարկվի այս շաբաթ փառատոնի YouTube-ի ալիքում:
Խորհրդատվական հանձնաժողովի ամենանշանավոր անդամներից մեկը` աշխարհահռչակ երաժիշտ, անգլիական Genesis խմբի նախկին ղեկավար Պիտեր Գաբրիելը (Peter Gabriel), շեշտեց աստղագիտության և երաժշտության միջև սերտ կապը: «Երաժիշտներն ուսումնասիրում և սահմանում են այն, ինչ գոյություն ունի մեր ներսում, աստղագետներն ուսումնասիրում և սահմանում են այն, ինչ գոյություն ունի մեզանից դուրս: Սա այն է, ինչ սիրում եմ «Սթարմուսում»՝ այս երկու աշխարհների համադրությունը»,- ասել է նա:
Առաջիկա ամիսների ընթացքում կազմակերպությունը կհրապարակի նոր մանրամասներ և անակնկալներ աշխարհի լավագույն գիտական միջոցառման մասին, որը կրկին տեղի կունենա Կանարյան կղզիներում: Տոմսերն արդեն վաճառվում են կազմակերպության կայքէջում` www.starmus.com և տուր-օպերատոր Kuoni-ի կայքէջում www.kuoni.es:
Ինչպես նախկինում, այս անգամ ևս փառատոնը հովանավորվում է Տեներիֆե կղզու կառավարության կողմից և իրականացվում է «Տեներիֆե» տուրիստական գործակալության կողմից: Տեներիֆե կղզու կառավարության նախագահ Կառլոս Ալոնսոն ասում է. «Հետևելով անցյալ տարվա փառատոնի հաջողությանը և մեծ հետաքրքրությանը երկնքի դիտումների հանդեպ` այս տարի նույնպես մենք ուրախ ենք հյուրընկալել այս հեղինակավոր միջոցառումը և միավորել այս մեծ մտավորականներին գիշերային դիտումների մայրաքաղաքում»:
Պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ