«Եղել են մարդիկ, ովքեր կանխատեսել են Հայոց ցեղասպանությունը»

«Այնպիսի տպավորություն է, որ հայ ժողովրդի պատմության մեջ` Անդրանիկից, Դրոյից և Նժդեհից բացի, ուրիշ հերոսներ չեն եղել։ Քանի որ, եթե Հայաստանում մարդկանց հարցնես, միայն նրանց անուններն են տալիս, նրանց մասին գիտեն հիմնականում։ Մինչդեռ, մեր ժողովրդի պատմության մեջ արժանի հերոսներ շատ կան։ Ավելին, ոչ միայն ժողովուրդը, նույնիսկ պատմաբանները հիմնականում տեղյակ չեն։ Եթե անցյալում քաղաքական պատճառներ կամ անգիտություն կար, ապա այսօր ի՞նչն է խանգարում, մանավանդ երիտասարդ պատմաբաններին` համարձակորեն դիմել անցյալի փակ էջերին ու դրանք բացահայտել ժողովրդի համար»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ջերեջյանը։

Սփյուռքահայ պատմաբանը «ժողովրդին անհայտ հերոսներ» ասելով` նկատի ունի Հնչակյան կուսակցության 20 ակտիվիստներին, որոնք 1915 թվականի հունիսի 15-ին Կոստանդնուպոլսի կենտրոնական` Սուլթան Բայազիտ հրապարակում Օսմանյան դատարանի որոշմամբ կախաղան են հանվել, և որոնց պատմաբան Եղիկ Ջերեջյանն անվանում է հերոսներ։ Ըստ մեր զրուցակցի, նրանք կանխազգացել են, որ Օսմանյան իշխանության քաղաքականությունը տանում է դեպի ցեղասպանություն։ Ինչպես նշում է Եղիկ Ջերեջյանը, Հնչակյան կուսակցությունը մինչև ապրիլի 24-ը ժողովներ էր գումարում, քայլեր էր ձեռնարկում, հատկապես հեղափոխական ծրագրեր ուներ օրվա իշխանության` «Իթթիհատ վե Թերաքքը» կուսակցության դեմ, սակայն լրտեսների միջոցով մատնություն եղավ, և հնչակյան քաղաքական միտքը ներկայացնող գործիչները, 1914 թվականին, Եղեռնից մեկ տարի առաջ, արտասահմանում գումարված ժողովից Պոլիս վերադառնալով, անմիջապես ձերբակալվեցին։

Yexik Jerejyan (5)

«Մինչև տարեվերջ ձերբակալվել են նաև հարյուրավոր հնչակյաններ։ Տեղի է ունեցել երկարատև դատավարություն, որի ընթացքում հնչակյան քաղաքական գործիչների գործունեությունը բնորոշվել է` իբրև հարված Թուրքիային, մի երկրի, որը ներքաշված է պատերազմի մեջ, և որին մեջքից փորձում են հարվածել մարդիկ, որոնք այդ երկրի քաղաքացիներն են համարվում։ Նրանց արարքը` կանխատեսել օրվա իշխանությունների գործունեությունը, ես համարում եմ քաղաքական առնականություն։ Երբ այդ օրերի որոշ հայ գործիչներ համագործակցում էին օսմանյան իշխանությունների հետ, հնչակյաններն ընդդիմանում էին։

Կարդացեք նաև

Նույնիսկ նրանց պատգամավորական աթոռներ էին առաջարկում, բայց նրանք մերժում էին։ Մի՞թե հերոսություն չէր նրանց արածը։ Նրանք ֆիդայիներ չէին, ոչ էլ` թուրքերին սպանելու համար ոտքի ելած արկածախնդիրներ, այլ քաղաքական լուրջ կեցվածք ունեցող գործիչներ էին»,- ասում է Եղիկ Ջերեջյանը` նշելով, որ ինքը կամ իր կուսակցությունը չէ միայն, որ պետք է տան եղեռնյան շրջանում հնչակյանների գործունեության քաղաքական գնահատականը։

Yexik Jerejyan (3)

Yexik Jerejyan (1)

«Այդ գնահատականը տալու է ժամանակը, տալու է ժողովուրդը, երբ վերջապես իմանա, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի համար ամենաողբերգական համարվող այդ ժամանակներում, ով է եղել` ժողովրդի, և ով է եղել իշխանության կողքին։ Փառք Աստծո, պահպանված են պատմական փաստաթղթերը, պահպանված են ժամանակի մամուլում նրանց գրությունները, դատավարության նյութերը, ժամանակակիցների հուշերը»,- ավելացնում է Եղիկ Ջերեջյանը` ժամանակակիցների հուշերից նշելով հատկապես այն նկարագրությունները, որոնք պատմում են Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղանի սպասող հայ երիտասարդների վերջին պահերը` նրանք կախաղանին մոտեցել են հպարտ, իսկ հայացքներում զղջումի ոչ մի նշան չի երևացել։ Ինքը` Եղիկ Ջերեջյանը, նույնպես գրքեր է գրել անցյալի փաստաթղթերի հիման վրա, հիշեցնում է, որ տարիներ շարունակ սփյուռքում ոգեկոչվել է քսան նահատակների հիշատակը, սակայն նա շեշտեց, որ այդ առումով մեծ աշխատանք կա անելու Հայաստանում։

Yexik Jerejyan (4)Ըստ Եղիկ Ջերեջյանի, երեկ ԳԱԱ-ում ՍԴՀԿ կազմակերպած միջազգային գիտաժողովն ընդամենը սկիզբն է` հայ ժողովրդին ներկայացնելու «Քսան կախաղաններին», հաջորդելու են այլ միջոցառումներ, չնայած Եղիկ Ջերեջյանը նշում է, որ նախկինում Հայաստանում ոգեկոչման միջոցառումներ եղել են, բայց ո՛չ մեծ շրջանակներում, և ո՛չ պետական մակարդակով։ Նույնիսկ 2001 թվականին Մեղրիում հնչակյան ակնառու գործիչ Փարամազի ու մյուս 19 հնչակյան կախաղանվածների հուշարձանը, ինչպես ասաց մեր զրուցակիցը, տեղադրվել է կուսակցության նախաձեռնությամբ։
ՍԴՀԿ-ն նույնիսկ նպատակ ունի նրանց աճյունները Ստամբուլից տեղափոխել Հայաստան և վերահուղարկավորել Եռաբլուրում կամ այլ վայրում։ Այդ նպատակով ՍԴՀԿ-ն նամակով դիմել է Ստամբուլի քաղաքապետարան, սակայն Եղիկ Ջերեջյանը չգիտի, թե ինչ արձագանք կունենա դիմումը։ «Երբ Հայաստանում խոսում էինք այս մասին, մի հայտնի հանրային գործիչ ասաց` գիտե՞ք` ինչքան փող կուզեն ձեզնից Հայաստանում` հող տրամադրելու և նրանց աճյուններն ամփոփելու համար»,- ինչը խիստ նեղացրել է սփյուռքահայ պատմաբանին։

«Ուրեմն` հայ ժողովուրդն իր հերոսները փողո՞վ պիտի արժևորի։ Մենք այդպես չենք ուզում։ Մենք ուզում ենք հասնել նրան, որ մարդկանց գիտակցության մեջ ամրանա այդ տղաների արարքի քաջությունը, հերոսությունը, ժողովուրդն իմանա, որ եղել են մարդիկ, ովքեր կանխատեսել են Հայոց ցեղասպանությունը, քննադատել են տասնամյակներով հայ ժողովրդի դեմ իրականացվող օսմանյան քաղաքականությունը և պայքարել են` հանուն ինքնավար Հայաստանի։ Այդքանից հետո, համոզվելով, գնահատելով, արդեն ժողովուրդն ինքը կպահանջի իր հերոսների վերադարձը, այնպես, ինչպես եղավ այսօր փառաբանվող մյուս հերոսների դեպքում։ Թե չէ փողով շատ հեշտ է։ Այսօր Հայաստանում որ համայնքի ղեկավարին էլ փող տաս, արձանն էլ կկանգնեցնես, փողոց էլ կկոչես»,- ասաց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս