«Մենք մասնակցում ենք Ադրբեջանի անմեղության պսակը հյուսելուն». Քաղաքագետ
«Ես դեմ եմ մասնակցելուն այս օլիմպիական խաղերին, քանի որ այս խաղն այստեղ Ադրբեջանի նոր իմիջի ձևավորումն է և նրա հանցագործ կերպարի քողակումը, սա մեծ քաղաքական խաղ է, որը նաև Եվրոպան է տանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Բաքվում կայացող Եվրոպական օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Ըստ նրա՝ այս խաղի շնորհիվ Ադրբեջանը Հայոց ցեղպանությունը մոռացության է մատնում. «Դրանից հետո ավելի դժվար է լինելու խոսել, մանավանդ երբ մինչ հիմա մենք, այսպես թե այնպես, մեկնել ենք Բաքու և չենք խոսել այդ մասին ընդհանրապես, լռում ենք այդ հանցագործության մասին: Նույնիսկ մեր պատգամավորներն են գնացել ու, վերադառնալով, սկսում են գովել, թե ինչքան բարձր մակարդակով է աշխատում ադրբեջանական Անվանգության ծառայությունը, գալիս և գովում են, թե զուգարանից մինչև դահլիճ ապահոված են, և գովում են Ադրբեջանին: Սա մեծ խաղի սխալ ընթերցում է»:
Քաղաքագետը կարծում է՝ պետք է գոնե ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո խոսենք այդ մասին: Նրա խոսքով՝ եթե 100-ամյա տարելիցի ժամանակ նպատակահարմար չգտանք դա անել և միայն արևմտահայության ցեղասպանության մասին խոսեցինք, ապա գոնե դրանից հետո մենք պետք է ինչ-որ բաներ անենք, որ ցույց տանք, թե ցեղասպանվածը և Օսմանյան կայսրությունում, և՛ հանրապետական Թուրքիայում, և՛ Ադրբեջանում նույնն է, և ցեղասպանողը նույնն է. «Հիմա մենք մեր ազգին բաժանել ենք 2 մասի, մեկ ցեղասպանվել է, մյուսի մասին անհարմար ենք գտնում խոսել: Այսօր Թուրքիան Եվրոպա մտնելու համար մի քիչ ուրիշ խաղ է խաղում, իսկ Ադրբեջանն ընդունել է լրիվ ագրեսիվ կեցվածք և Թուրիքայի դերն է կատարում: Մենք նրան չենք մեղադրում ցեղասպանթյան մեջ, սա շատ մեծ սխալ է: Մենք մասնակցում ենք Ադրբեջանի անմեղության պսակը հյուսելուն՝ նրանց անվտանգության ծառայությունների հսկողության տակ: Խայտառակ բան է դա»:
Քաղաքագետը նաև նկատեց, որ ադրբեջանցիները երբեք չեն գալիս այստեղ նման միջոցառումներին, իսկ մենք անընդհատ «մեղավորի տեսքով» գնում ենք. «Մեր աշխարհի չեմիպոնը չգնաց Բաքու՝ ասելով որ ինքը պատրաստվում է աշխարհի չեմպիոնատին, և ոչ թե եվրոպական խաղերին, բայց այդպես չպետք է ասվի: Մերոնք մի անգամ պետք է ասեն, թե մենք չենք կարող գնալ այն երկիրը, որի հրապարակները հիշում են այրվող և բարձրահարկերից ցած նետվող մարդկանց ճիչերը»: