Ղարաբաղյան փակուղում ԱՄՆ-ը նոր մոտեցում է գործադրում. Մանվել Սարգսյան

«ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը նոր մոտեցում է գործադրում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին աասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ տարածաշրջան կատարած միանձնյա այցին: Ուոլիքը Երևան է ժամանել հունիսի 9-ին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու նպատակով: Նույն օրը նա հանդիպել է ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Էդմոն Մարուքյանի, Թևան Պողոսյանի, Սամվել Նիկոյանի և Կորյուն Նահապետյանի հետ: Հունիսի 10-ին դիվանագետն ավելի ակտիվ հանդիպումներ է ունեցել ինչպես՝ ՀՀ ԱԳ նախարարի, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Բաքու Եվրոպական խաղերին մասնակցելու նպատակով մեկնել պատրաստվող հայ մարզիկների հետ: Սակայն հանդիպումների բովանդակության մասին քիչ տեղեկատվություն է հաղորդվում:

Մանվել Սարգսյանը նշեց, որ Ջեյմս Ուորլիքի բազմաբնույթ հանդիպումները Երևանում տպավորություն են ստեղծում, որ ամերիկացի համանախագահը Երևանում ճշտումներ է իրականացնում: «Օրինակ` ինչո՞ւ պետք է հանդիպի մի քանի պատգամավորների հետ: Իմ համոզմամբ` նա կարծիքներ է հավաքում, հետազոտություն անցկացնում: Հակամարտության գոտում տիրող տրամադրություններն ուսումնասիրելուն է ուղղված այս այցը: Այլ համանախագահներին գուցե այս նախաձեռնությունը չի հետաքրքրել, կամ նրանք են հանձնարարել ամերիկացի դիվանագետին այցելել տարածաշրջան այդ աշխատանքների նպատակով: Այլ բան չի կարող լինել: Եթե գար մեկ օրով հանդիպեր նախագահին և ԱԳ նախարարին, կարելի էր ասել, որ կոնկրետ առաջարկ կա, բայց երկարատև հանդիպումները տարբեր խմբերի հետ տպավորություն են ստեղծում, որ նա կարծիքներ է հավաքում»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սովորաբար ՄԽ-ն ամբողջությամբ նման ձևաչափով չի աշխատում: «Երբ համանախագահները գալիս են տարածաշրջան, շատ կոնկրետ պաշտոնական հանդիպումներ են ունենում, ապա գնում և հայտարարություն տարածում, իսկ Ուորլիքը կարծես այլ մոտեցում է ցուցաբերում: Բանակցային գործընթացում խորը անկում է նկատվում, և ԱՄՆ-ը փորձում է ինչ-որ նոր մոտեցումներ հասկանալ՝ տեղից շարժելով գործընթացը, դա գուցեև արդյունքներ տա»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Ավելի մանրամասն՝ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս