«Կարող է իշխանությունները վաղը չէ մյուս օրը հայտարարեն, որ մտնում ենք որևէ պետության կազմի մեջ». Արմեն Մարտիրոսյան
168.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչն է պատճառը, որ այսօր Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների պարագայում, մասնավորապես` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պայմաններում, ընդդիմությունը ոչ մի նախաձեռնությամբ հանդես չի գալիս այդ խնդիրների դեմ պայքարելու համար:
– Դե, ընդդիմությունն առաձգական պարան չէ, որ ինչքան ասեք՝ ձգվի, ինքն ունի իր ռեսուրսները պայքարելու համար, այդ ռեսուրսները երբեմն վերջանում են, բացի դրանից՝ քաղաքացիների աջակցությամբ միայն կարելի է պայքարել: Հոսանքի հետ կապված, իհարկե, քայլեր կատարում ենք, բայց քանի որ կա քաղաքացիական նախաձեռնող խումբ, մեր աջակցությունն այդ խմբին ենք տալիս, այսինքն՝ օժանդակում ենք այդ ակցիաներին և այդ ձևով ենք պայքարում այդ երևույթի դեմ:
– Այսօր նաև Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունն է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անելու:
– Հաջողություն եմ մաղթում, շատ դրական եմ գնահատում որևէ քաղաքական ուժի, հասարակական խմբի պայքարն այդ ուղղությամբ: Այսօր տեղեկացանք, որ մի շարք գյուղերի բնակիչներ ևս սկսել են բարձրաձայնել, ու որքան շատ պայքարողներ լինեն՝ այնքան լավ:
– Հնարավոր չէ՞՝ Դուք էլ մասնակցեք «Ալյանսի» բողոքի ակցիային
– Դե, իրենց կուսակցության կազմակերպածն է, եթե միասին անցկացնելու խնդիր դրված լիներ ի սկզբանե, դա այլ հարց է, կքննարկեինք, բայց այս դեպքում միանշանակ կարող ենք հաջողություն մաղթել և ողջունել:
– Օրերս ընտրություններ տեղի ունեցան Արտաշատ և Աբովյան քաղաքներում, ինչո՞ւ ընդդիմությունը չէր մասնակցում այդ ընտրություններին:
– Հայաստանում արդեն երկար ժամանակ ընտրություններ չկան՝ որպես քաղաքական ինստիտուտ, կա ընտրությունների անվան տակ՝ նշանակման գործընթաց: Արդեն սարքեցին վաղ ֆեոդալական ժամանակների նշանակումների նման, որը, ըստ էության, արդեն կամաց-կամաց ժառանգաբար է անցնում:
Ընդդիմությունը չէր կարող ներգրավված լինել, որովհետև ընդդիմությունը կարող է միայն մասնակցել քաղաքական պրոցեսների, եթե չկա քաղաքական պրոցես, ընդդիմութունը չի կարող մասնակցել: Իսկ ՏԻՄ ընտրությունները վաղուց արդեն քաղաքական պրոցես չեն:
– Երբ մարտ ամսին «Ժառանգություն» կուսակցությունը գրեթե շաբաթը մեկ անգամ հավաք էր կազմակերպում Ազատության հրապարակում, Դուք ասացիք, որ մինչև ապրիլի 24-ը ոչինչ չեք անի, դրանից հետո կվերսկսեք այդ ամենը և կհստակեցնեք ձեր հետագա քայլերը, բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ:
– Մենք չենք ասել, որ կվերսկսենք հավաքները, այլ ասել ենք, որ ապրիլի 24-ից հետո կորոշենք մեր անելիքը:
– Ի՞նչն է փոխվել այս ընթացքում, որ «Ժառանգությունը» հիմա նման լռություն է պահպանում:
– Իմաստ չունի, եթե ես ու դու գնանք միայնակ հրապարակում կանգնենք, կարծում եմ՝ դրանից ոչ ոք չի շահի, ոչ էլ այդ հարցերը կլուծվեն:
– Բայց այն ժամանակ այդպես չէիք ասում, հավաքվում էիք Ազատության հրապարակում, վստահություն ունեիք, որ մարդիկ ավելի ու ավելի շատ կմիանան ձեզ, ի՞նչն է փոխվել այս ընթացքում:
– Մենք փորձում ենք պրոցես պահել, որպեսզի ժողովրդի հիասթափությունը շատ խորը չլինի, կարողանանք այդ պրոցեսը շարունակել, բայց միայնակ չստացվի, քանի որ ինչպես միշտ ենք ասել, միայն համախմբման դեպքում կարող ենք հաջողության հասնել: Համախմբվածություն չկար, «Ժառանգությունն» էլ ուղղակի ռեսուրսների սպառում էր իրականացնում, որն անընդհատ չի կարող լինել:
– Հնարավո՞ր է, որ արդեն գնում եք դեպի հերթական ընտրություններ և ոչ թե՝ արտահերթ:
– Հայաստանում հիմա ամեն ինչ էլ հնարավոր է, ոչ միայն հերթական ընտրություններ, այլև, կարող է իշխանությունները վաղը չէ մյուս օրը հայտարարեն, որ մտնում ենք որևէ պետության կազմի մեջ: