Բաց նամակ ՀՀ իշխանություններին
«168 Ժամի» խմբագրություն է դիմել 2-րդ կարգի հաշմանդամ, Երևան քաղաքի բնակիչ, սոցիալապես կարիքավոր 53-ամյա Կարեն Գևորգյանը: Նա բաց նամակով դիմում է Հայաստանի իշխանությունների «խիղճ ունեցող ներկայացուցչներին»` իրեն ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար.
«Ես` Կարեն Գևորգյանս, 2-րդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ լյարդի ցիռոզ, ստանում եմ 19 000 դրամ թոշակ, ես արդեն 7 ամիս հողին եմ հանձնել հորս, հիմա էլ մայրս ծանր հիվանդ է, տառապում է շաքարախտով, թոքերում ունի ուռուցքներ, թոքերում ջուր է հավաքվում, շատ է տանջվում, ճար չունեմ, որ ցավին դարման անեմ։ Նոր եմ հիվանդանոցից տուն բերել, փող չունեմ, որ նորից տանեմ հիվանդանոց։ Ես գրում եմ, որպեսզի մեր երկրի ղեկավարները կարդան և իմանան, թե որքան դժվար է 19000 դրամով ծանր հիվանդ պահել։ Իմ տան եղած-չեղածը ծախել եմ, որպեսզի հիվանդ մորս ծախսերը մի քիչ հոգամ, որ մի քանի ամիս ավելի ապրի։
Ես գրել եմ մեր երկրի ղեկավարներին, բայց ոչ մի անգամ պատասխան չեմ ստացել։ Ես Սովետի տարիներին շատ գումար ունեի բանկում, բայց ամբողջը կորավ։ Իմ ասածն այն է, որ չեմ կարողանոմ իմ հարցերը լուծեմ, չեմ կարողանում իմ հիվանդ մորս օգնեմ, բայց որ մեր բանկի փողերը լիներ, հիմա համ թոռս կապրեր, համ ծոռներս կապրեին։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ինքս էլ բուժումս կիսատ եմ թողել, որ զբաղվեմ մորս գործերով, ես ուզվորություն չեմ անում, ով ծնող ունի, ինձ ճիշտ կհասկանա, որ ծնող կորցնելը ինչ վատ բան է, հիմա ուզում եմ, որ մայրս մի քանի օր ավելի ապրի, իմ համար դա շատ մեծ բան է։
Ես մի բան կասեմ, ավելի լավ ա ես մեռնեմ, բայց մորս տանջվելը չտեսնեմ, ով որ սիրտ ունի` ինձ լավ կհասկանա։ Ես նորից եմ խնդրում, որ երկրի ղեկավարները կարդան իմ գրած` իրենց ուղղված նամակը և, եթե սիրտ ու հոգի ունեն, խիղճ ունեն, սրտացավ լինեն, կարեկցեն ինձ ու ֆինանսապես օգնեն, բայց ես հույս չունեմ, որ կօգնեն։ Տերովին տերն ա տարել, անտերին էլ գելը»։
Դիմող` Կարեն Գևորգյան 9 հունիսի, 2015թ.