«Հայաստանն այդքան խնդիրներ չէր ունենա, եթե ժամանակին Արևմուտքը մեզ «չհանձներ» Պուտինին»

Հարցազրույց Կիևում բնակվող հայ գեղանկարիչ, ակտիվիստ Բորիս Եղիազարյանի հետ

– Պարոն Եղիազարյան, օրերս կրկին լարվածություն է սկսվել Դոնեցկի մարզի Մարինկա բնակավայրի մոտ, որտեղ, ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, մարտեր են ընթանում։ Ի՞նչ վիճակում են այնտեղ բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները։

– Պաշտոնական տեղեկություններ ես չեմ կարող փոխանցել, քանի որ, կարծես, նման տեղեկություններ նույնիսկ չկան, որովհետև պատերազմական գոտիներ են։ Ես գիտեմ հայերի, որոնք բնակվելով ընդհարման գծին մոտ, եկել են Կիև, ապա վերադարձել Հայաստան։ Այսինքն` այն բնակավայրերից, որտեղ մարտեր են ընթանում, մարդիկ հեռանում են։ Միտումն այսպիսին է, քանի որ ընդհարման գծին մոտ բոլոր գյուղերը հերթով ավերվում են։

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ չի հաջողվում պահպանել մինսկյան պայմանավորվածությունները, երբ Արևմուտքը զուգահեռաբար Ռուսաստանին կարծես նոր պատժամիջոցներով է սպառնում, որը զսպիչ գործոն պետք է հանդիսանար Ռուսաստանի համար, որը սկսում է ընկղմվել ճգնաժամի մեջ։

– Ուկրաինական կողմն առաջինը երբեք չի կրակում, սա սկզբունքային հարց է Ուկրաինայի համար, որպեսզի Արևմուտքի բարյացակամությունն ունենա։ Բայց երբ հակառակորդ կողմը սկսում է ողջ գիշեր գնդակոծել, ապա լինում է պատասխան։ Լուգանսկում «Դոնսկիե կազակի» խումբ կա, որը հայտարարել է իրեն ինքնիշխան հանրապետություն, որը չի ենթարկվում ԼԺՀ-ին, ԴԺՀ-ին, այդ խումբն էլ իրեն է հայտարարել հանրապետություն, մի տարածաշրջան է գրավել և այդպես հռչակվել։ Այսինքն` այնտեղ անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել, քանի որ ռուսական կողմը զինել է նաև հանցագործների, որոնք բոլորովին վերահսկողությունից դուրս են։

ՌԴ-ն ինչպես զինել է, այնպես էլ պետք է զինաթափի, թեև հանցագործներին ուկրաինական բանակը կարող է դիմադրել, ավելի բարդ է, երբ գործի են անցնում ռուսական զորամիավորումները։ Պուտինի նպատակն է, խնդիրն է, եթե չկարողացավ պատերազմում հաղթանակել Մարիումպոլով Ղրիմ ճանապարհ բացել, գոնե լարված պահել իրավիճակը, թեև ուկրաինական բանակը կազմակերպվել է, կարգավորվել է, ՆԱՏՕ-ի ինստրուկտորներն այստեղ բավական լայն վարժանքներ են իրականացնում, ուկրաինական բանակի հետ հեշտ չի հաշվեհարդար տեսնելը, շատ դժվար է, բայց այնքան զենք է լցվել Դոնեցկ և Լուգանսկ, որ անընդհատ կրակոցներ են, տնտեսական մեծ վնաս Ուկրաինայի համար։

– Երկու տարին կբոլորի, ինչ իրավիճակն Ուկրաինայում լարված է, կան լարվածության այլ օջախներ ևս հետսովետական գոտում, ինչպիսին ԼՂ հակամարտությունն է, որոնցում իր դերակատարությունն ունի ռուսական կողմը։ Այս տաք օջախները Արևմուտքի թուլության հետևանքը չե՞ն արդյոք։

– Իհարկե, Արևմուտքը թուլություն և դանդաղկոտություն է դրսևորում։ Հայաստանի դեպքում այդքան խնդիրներ չէին լինի, եթե ժամանակին Արևմուտքը մեզ չհանձներ Պուտինին։ Արևմուտքն ասում էր, թե հայերը վրացիների նման հետաքրքրված չեն եղել ԵՄ ինտեգրմամբ, բայց ամեն դեպքում հայկական խնդիրներում Արևմուտքի աջակցությունը չենք ունեցել։ Հայաստանը չի կարողացել վստահել Արևմուտքին։ Ուստի կարծում եմ, որ Ուկրաինայի հարցում ևս խնդիրն այն է, որ դանդաղկոտ են, ամեն ինչ անում են ուշացած։ Բայց, թերևս, պետք է ասել, որ Արևմուտքի քայլերը Ռուսաստանի նկատմամբ արդյունքներ են տալիս։

Միևնույն է, Մինսկի պայմանավորվածությունները չեն հարգվում, բայց նախկին պատերազմը չէ, տեմպերն այլ են։ Նման իրավիճակը, երբ կա ամենօրյա լարվածություն, ձեռնտու է Ռուսաստանին։ Ամեն օր Ուկրաինան միլիոնավոր դոլարների վնաս է կրում։ Մեծ յոթնյակը նոր պատժամիջոցներով է սպառնում Ռուսաստանին, այսինքն` Ռուսաստանը բարդ վիճակում է։ Սակայն Ռուսաստանը չի փոխում իր քայլերի տրամաբանությունը, բայց տարբերություն կա։ Մեկ տարի առաջ, եթե Արևմուտքը հույս ուներ, որ Ռուսաստանը գուցե փոխի իր քաղաքականությունը, հիմա հասկացել է, որ Ռուսաստանը չի փոխելու իր քաղաքականությունը, շարունակելու է, և հայտնի է, թե ինչ։ Ուստի Արևմուտքի և Ուկրաինայի գործողություններն ամբողջությամբ համաձայնեցված են։

– Այնուամենայնիվ, Արևմուտքը դասեր չի քաղում հակամարտություններից։

– Իմ համոզմամբ` շատ լավ դասեր է քաղում Արևմուտքը, որովհետև ՆԱՏՕ-ն շատ ակտիվ գործունեություն է սկսել` ողջ Եվրոպայում վերանայելով անվտանգության համակարգերը, նոր մեծ գործընթաց է սկսվել։ Այսինքն` ՆԱՏՕ-ն պատրաստվում է դիմակայության, ոչ թե սպառնում է, այլ պատրաստվում է հնարավոր մարտահրավերների, իսկ դա նշանակում է, որ կա վտանգի զգացողություն։

– Այդ դեպքում կարգավորման բանալին ո՞ւմ ձեռքում է։

– Եթե նախկինում մտածում էին, որ այս հարցի կարգավորումը կախված է Պուտինից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից, հիմա որոշել են առանց Պուտինի կարգավորել ուկրաինական ճգնաժամը։ Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցին, ապա Արևմուտքի ուշադրությունն այս պահին սևեռված է Ուկրաինայի, Սիրիայի, Իրանի վրա, բայց Ղարաբաղի հարցը ևս անտեսված չէ։ Եվրոպացի դիվանագետների հետ իմ զրույցներից հասկացել եմ, որ Հայաստանը չեն թողնելու, նրանք տարբերակում են Ղարաբաղի հարցը Ղրիմի հարցից, ափսոսում են, որ Հայաստանը նմանեցրեց Ղրիմն ու Ղարաբաղը։ Նրանք մտածում են, որ Ռուսաստանի թուլանալուն զուգահեռ` Ուկրաինան կամրանա, ինչը հնարավորություն կտա հետսովետական հանրապետություններին` պոկվել ռուսական ազդեցությունից։

Տեսանյութեր

Լրահոս