Ինչն էր ողբերգական ավտովթարի պատճառը

Հունիսի 6-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 10-րդ կիլոմետրում ավտովթարի արդյունքում 7 երիտասարդ էր մահացել: «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, ընթանալով դեպի Ստեփանավան քաղաք, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառին և այրվել: Վթարի հետևանքով մահացել են Տաշիր քաղաքի բնակիչներ Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գևորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը: Դեպքի վայրում՝ չհասած այրված ավտոմեքենային՝ ճանապարհի կենտրոնական մասում հայտնաբերվել է սատկած գորշուկ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, կարծիք հայտնելով տեղի ունեցածի մասին, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունը գազի բալոնների և գազի սարքավորումների տեղադրման վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրական բազա չունի:

«Ամբողջ աշխարհում զարգացած պետությունները միացել են ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերին, E/ECE թիվ 110, 115 միջազգային պայմանագրերին: Համապատասխանաբար առաջինը կարգավորում է գազի բալոնների և դրա ագրեգատների ստանդարտները, մյուսը՝ գազի բալոնների և դրա ագրեգատների տեղադրումը: Եթե անգամ հրդեհի պատճառ հանդիսանար ոչ ճիշտ գազի բալոնի կամ դրա ագրեգատների տեղադրումը, ապա միևնույն է՝ ոչ մի հետևանք չէր կարող առաջացնել, քանի որ դրա վերաբերյալ մենք չունենք ոչ մի իրավական նորմ: Ինչպես ասացի, դա կարգավորվում է միջազգային նորմերով՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված վերը նշված կանոնակարգերով»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Անդրադառնալով հունիսի 6-ին տեղի ունեցած ավտովթարի դեպքին՝ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց.

Կարդացեք նաև

Nikolay Baghdasaryan and Marie Laure Dosé44«Այս գործով ամենաշատ հավանականն այն է, որ վթարի պատճառ է հանդիսացել այն, որ բախում է տեղի ունեցել ծառին, ծառին բախման արդյունքում գազի ռեդուկտորը՝ կարգավորիչը, կոտրվել է, այն կարգավորում է գազի հոսքը դեպի շարժիչ, այն կոտրվել է, գազի արտահոսք է եղել, որի արդյունքում հպվել է ինչ-որ կրակի, և ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է»։ Նա նշեց, որ կարգավորված չէ, թե ինչ գազի բալոններ, ինչ ագրեգատներ է թույլատրվում տեղադրել: «Վերջերս սեմինարի էինք մասնակցում, որտեղ ներկայացվեց, որ Ուզբեկստանում որոշակի արտասահմանյան ագրեգատներ են ներկրել, տեղադրել ավտոմեքենաների վրա, և դրանք չէին համապատասխանում ատանդատներին և վթարների պատճառ էին հանդիսանում: Ի դեպ, ասեմ, որ նույն այդ միջոցառման ժամանակ ներկայացվեց, որ Հայաստանի արտադրած գազի բալոնները համապատասխանում էին ստանդարտներին:

Բայց հիմա տեսականորեն ընդունենք՝ տեղադրվել է ստանդարտներին չհամապատասխանող գազի բալոն կամ ագրեգատներ, կամ տեղադրումը ոչ ճիշտ է եղել: Մենք չունենք ընդունված ոչ մի իրավական նորմ, որի համաձայն, ասենք, այս նորմին անհամապատասխան եք տեղադրել, որի արդյունքում էլ պատասխանատվություն առաջանա: Մենք չունենք ոչ մի իրավական ակտ: Այդ իրավական ակտերը կարգավորում են, թե ինչպես պետք է տեղադրվեն: Այսինքն՝ եթե անգամ պարզվեց, որ գազալցակայաններում սխալ են աշխատում, այդ պայթյուններն առաջացել են միջազգային ստանդարտներին անհամապատասխան տեղադրված սարքավորումների արդյունքում, ոչ մի բան չես կարող անել, որովհետև մենք այդ միջազգային պայմանագրերին չենք միացել: Անգամ չունենք նման փորձագիտական կենտրոն, որը պատասխանի այդ հարցերին՝ արդյոք ճի՞շտ են տեղադրված սարքավորումները, թե՞ ոչ»:

Aqilles«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ դժվար է կարծիք հայտնել վթարի պատճառների մասին. բացի լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններից՝ ելակետային տվյալներ չունեն: Միևնույն ժամանակ նա նշեց, որ քննիչները գիտեն, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկել տեղի ունեցածի պատճառները պարզելու համար. «Սկսած տեղազննությունից՝ վթարի տեղանքի մանրակրկիտ ուսումնասիրություն: Մնացածը գործը փորձագետներինն է»:

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, նշանակվել են փորձաքննություններ: Լրատվամիջոցներում ամենաշատը քննարկվող վարկածներից մեկն այն է, որ մեքենայի առջև կենդանի է հայտնվել, վարորդը փորձել է ուղղությունը շեղել, և դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել է ծառին և այրվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս