«Հայաստանը կտրուկ կերպով պետք է կասեցնի Ադրբեջանի առաջարկը». Ստյոպա Սաֆարյան
«ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ընդլայնումը դեմ է ՀՀ շահերին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով ՀՀ-ում Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի մամլո ասուլիսին: Ի դեպ, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը տարածաշրջանային այցի շրջանակում եղավ նաև Հայաստանում:
Երևանում սերբ պաշտոնյան իր երևանցի գործընկերոջ հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում բացահայտեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի նոր առաջարկը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանն առաջարկում է ավելացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվը: Նրա կարծիքով` սա ամենևին էլ նոր առաջարկ չէ, սակայն այս առաջարկը ընդունելու համար կոսենսուսով կայացված որոշման կարիք կա, որը կընդունվի մասնակից բոլոր երկրների կողմից:
«Միգուցե այս հարցը ուսումնասիրենք ապագայում, բայց, կարծում եմ, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել: Եթե որևէ կողմ գոհ չէ աշխատանքի արդյունքներից, այնուամենայնիվ սա միակ ձևաչափն է, որի շրջանակում տարաբնույթ բանակցություններ են ընթանում, երկխոսություն է տեղի ունենում, և սա պետք է պահպանվի»,- ասել է եվրոպացի դիվանագետը:
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետապնդած նպատակներից մեկը ՄԽ վերաձևափոխումն է: Ըստ նրա` անցյալ տարի դա փորձում էին անել ապակայունացման ճանապարհով և ԵԱՀԿ կամ միջազգային կառույցների շրջանակներում նոր ձևաչափ ձևավորելու փորձերով, ուստի պատահական չէ, որ Բաքվի և Անկարայի գնահատականները ՄԽ գործունեության վերաբերյալ բացարձակապես նույնական են:
«Անցած տարի, եթե հիշում եք, ամռանը, Թուրքիայի Միլի մեջլիսի խոսնակը բացահայտ հայտարարեց, որ ՄԽ-ի միայն անունը կա, ոչ մի գործ չի արվում, արված գործն էլ արդյունք չի տալիս: Ադրբեջանի քննադատություններին կարելի է նույնիսկ չանդրադառնալ, դրանք բազմաթիվ անգամներ անցյալ տարիների ընթացքում ակնհայտ են եղել Իլհամ Ալիևի, Էլմար Մամեդյարովի ելույթներում հիասթափությունների տեսքով և նույնիսկ կար մի շրջան, որ Բաքուն, հասկանալով, որ Թուրքիայի ներգրավվածությունը խնդրահարույց է և Թուրքիան քիչ հնարավորություններ ունի, փորձ արեց առաջին պլան մղել Գերմանիային և դա անում էր, հաշվի առնելով այն, որ ԵՄ-ում կան քննարկումներ, թե ինչու Ֆրանսիային չփոխարինել ԵՄ մանդատով:
Ճիշտ է՝ Ֆրանսիան ներկայացնում է ԵՄ-ն, բայց այնուամենայնիվ ԵՄ-ում կային դժգոհություններ, նույնիսկ առաջարկներ ռոտացիոն սկզբունքով երկրների փոխատեղման վերաբերյալ: Ադրբեջանը փորձում էր պարզապես գոնե փոփոխության օրակարգը լեգիտիմ դարձնել, որից հետո արդեն Թուրքիայի ներգրավվածության մասին խոսելը տեխնիկական բնույթի հարց էր դառնում»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը: Իրականում, վերջինիս գնահատմամբ, բացարձակապես աննպատակահարմար գործընթաց է դա, որովհետև խնդիրն ամենևին ՄԽ դաշտում չէ:
Սաֆարյանի հիշեցմամբ` ի վերջո, ռազմավարություն է ընտրվել, որ ՄԽ-ն չպետք է կողմերին պարտադրի կարգավորում, ինչն արդարացի մոտեցում է, կայուն լուծում ունենալու տեսանկյունից: «Պետք է փաստենք, որ հակամարտության համառության հարցում թերևս Ադրբեջանը բոլոր ռեկորդներն է սահմանել և այստեղ խնդիրը բուն Ադրբեջանի և Ադրբեջանի իշխանության մեջ է, հետևաբար սա պարզապես հակամարտության կարգավորման հարցում հնարամտություն է և փորձ է արվում պարզապես ժամանակ ձգել, վերաֆորմատավորել, թաքցնելով հակամարտության չկարգավորման իրական պատճառը:
Իսկ չկարգավորման թիվ մեկ խոչընդոտը տարիներ շարունակ Ադրբեջանն է, ով մերժում է բոլոր առաջարկները, հետևաբար բացարձակապես կառուցողական առաջարկ չէ և հայկական կողմը պետք է կտրուկ կասեցնի այդ առաջարկը»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: