«Սա լուծում չէ, լուծումը կառավարչին փոխելն է». Բաբկեն Պիպոյանը պահանջում է Ռոբերտ Նազարյանի հրաժարականը
«Ունենք խնդիր, և բոլորս գիտակցում ենք, բայց խնդրի դեմ չեն պայքարում՝ խնդիրը խորացնելով, այսինքն՝ մենք ունենք էլեկտրացանցերի կառավարիչ, որն ուղղակի ձախողում է ոլորտը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նա նկատեց, որ երբ անցյալ տարի Էլեկտրական ցանցերը հայտ էին ներկայացրել թանկացման, և ունեցանք 11% թանկացում, ներկայացվում էր հիմնավորում, որ այսուհետ թանկացում չի լինի, և սա արվում է նրա համար, որպեսզի բաշխիչ ցանցերն իրենց պարտքերի հարցը լուծեն: Նա նշեց, որ իրենք այն ժամանակ էլ էին ասում, որ, եթե պարտքերը կուտակվել են, ապա դա սխալ կառավարման հետևանքով է:
«Երբ մի տարի ծիրանի բերք չկար, գյուղացիներից մեկն ասաց՝ քաղաքացին ու գյուղացին ծիրանին տարբեր աչքերով են նայում, դուք ուզում եք՝ ծիրանն էժան լինի՝ շատ ուտեք, մենք ուզում ենք՝ թանկ ծախենք: Երբ մի տոննա բերք է լինում, տանում ենք հանձնելու՝ չարչարվում ենք, մեջքներս ջարդում ենք, 100 դրամով ծախում ենք, լինում է 100 հազար դրամ, իսկ երբ բերքը քիչ է լինում, 150 կիլոգրամ ենք հանձնում, քիչ ենք չարչարվում, կիլոն հազար դրամով ենք հանձնում, ունենում ենք 150 հազար դրամ: Մեր էլեկտրական ցանցերը կարծես այդ աբսուրդային քաղաքականությունն են վարում՝ գիտակցելով, որ թանկացումը բերելու է սպառման ծավալների նվազման՝ մարդիկ պլանավորում են ունենալ ավելի շատ շահույթ»,- ասաց Բ. Պիպոյանը:
Նրա խոսքով՝ երբ պայմանագիր է կնքվում, կողմերն ունենում են պարտավորություն, որը պետք է կատարեն. «Եվ եթե այսօր մենք (պետությունը) շահագրգիռ ենք, որ թանկացում չունենանք, պետք է հասկանանք՝ էլեկտրական ցանցերն իրենց պարտավորությունները կատարե՞լ են, թե՞ ոչ: Էլեկտրական ցանցերը ձախողում են կառավարումը, եթե հիմա էլ թանկացում ունենաք, մի 2 տարի հետո էլի է լինելու թանկացում»:
Բանախոսը կարծում է՝ միայն այն հայտարարությունը, որ գնաճն անխուսափելի է, արդեն ցույց է տալիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դիրքորոշումը. «Որևէ մտահոգություն չունեն, անգամ դեմքների միմիկաներին նայելով՝ կարող ենք դա ասել: Ենթադրենք՝ հիմա պայքարեցինք՝ չթանկացավ, սա լուծում չէ, կամայական խնդիրը պետք է ունենա լուծում, իսկ լուծումը հետևյալն է՝ պետք է կառավարչին փոխել»:
Ըստ Բ. Պիպոյանի՝ պետք է լինի հանրային մոբիլիզացիա, և պահանջները պետք է հստակ դրվեն: Նա կարծում է նաև, որ այդ պայքարին պետք է ներգրավել բոլոր քաղաքական ուժերին, բայց շարժումը պետք է լինի ապաքաղաքական. «Պայքարը ժողովրդինն է, քաղաքացունն է, առանց քաղաքացիների միախմբման՝ նման խնդիրները չեն լուծվում: Մենք գիտենք, որ մենք չենք ցանկանում վճարել, չենք կարող վճարել, ու դա տանելու է շղթայական թանկացումների: Պետք է այնպիսի ցույց անել, որ որևէ քաղաքական ուժ չի կարող այդպես անել, քանի որ մենք պայքարում ենք մեզ համար, որովհետև մենք չենք կարող դա վճարել»: